«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2009-04-09 | #64, 2009-04-10 | #65, 2009-04-11


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼՈՒ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ իր պաշտոնավարման մեկամյակի առիթով կայացած մամուլի ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը 160 րոպեում պատասխանեց 60 հարցի:

Տնտեսական ճգնաժամի հետ համընկած իր նախագահության մեկամյակի գնահատականը նախագահ Սարգսյանն այսպես տվեց. «Այս մեկ տարին հնարավորությունների տարի էր նաեւ, եւ մեր պետականությունն ու հասարակությունը այս մեկ տարվա մեջ բավականաչափ հասունացան, ավելի, քան հնարավոր էր սովորական պայմաններում հասունանալ»:

Եվ թվեց, որ սկսել եւ բավականին առաջ են գնացել Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունները, արդյունավետ են դարձել ղարաբաղյան բանակցությունները, ձեւավորվել են լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումն էապես կփոխի մեր դիրքավորումը տարածաշրջանում: Ըստ նրա` որոշակի նոր տարրեր են մտցվել նաեւ ներքաղաքական կյանք` Անվտանգության խորհրդի դերի բարձրացումը նկատի ուներ, պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ, Հանրային խորհրդի ձեւավորումը: Տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը հասարակության առջեւ ծառացած ամենահիմնական խնդիրը դիտեց եւ վստահ էր, թե կարողանալու ենք անել այնպես, որ նրա հետեւանքները լինեն Հայաստանի եւ հասարակության համար հնարավորինս մեղմ:

Կառավարության եւ վարչապետի գործունեությունը գնահատելու առաջարկին ի պատասխան նախագահ Սարգսյանը նկատեց, թե աշխարհում չկա մի կառավարություն, որի համար լավ ժամանակներ են հիմա, եւ ճգնաժամը հաղթահարելու համար բոլորս պետք է կանգնենք կառավարության կողքին, որպեսզի կառավարությունը կարողանա մեղմել հետեւանքները. «Ես կարծում եմ, որ բոլորս պետք է ողջունենք վարչապետի թափանցիկ գործունեությունը, նրա հաստատակամությունը, մեր կառավարության վստահությունը վաղվա օրվա նկատմամբ»: Ուրախացավ, որ մինչեւ տնտեսական ճգնաժամը քաղաքական դաշինք` կոալիցիա կազմվեց եւ կադրերի ճիշտ ընտրություն տեղի ունեցավ, իսկ իշխանությունների եւ կառավարության հասցեին հնչած քննադատություններն, ըստ նախագահի, օրինաչափ են. յուրաքանչյուր իշխանություն եւ կառավարություն պետք է պատրաստ լինի քննադատություն լսելու, չնեղսրտի ու վիրավորվի, այլ դրանից հետեւություններ անի:

Արդյոք ճգնաժամի պատճառով դադարեցվելո՞ւ են նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, համահայկական բանկի ստեղծման ծրագրերը. նախագահ Սարգսյանը, հակառակը, համոզված է, որ ճգնաժամը մեզ ստիպում է, որ ավելի շատ ջանք գործադրենք այս ծրագրերն իրականացնելու, որովհետեւ այս ծրագրերը իշխանության հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչն են ու լուրջ հակաճգնաժամային ռեսուրս, սոցիալական խնդիրներ լուծող փաթեթ են պարունակում եւ անպայման իրականանալու են: Դրանք, ըստ նախագահի, աննախադեպ ծրագրեր են Հայաստանի համար` բազմամիլիարդանոց (դոլարով եւ եվրոյով), եւ դրանցով կարողանալու ենք այդ միլիարդները ներգրավել, այնպես որ հասարակությանը այս առումով ասելու նոր բան լինելու է:

Ճգնաժամի ժամանակ հարկային դաշտում կարգուկանոն հաստատելուց զերծ մնալու, հարկային արձակուրդի գաղափարին Ս. Սարգսյանը վատ է վերաբերվում. այդպիսի տեսակետ հնչեցնողները մի փոքր ծռում են իրենց միտքը ու ասում` քանի որ ճգնաժամ է, եկեք չվճարենք. «Եթե հարկ չվճարեն, ինչպե՞ս ենք մենք ապրելու», հարցրեց նախագահը: Եթե ճգնաժամ չլիներ` 5-6 տարում հարկային ոլորտում կարգուկանոն կհաստատվեր էվոլյուցիոն ճանապարհով, բայց, ըստ նախագահ Սարգսյանի, ճգնաժամը ստիպում է մեզ արագացնել գործընթացը, իսկ այդպիսի խոսակցությունները գալիս են տնտեսվարող սուբյեկտներից, մաքսային-հարկային համակարգերից ազատված մարդկանցից:

Խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու խոստումը դիտեց 1-1,5 տարվա ժամանակի համատեքստում: Խրախուսվելու են վճարած հարկերի ծավալն ավելացրած մարդիկ: Երբ ճգնաժամ է` խոշոր բիզնեսը պետք է համակերպվի խոշոր շահույթ չստանալու հետ, իսկ այդ բոլորի գնահատականը տրվելու է 2009 թվականի արդյունքներով:

Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ այլ երկրների խորհրդարաններում կարո՞ղ է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին. այս հարցին ի պատասխան Ս. Սարգսյանն ընդգծեց, թե Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու գործընթացում որեւէ նախապայմանի առկայություն հայկական կողմը չի ենթադրում:

Նախագահ Սարգսյանի կարծիքովՙ հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում եւ հարատեւ այնտեղ չի կարող գտնվել, յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ ունի ժամկետներ: Իհարկե, հնարավոր է, որ մենք սխալված լինենք, եւ թուրքերը փորձեն մեզ որեւէ նախապայման առաջադրել, դա չի կարելի 100 տոկոսով բացառել, բայց, ըստ երկրի նախագահի, նույնիսկ այդ պարագայում այդ պրոցեսից դուրս կգանք ուժեղացած. «Ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք պարտավոր ենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատել, եւ կարծում եմ, որ այնպիսի հմուտ դիվանագիտական համակարգ, ինչպիսին թուրքականն է, ի վիճակի է գնահատել անկեղծության աստիճանը»:

«Ազգի» հարցին` թե այնուամենայնիվ հայ-թուրքական շփումներում սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զուգահեռվե՞լ են ԼՂ եւ ցեղասպանության ճանաչման խնդիրներով, նախագահ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ մեր հանրությունը, առաջին հերթինՙ լրագրողական, անկեղծորեն հավատա այն հայտարարություններին, որոնք պաշտոնապես հնչեցվում են` որ մենք գնալու ենք հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ոչ ԼՂ խնդիրը եւ ոչ էլ ցեղասպանության հարցը, վերջին անգամ այդպիսի հայտարարություն մենք հնչեցրել ենք նախորդ կիրակի երեկոյան. հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ գնան ձեռք բերված պայմանավորվածություններից, ես թուրքերի փոխարեն չեմ կարող ոչ պատասխանել, ոչ պատասխանատու լինել, ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության եւ իմ վարքագծի համար, եւ ձեզ ասում եմ` մենք այլ դիրքորոշում չենք ունեցել, եւ չենք ունենալու. միակն է` առանց նախապայմանի հարաբերություններ»:

Սահմանի բացումը մոտակայքում հնարավո՞ր է. «Վերջերս բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել արտասահմանյան լրատվամիջոցներին եւ այդ հարցազրույցներում ասել եմ բառացիորեն հետեւյալը. մտածում եմ, որ Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կամ կանցնեմ բաց սահմաններով, կամ էլ դրա նախօրյակին կլինի (բացումը-Մ.Խ.): Սա կարելի է համարել լավատեսական մոտեցում, բայց հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա», ասաց նախագահը:

Իսկ որ թուրքական էժան ապրանքները կարող են հայկական ապրանքների իրացմանը խոչընդոտել` այս կարծիքին Ս. Սարգսյանը համաձայն չէր. «Եթե մենք չենք կարողանում մրցակցել թուրք արտադրողի հետ, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում մրցակցել եվրոպական արտադրողների հետ, էդ դեպքում մեր բոլոր սահմանները փակենք»:

Ըստ նախագահ Սարգսյանի` Երեւանի ավագանու ընտրություններից հետո, ինչպես որոշ լրատվամիջոցներ են գրում, «հունիսի 1» չի լինի, ավելի ճիշտ` հունիսի 1 լինելու է, բայց նորմալ օր, առանց ողբերգական իրադարձությունների: Համաներման առիթով էլ ասաց, որ չի պատրաստվում միջամտել դատաքննության փուլին, եւ դրա ավարտից հետո իր իրավունքից կօգտվի: Մարտի 1-ին ոստիկանության մեղքի բաժնի մասին էլ նկատեց, թե իշխանության մեղքը մասնագիտական վարպետության պակասն է եղել, եւ դա էլ ոչ թե ոստիկանության մեղքն է, այլ ընդհանուր վիճակի հետեւանք` տարիներ շարունակ մեր ոստիկանությունը վճարվում էր մնացորդային սկզբունքով, որի պատճառով էլ ժամկետանց միջոցներ են գործածվել:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ հերթական, սահմանադրությամբ մատնանշված ժամկետներում ընտրությունները մատնացույց արեց: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի` այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում ասած միտքը, թե հեղափոխությունը պետք է բացառվի այսուհետեւ Հայաստանի քաղաքական օրակարգից, գնահատեց. «Շատ խոհեմ մոտեցում է. ափսոս, որ դա չհնչեց 2008 թվականի փետրվարի 20-ին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4