«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ՄԱՏՆՎԱԾ ԵՆ ՊԱՐԱՊՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱՆԱԿ ԶԲԱՂՎԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ

Հադրութում տեղի ունեցած կառավարության հերթական արտագնա նիստում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը լուրջ բացթողում է համարել համայնքապետների եւ տեղի բնակչության միջեւ ամենօրյա գործնական կապի բացակայությունը: Վարչապետի բնութագրմամբ, երեւույթը բնորոշ է նաեւ հանրապետության մյուս շրջաններին, ինչն անթույլատրելի է: Անընդունելի է, օրինակ, որ համայնքապետների մեծ մասը փորձում է տեղական նշանակության հարցերը լուծել պետության միջոցով, մինչդեռ տեղական նշանակության խնդիրները պետք է լուծել հենց սեփական հնարավորություններով:

Շեշտելով կառավարության պատրաստակամությունը օժանդակության հարցերում, գործադիրի ղեկավարը ցավ է հայտնել, որ գյուղաբնակների զգալի մասը պարապության է մատնված, փոխանակ զբաղվի գյուղատնտեսությամբ: «Պետությունը գյուղերում կեղծ աշխատատեղեր չի ստեղծելու», հայտարարել է վարչապետը:

Անդրադառնալով կրթական խնդիրներին, Արա Հարությունյանը նկատել է տվել, որ նախաձեռնված բարեփոխումները միտված են երկրի ընդհանուր զարգացմանն ու չեն սպասարկում առանձին խավերի շահերը: Ըստ վարչապետի, պետք է ունենալ այնպիսի կրթական համակարգ, որը նոր սերնդին տա որակյալ ուսում եւ բեռ չլինի պետության համար:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հադրության նիստում ընդգծվել է շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը: Վարչապետը նախազգուշացրել է` կարգազանցները անպայման պատժվելու են:

Շրջանում իրականացվող ցածրորակ հողագործության պատճառը Արա Հարությունյանը բացատրել է համայնքապետների անբավարար աշխատանքով, մատնանշելով, որ բնակչության հետ չի տարվում անհրաժեշտ բացատրական աշխատանք, թերանում են նաեւ գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուներն ու մասնագետները:

Հիմնախնդիրների ընդգծվածության շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավասու անձանց ու կառույցներին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4