ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Թբիլիսի
Ներքնաշորերով եւ փողկապը ծամող արջուկը ցույցերի հինգերորդ օրը հեռացվել էր խորհրդարանի առջեւ տեղադրված բեմից: Խաղալիքն ընդդիմադիրներն այստեղ էին բերել նախագահ Սաակաշվիլուն ծաղրելու եւ նրա վախկոտությունն ի ցույց դնելու համար:
Եթե հանրահավաքների նախորդ երկու օրերին ցուցարարների թիվը եւ ակտիվությունը գնալով նվազում էին, ապա երեկ կրկին Ռուսթավելու պողոտա էին դուրս եկել հազարավոր մարդիկ:
Ինչպես եւ հանրահավաքի նախորդ հինգ օրերին, ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքը սկսեցին ժամը 15-ին: Ցուցարարներն այստեղ ավելի վաղ էին հավաքվել եւ համբերատար սպասում էին ընդդիմադիրների ելույթներին:
Ուսուցիչ 55-ամյա Գրիգոլ Լամբաձեն կանգնած էր առաջին շարքերում: Ցույցերին մասնակցել է ապրիլի 9-ից եւ պատրաստվում է այստեղ գալ յուրաքանչյուր օր: «Սաակաշվիլին պետք է հեռանա: Վրաստանի համար նա լավ գործ չի արել: Մենք կորցրել ենք մեր տարածքները, մարդիկ աշխատանք չունեն», ասաց Գրիգոլ Լամբաձեն:
Բեմում հավաքված ընդդիմադիր առաջնորդներից ծափերի արժանացավ միայն նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն: Գլխարկով եւ հարեւան բակի բարի հորեղբորը հիշեցնող ընդդիմադիր այս գործիչն իր ելույթն սկսեց ցուցարարներին ուղղված շնորհակալական խոսքերով: «Պայքարը շարունակվում է: Այսօր ես կանխազգում եմ, որ մեր պայքարը շուտով կավարտվի հաջողությամբ», ասաց Գաչեչիլաձեն:
Էկա Բեսելիան, որ ղեկավարում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու հիմնադրած «Շարժում հանուն միացյալ Վրաստանի» կուսակցությունը, հայտարարեց, որ սկսում են խաղաղ հանրահավաքների անցկացման երկրորդ փուլը, որը նշանավորվելու է ցույցերով նաեւ Թբիլիսիից դուրս: «Մեր գործողությունների մասին կշարունակենք հայտարարել հավաքների օրերին, ոչ այն պատճառով, որ չունենք գործողությունների պլան, այլ չենք ուզում կառավարությանը մեզ խանգարելու եւս մեկ առիթ տալ», հայտարարեց Էկա Բեսելիան:
Հանրահավաքը սկսվելուց մեկ ժամ անց կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ: Նրանք նշեցին, որ հանրահավաքների 5 օրը բավարար չէր, որ նախագահ Սաակաշվիլին հրաժարական ներկայացներ: Այդ իսկ պատճառով նրանք ցուցարարներին կոչ արեցին հավաքվել նաեւ նախագահի նստավայրի մոտ եւ այնտեղից չհեռանալ 24 ժամ շարունակ:
Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին նկատեց, որ հաղթանակի օրը հեռու չէ եւ Միխեիլ Սաակաշվիլին ստիպված կլինի հեռանալ: «Հարկավոր է միայն չհոգնել եւ հանրահավաքներին մասնակցել յուրաքանչյուր օր: Այստեղ պետք է գալ ինչպես աշխատանքի: Սա, իրականում, աշխատանք է հանուն պետության», ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:
Հնարավոր բանակցությունների մասին ընդդիմադիր առաջնորդները հանրահավաքի ընթացքում չխոսեցին: Սակայն կիրակի Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Քաղաքական շաբաթ» հաղորդման ընթացքում «Դաշինք հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների, մինչդեռ Նինո Բուրջանաձեն բացառել է նախագահի հետ բանակցության որեւէ հնարավորություն:
Բանակցությունների ելք չի տեսնում նաեւ երկրաբան, 55-ամյա Ռոզա Կորիձեն: «Սաակաշվիլին պետք է հեռանա: Այլընտրանք չկա: Ես հանրահավաքներին մասնակցել եմ 2007 թվականի նոյեմբերի 7-ին եւ շարունակելու եմ պայքարել», ասաց Ռոզա Կորիձեն, որը Ռուսթավելու պողոտայից քայլում էր դեպի նախագահի նստավայր: