Նախանշված ժամին de facto մամուլի ակումբում հավաքված լրագրողները սպասում էին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին: Սակայն տիկին Նանյանի փոխարեն լրագրողների հետ հանդիպեց փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը: Ասուլիս որպես այդպիսին չստացվեց, որովհետեւ փոխմարզպետը որեւէ հարցի պատասխանելով չբավարարեց լրագրողներին: Ի՞նչ ճակատագիր է սպասում Վարդաքար գյուղի դպրոցի 120 աշակերտներին (դպրոցը դեռեւս 80-ականներից համարվել էր 4-րդ կարգի վթարային շենք, սակայն որեւէ կերպ չի լուծվում կրթօջախի հարցը), կամ ի՞նչն է պատճառը, որ մարզում գրանցվում է ամենացածր հարկահավաքության մակարդակ, Պետրոսյանը լիարժեք չպատասխանեց. որոշ դեպքերում էլ հավելեց, թե նյութին չի տիրապետում: Այնուհետեւ փոխմարզպետն անդրադարձավ Գյումրիում ընթացող բնակարանաշինական աշխատանքներին: Այդ ոլորտում վերջերս հայտարարվել էր 2 մրցույթ եւ Գյումրիում շահել էր «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունը: Համաձայն մրցույթի ծրագրի, նախատեսված է Գյումրի քաղաքի Անի եւ Մուշ թաղամասերում 2300 բնակարան կառուցել: 182 բնակարան կկառուցվի Ախուրյան գյուղում: Ապրիլի 1-ին շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին: Փոխմարզպետի տվյալներովՙ փորված են 8-10 բնակարանի հիմքեր եւ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ բետոնալցման համար:
Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերինՙ Պետրոսյանը նկատեց, որ Անգլիայի կառավարության հովանավորությամբ ընթացող ծրագիրն իրականացվել է երկու մարզում` Տավուշում եւ Գեղարքունիքում: «Մարզային զարգացման ծրագիրը բավականին հետաքրքրական է: Ծրագրի մեջ փորձ է արվում ներառելու հասարակության լայն խավերին: Մարզային զարգացման ծրագիրը ներառելու է բոլոր այն իրագործելի, տեսանելի ծրագրերը, որոնք հնարավոր է իրականացնել», նշեց փոխմարզպետը:
Հ. Հ.