ՀԴՄ-ների չշահած կտրոնների համար բոնուսներ տրամադրելու մասին երեկ կառավարության ընդունած որոշումը լրագրողներին ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա հայտնեց, որ խոսքը եռամսյակում հավաքված որոշակի քանակությամբ կտրոնների եւ դրանց արժեքի դիմաց քաղաքացուն տրվող գումարի մասին է: Մասնավորապես, երեք ամիսների ընթացքում, սկսած ընթացիկ ամսվանից, 50 կտրոն 100 հազար դրամի ընդհանուր արժեքով հավաքած անձինք կստանան 2500 դրամ: Ըստ կտրոնների քանակի եւ դրանց արժեքի, համապատասխան սանդղակ է գործելու, որի առավելագույնը լինելու է 1000 կտրոնըՙ 6 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի համար սպառողը կարող է ստանալ 200 հազար դրամ: Այս նոր կարգը, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի համոզմամբ, խրախուսում է մարդկանց ավելի ակտիվ լինել ՀԴՄ-ի կտրոնը պահանջելու եւ հետեւելու նրա վրա գրված արժեքին: Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ վիճակահանությունները շարունակվելու են, եւ այս որոշումը չշահած կտրոնների համար է:
Խոսելով վիճակահանության մասին, պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը հայտնեց, որ հունվար ամսին շահել է 1700 մարդ, փետրվարին` 1200, իսկ մարտին շահողներից այս ամիս արդեն գումար ստանալու համար դիմել է 730 մարդ: Վերադառնալով նոր կարգին, Արմեն Ալավերդյանը հույս հայտնեց, որ այս նոր խթանի շնորհիվ, ամենահամեստ հաշվարկներով, կրկնակի կբարձրանան մանրածախ առեւտրում երեւացող շրջանառության ծավալները:
«Ազգի» հարցին, թե գումարները ստանալու համար հարկային ստորաբաժանումներում մեծ հերթերից ինչպե՞ս ենք խուսափելու, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ մինչեւ հուլիս ամիսը, երբ մարդիկ կբերեն իրենց կտրոններըՙ գումարն ստանալու համար, կստեղծվեն համապատասխան մեխանիզմներ: Նա տեղեկացրեց, որ հարկային համակարգի 70 աշխատակիցներ բավարար կլինեն այդ դաշտը սպասարկելու համար, նրանցից յուրաքանչյուրը 12-13 վայրկյանում կկարողանա հաշվել 50 կտրոն: Հետագայում, հարկայինի ներկայացրած միջնորդագրի հիման վրա, գումարները հնարավոր կլինի ստանալ բանկերից:
Մեր մյուս հարցն այն էր, թե նպատակահարմար չէ՞ր լինի բոնուսային գումար սահմանել կտրոնների ընդհանուր արժեքի ոչ թե 2,5 տոկոսը, այլ 5 տոկոսը, ինչը կբարձրացնի այս կարգի արդյունավետությունը (այս առաջարկն արել էինք «Ազգի» ապրիլի 3-ին հրապարակված «Հավաքած ՀԴՄ-ների կտրոնների դիմաց պարգեւավճար կստանանք» հոդվածում): Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ հաշվարկներ կատարվել են ե՛ւ 2,5 տոկոսի, ե՛ւ 5 տոկոսի համար ու հնարավորություններ կան վիճակախաղի չշահած գումարների հաշվին 2,5 տոկոս սահմանելու:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ