Ադրբեջանը ոտքի է ելել` ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման
Հայ-թուրքական սահմանի բացման հարցը կարծես դարձել է վերջին շրջանում մեր տարածաշրջանի երկրների ու նաեւ տարածաշրջանում ազդեցության եւ ընդհանրապես առկայության խնդիր լուծող պետությունների քննարկման հիմնական թեման: Եվ հետաքրքրականը ոչ թե հետաքրքրությունն է այդ հարցի նկատմամբ, այլ որոշ երկրների պարագայում թերեւս սպասված հիստերիկան կամ ակնհայտ դժգոհությունը:
Մասնավորապես, հայ-թուրքական սահմանի հավանական բացման խոսակցությունները հարեւան Ադրբեջանում աննախադեպ հակահայկական քարոզչական քայլերի առատության տեղիք են տվել: Նախ, բացառիկ կարելի է համարել այնպիսի մի քայլ, ինչպիսին ադրբեջանցի լրագրողների նախատեսված այցն էր Թուրքիա` տեղում հայ-թուրքական սահմանի բացման դեմ բողոքի ակցիա իրականացնելու համար:
Ադրբեջանական կայքէջերը, հղում կատարելով ANS PRESS-ին, տեղեկացնում են, որ Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարների Թուրքիա տեղափոխող ինքնաթիռին թույլ չի տրվել վայրէջք կատարել Թուրքիայում:
Երեկվա ամսաթվով նախատեսված բողոքի ակցիայի, որ կազմակերպել էր ANS ընկերությունների խումբը, մասնակից լրագրողներին տեղափոխող ինքնաթիռը թույլտվություն չի ստացել թռչելու Թուրքիա, ինչից էլ ադրբեջանական կայքէջերը եզրակացնում են, թե թուրքական կողմը ավելի շուտ չի թույլատրել հենց բողոքի ակցիան:
Ինչեւէ, հայ-թուրքական սահմանի բացմանը ամենայն ակտիվությամբ իրենց հակադիր կարծիքներով խոչընդոտելու մտադրություն ունեն նաեւ ադրբեջանցի կանայք: Ի մասնավորի, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կանանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունները դիմում են հղել իրենց թուրք գործընկերներին «հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կանխարգելման նպատակով»:
«Թուրքիան միջազգային որոշ ուժերի ցանկությամբ չպետք է թույլ տա Հայաստանին փրկվելու մեկուսացման քաղաքականությունից», նշվում է Ադրբեջանի կանանց շահերի պաշտպանության ՀԿ-ների հայտարարության մեջ:
Եվ տարօրինակն այն չէ, որ անգամ հասարակական կառույցներն են Ադրբեջանում կողմ արտահայտվում Հայաստանի հանդեպ մեկուսացման քաղաքականությանը, այլեւ այն, որ այդ կառույցները հայ-թուրքական սահմանի բացումը դիտում են որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների հիմնական սկզբունքի` «Մեկ ազգ-երկու պետություն», խախտում:
Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ արտահայտվելու իրենց մղումն են արտահայտում նաեւ ադրբեջանցի կին պատգամավորները: Թուրքիա ապրիլի 15-18-ը կատարելիք այցելության ընթացքում կին պատգամավորները մտադիր են հանդես գալ հայ-թուրքական սահմանի բացման դեմ: «Պաշտոնական հանդիպումներում մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք առ այն, որ Հայաստանի հետ սահմանը բացելու Թուրքիայի ցանկությունը սխալ է»:
Բնականաբար, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործն է ճշտել, թե այդ երկրներում ովքեր ու ինչպես են կառավարում եւ ով ում է խելք սովորեցնում: Ամեն դեպքում, Թուրքիայի գործն է նաեւ, թե որքանով այդ երկրի ղեկավարությունը կամ խորհրդարանականները կարող են ականջալուր լինել ադրբեջանցի կին օրենսդիրների խոսքին, առավել եւս, երբ դրանում Թուրքիայի որեւէ դիրքորոշում կարող է որակվել ոչ ճիշտ այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը ցանկանա շտկել:
Մյուս կողմից, հայ-թուրքական սահմանի բացման խոսակցություններն ու այդ առնչությամբ հայտարարություններն ակտիվության ալիք են բարձրացրել ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլեւ տարբեր երկրներում գործող ադրբեջանական համայնքներում:
Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, որ փոխանցում է «Դեյ.ազ» գործակալությունը, մասնավորապես, Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսը «այդ երկրում ապրող 500 հզ. ադրբեջանցիների անունից հայտարարում է, որ հայերի հետ սահմանի բացումը չի ծառայում թուրք ժողովրդի եւ թուրքական աշխարհի շահերին»:
Շվեդիայում գործող «Հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը այդ երկրում Թուրքիայի դեսպանատուն հայտարարություն է ներկայացրել, հույս հայտնելով, թե «մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը հայ-թուրքական սահմանը կմնա փակ»: Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի տեղեկացմամբ, նմանօրինակ հայտարարություններ են տարածել նաեւ Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում գործող ադրբեջանական կառույցները:
Հասկանալի է, որ Ադրբեջանում մեծապես «հուզվել են» հայ-թուրքական սահմանի բացման հավանական հեռանկարից: Հասկանալի է նաեւ, որ Ադրբեջանում հույս ունեն, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելով դեռ կշարունակվի Հայաստանի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը:
Սակայն դժվար է հասկանալ, թե ինչպես են ադրբեջանական տարբեր մակարդակներում պատկերացնում տարածաշրջանում դերակատարում ունենալու հավակնություններով հանդես եկող Թուրքիայի ցանկությունների իրականացումը, եթե այդ նույն սահմանը փակ մնա, իսկ Հարավային Կովկասում իրավիճակը մնա նույն կերպ, ինչ հիմա ունենք:
Մյուս կողմից էլ, թերեւս ոչ այս չափով բացահայտ ու մեծածավալ, բայց հաստատապես դժգոհության ու խնդրահարույց իրավիճակների առաջ կանգնելու հեռանկարից գոնե զգուշանալու իրենց հարցերն ունեն արդեն նաեւ Վրաստանում գործող տարբեր կառույցներ, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումը հաղորդակցության այլ ուղեգիծ է, այլ խողովակ, եւ հուսանք, շատ ավելի տարբեր, քան վրացականն է այնքան տարիներ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ