ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ Վարդան Մինասյանը մինչեւ 2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ տեղի ունեցած գործկոմի նիստում, որին մասնակցել են 17 անդամներից 15-ը եւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, քննարկվել է հավաքականի գլխավոր մարզչի հարցը:
Նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է ընտրական մրցաշարում մեր հավաքականի անհաջող ելույթների եւ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի պաշտոնանկության պատճառներին: Այնուհետեւ նա առաջարկել է քննարկել Հայաստանի ազգային հավաքականի ղեկը խորվաթ մասնագետ, «Միկայի» գլխավոր մարզիչ Իվո Շուշակին վստահելու հարցը: ՀՖՖ նախագահը նշել է, որ Շուշակը հավաքականում աշխատելու փորձ ունի (ժամանակին նա գլխավորել է Վրաստանի ընտրանին), ուստի կարելի է նրան վստահել Հայաստանի ընտրանին եւ եթե արդյունքները դրական լինեն, ապա հետագայում քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը:
Երեւի թե առաջին անգամ գործկոմի անդամների մեծամասնությունը չի համաձայնվել Ռուբեն Հայրապետյանի առաջարկին, ինչն, իհարկե, ուրախալի է: Բուռն քննարկում է տեղի ունեցել, յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետը: Գործկոմի անդամների մեծամասնությունն այն կարծիքն է արտահայտել, որ ավելի նպատակահարմար է հավաքականը վստահել տեղի մասնագետին, ով ավելի լավ է ծանոթ հայկական ֆուտբոլին ու հայ ֆուտբոլիստներին: Ուստի անհրաժեշտ է վստահել Վարդան Մինասյանին, ով լավ ծանոթ է ֆուտբոլիստների հնարավորություններին եւ նրանց մեծամասնության հետ ամենօրյա աշխատանք է կատարում:
Շուրջ երկու ժամ տեւած բուռն քննարկումների արդյունքում որոշվեց քվեարկության դնել Իվո Շուշակի եւ Վարդան Մինասյանի թեկնածությունները: Գլխավոր մարզչի պաշտոնում Իվո Շուշակի նշանակմանը կողմ են արտահայտվել գործկոմի 5 անդամներ, դեմՙ 10-ը: 12 կողմ, 3 դեմ ձայներով Վարդան Մինասյանը նշանակվել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ