«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎԱՅՐ Է ԴՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն «Ազգին» տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունների կազմից. այդ մասին հենց երեկ խմբակցության ղեկավարը գրություններ է ուղարկել Ազգային ժողովի համապատասխան բաժիններ եւ ԱԺ նախագահին: Այդ քայլն, ըստ խմբակցության քարտուղարի եւ այլ ժառանգականների` համահունչ է անցած տարի հունիսին Ր. Հովհաննիսյանի արած այն հայտարարությանը, թե հրաժարվելու է մասնակցել ԵԽԽՎ լիագումար նիստերին, եւ ընդհանրապես Ր. Հովհաննիսյանի այս կեցվածքը վերջին զարգացումներին համարժեք է: Պարոն Հովհաննիսյանը, որ դժգոհ էր քրեական օրենսգրքի արդեն փոխված հոդվածների կիրառումից, ըստ որի նա սպասում էր, թե պետք է չեղյալ հայտարարվեր այդ հոդվածների հիման վրա իր գործընկեր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, մամուլում երեկ ասել էր, թե այդ պարագայում իր համար ակնհայտ է` թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ Եվրոպայի խորհուրդը ոչ միայն պահմտոցի են խաղում, այլեւ` մեղսակցության խաղ, որտեղ տուժում է ՀՀ շարքային քաղաքացին, ուստի եւ Եվրոպայի սիրած-փայփայած քաղաքացիական հասարակությունը»:

Ըստ «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի` այս քայլը չի նշանակում, որ Ր. Հովհաննիսյանը հեռանում է քաղաքականությունից, պարզապես սա դասական կուսակցության գործելակերպ է, որի ղեկավարները փոխարինելի են:

ԵԽԽՎ-ում Րաֆֆի Հովհաննիսյանին կփոխարինի Զարուհի Փոստանջյանը, իսկ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում` Ստեփան Սաֆարյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4