20 երկրների լոնդոնյան համաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը աներկբա հայտարարեց, որ քանի դեռ Վրաստանում իշխում է Միխեիլ Սաակաշվիլին, ապա ոչ մի երկխոսություն երկու պետությունների միջեւ չի կարող տեղի ունենալ: Իրենց ալերգիան վրաց պետության ներկա ղեկավարի նկատմամբ սկզբունքորեն չեն թաքցրել ո՛չ Մեդվեդեւը, ո՛չ էլ, առավել եւս, Պուտինը:
Իր հակառուսական մոլուցքը շատ ավելի շռայլորեն է դրսեւորում Սաակաշվիլին: Տարբերությունն այն է, որ առաջիններն արտահայտվում են առանցքային հարցերում, երկրորդը` երբ պատահի, անկախ առիթի լրջությունից: Օրինակ, Սաակաշվիլին, տոգորված Վրաստանի անվան ռուսական տառադարձությունն անգամ չլսելու անողոք տենչով, պահանջում է օգտագործել միայն նրա միջազգային անունը` Ջորջիա: Իսկ վերջերս նա, հերթական անգամ ցուցադրելով իր քամահրանքը Ռուսաստանի հանդեպ, հայտարարեց, որ այդ երկիր կատարվող Վրաստանի արտահանության գլխավոր հոդվածներից մեկը... «օրենքով գողերն» են, որոնք բնավորվելով այնտեղ` կազմում են երկրի քրեական աշխարհի 90 տոկոսը:
Որ վրացի «օրենքով գողերի» գերակշիռ մասը իրոք ապրում եւ հանցավոր գործունեությամբ է զբաղվում Ռուսաստանում, գաղտնիք չէ նաեւ ռուսների համար: Ըստ իրավապահ մարմինների տվյալների, հաշվառման վերցված 1200 «օրենքով գողերի» 60 տոկոսը վրացիներ են, որոնք, իսկապես, ազդեցիկ են տեղի քրեաշխարհում: Ժամանակ առ ժամանակ (վերջին շրջանում` ռուս-վրացական հարաբերությունների սրմանը «համընթաց») ռուս միլիցիոներները շուրջկալներ են կազմակերպում կամ արտաքսում են առավել կոլորիտային պարագլուխներին, սակայն դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում:
Գուցե Սաակաշվիլին տեղ ունի հպարտանալու, որ ինքը, պատերազմ հայտարարելով այդ սեփական քրեական «ընտրախավի» դեմ, հաջողության է հասել դրանց մեկուսացնելու կամ երկրից վտարելու գործում: Բայց հազիվ թե պատեհ է այս պարագան, այսպես ասած, շառաչուն ապտակ դարձնել երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում:
Բուն Վրաստանում «օրենքով գողերի» ազդեցությունը թուլացնելու գործոնը Սաակաշվիլին դիտում է որպես կարեւոր առաջընթաց Եվրոմիությանն անդամագրվելու ճանապարհին: Վերջերս հանրակցության անդամ դարձած որոշ երկրներում, ինքնագոհությամբ վկայակոչում է նա, հանցագործության մակարդակը 6-7 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում: Հնարավոր է: Բայց գողերի «հայրենալքության» իրողությունը տվել է նաեւ հակադիր բարոյական (եւ ոչ միայն) արձագանքը: Վրացի հանցագործները ցրվել են Եվրոպայով մեկ եւ բավականին մասշտաբային ապօրինի գործունեություն են ծավալել մայր ցամաքի շատ երկրներում: Համենայն դեպս մոսկովյան թերթերից մեկի այն հարցին, թե ո՞ր մաֆիան է ներկայումս առավել մեծ սպառնալիք ներկայացնում Եվրոպայի համար, ֆրանսիացի ճանաչված գրող, միջազգային կազմակերպված հանցավորության խնդիրների մասնագետ Ժերոմ Պիեռան պատասխանել է, որ ոստիկանական վարկանիշներով առաջին տեղն են դուրս եկել վրացիները:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա