«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ` ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 1980-ի հոկտեմբերի 31-ից հետո ծնված եւ մինչեւ 2009-ի գարնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների զգալի թվի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու մինչեւ 2009-ի մայիսի 1-ը, քանի որ նշված քաղաքացիները 27 տարին լրանալու պատճառով ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ օրենքով սահմանել այն քաղաքացիների շրջանակը, որոնց նկատմամբ չեն տարածվում օրենքի դրույթները: Օրենքի կիրառման ընթացքում պարզվել է, որ օրենքում չկա կառավարության որոշմամբ նախատեսված այն դրույթը, ըստ որի` այլ պետություններում գտնվող քաղաքացիների դիմումի եւ փաստաթղթերի տրման, վճարումների կատարման, պահեստազորում հաշվառվելու արդյունքում զինկոմիսարիատից զինվորական գրքույկի ստացման ժամանակ իրավական բնույթի խոչընդոտներ չառաջանալու համար նախատեսվում է քաղաքացու գործի քննարկումը լիազորված անձի միջոցով: Առաջարկվում է օրինագծում ներառել այս դրույթը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արթուր Աղաբեկյանը: Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը պատգամավորների առաջարկների հիման վրա կբարելավվի:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4