«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՙ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստը բացեց հակաճգնաժամային միջոցառումների մշակմամբ զբաղվող օպերատիվ շտաբիՙ երկուշաբթի օրվանից հայտարարվող մրցույթի մասին տեղեկատվությամբ: Նա նախ նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներն առաջին հերթին զգացել են հենց մեր կառուցապատողները, որ օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ նվազել են շինարարության ոլորտում, ինչը բացասաբար է անդրադարձել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշների վրա: Այդ ամենը նկատի ունենալով եւ շինարարության ծավալները խթանելու նպատակով, որոշվել է կառուցապատողներին տրամադրել պետական երաշխիքներ, որոնք առաջին փուլում կկազմեն մինչեւ 20 մլրդ դրամ:

Պետական երաշխիքներն, ըստ Տիգրան Սարգսյանի, հնարավորություն կտան կառուցապատողներին վարկային միջոցներ ներգրավելու առեւտրային բանկերից: «Այսօր առեւտրային բանկերում լիկվիդայնության մակարդակը չափազանց բարձր է, նրանք ունեն կուտակած ռեսուրսներ եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները, ռիսկայնության գնահատումն է: Հասկանալի է, որ պետությունը չի կարող այս պահին չմիջամտել եւ չվերցնել իր վրա որոշակի ռիսկեր, նպատակ ունենալով աշխուժացնել տնտեսությունը», ընդգծեց վարչապետը:

Նշվեց նաեւ, որ կառավարությունում եղել են նախնական քննարկումներ կառուցապատողների, Կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի հետ եւ առաջարկված կանոններն ու պայմանները ընդունելի են եղել բոլոր կողմերի համար: Պետական երաշխիքներն առաջին հերթին տրվելու են այն անավարտ շինարարական օբյեկտներին, որոնց պատրաստվածության աստիճանը հասնում է մինչեւ 75 տոկոսի, որպեսզի հնարավորինս շուտ պատրաստի բնակարաններ կառուցվեն եւ վաճառվեն:

Բացի վերոնշյալից, Տիգրան Սարգսյանը հայտնեց Կենտրոնական բանկի կողմից հիպոթեկային հիմնադրամի ստեղծման մասին: Նա նշեց, որ հիմնադրամի ստեղծման նպատակն է խթանել երկրորդային շուկայի զարգացումը եւ դրա միջոցով ավելացնել վճարունակ պահանջարկը: «Այսինքն` մեր այս հակաճգնաժամային միջոցառումը ներառում է երկու ուղղություններ` ե՛ւ առաջարկի, ե՛ւ պահանջարկի խթանման միջոցով մենք նպատակ ունենք տեղից շարժել շինարարությունը եւ, բնականաբար, դա իր դրական ազդեցությունն է թողնելու ընդհանուր տնտեսական մթնոլորտի վրա, խթանելու է ներդրումների ավելացումը մասնավոր հատվածում», ասաց վարչապետը, ավելացնելով, որ 20 միլիարդանոց փաթեթն արագորեն իրացնելու եւ ռիսկայնության մակարդակը գնահատելու դեպքում չի բացառվում պետական երաշխիքների ծավալների ավելացումը եւս 20 մլրդ դրամով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4