«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ

Հայ-թուրքական սահմանի բացմանը պատրաստ լինելու համար ՀՅԴ-ն «տնտեսական փաստաթուղթ» է պատրաստում, որը կներկայացնի կառավարությանը:

Մինչեւ ամսի վերջն այդ փաստաթուղթը պատրաստ կլինի, երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

ՀՅԴ-ի այդ փաստաթուղթը, որը Կիրո Մանոյանն անվանում է ավելի շուտ տնտեսական, քան թե քաղաքական, այն գործողությունների ծրագիրն է, որոնք անհրաժեշտ է իրականացնել սահմանի բացումից առաջ եւ հետո:

«Կան համապատասխան քայլերի առաջարկներ, որոնք պետք է կառավարությունը ձեռնարկի, որ կարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը: Մենք կնախընտրեինք, որ սա մենք արած չլինեինք, կառավարությունն ինքը արած լիներ: Մեր տպավորությամբՙ այդպիսի բազմակողմանի ուսումնասիրություն չի եղել, եւ մենք մեր վրա ենք վերցրել», ասում է Կ. Մանոյանը:

Կիրո Մանոյանի խոսքերով Թուրքիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից հետո սկսված Ադրբեջանի «լացկանությունը» ստիպում է Թուրքիային վերադառնալ 1993-ի շրջափակումից հետո ստեղծված իրավիճակին, երբ «Թուրքիան ադրբեջանական քաղաքականության պատանդ» էր դարձել:

«Հատկապես Թուրքիա Օբամայի այցելությունից հետո Էրդողանի հայտարարությունները բավականին լուրջ են այն իմաստով, որ կարող են փակուղի մտցնել Հայաստան-Թուրքիա բանակցությունները: Թուրքիան արդեն սկսել է խոսել նախապայմաններով», ասում է Կ. Մանոյանը հավելելով, որ այլեւս նախկին վստահությամբ չեն ասում, թե այս տարի անպայման համաձայնագիր կստորագրվի եւ կբացվի հայ-թուրքական սահմանը:

«Ինչ վերաբերում է Օբամայի դերակատարությանը, ապա ապրիլի 24-ին նա կկատարի իր հանձնառությունը: Անպայման ցեղասպանության ճանաչումը կկատարի այնպես, ինչպես ինքը խոստացել էր մինչ նախագահ ընտրվելը, եւ որի մասին ինքն արդեն հայտարարեց Թուրքիայում, որ իր կեցվածքը չի փոխվի: Եվ Թուրքիայում այդքանն ասող նախագահն իր երկրում ավելի հանգիստ եւ ավելի ազատ կխոսի հատկապես, երբ խոսում է իր քաղաքացիների հետ, որոնց ինքը խոստում է տվել: Այդ հանձնառությունը, համոզված ենք, այս ապրիլի 24-ին նախագահ Օբաման կկատարի», նշում է Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կվտանգի թուրք-ամերիկյան հարաբերությունները, ապա Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե նման բան չի լինի. «Մեկ-երկու ամիս սրտնեղության արտահայտություն կլինի Թուրքիայի կողմից ԱՄՆ նկատմամբ ու կանցնի»:

Բանախոսի խոսքերով` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը այնքանով է կարեւոր, որ նախ կստիպի Թուրքիային ճանաչել իր պատմությունը, հետո կանդրադառնա նաեւ մի շարք այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հետո էլ Թուրքիային կստիպի հայերի հետ ավելի լուրջ բանակցություններ վարել:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, որ եթե Թուրքիան հետ կանգնի ձեռք բերված պայմանավորվածություններից, Հայաստանը ուժեղացած դուրս կգա գործընթացից, Կիրո Մանոյանը մասամբ համաձայն է, բայց մյուս կողմից էլ նկատում է, որ ամեն ինչ կախված է, թե որքան կտեւեն հայ-թուրքական բանակցությունները եւ այդ ընթացքում ինչ մոտեցում կցուցաբերի ԱՄՆ-ն: Ըստ նրա, Եթե Օբաման չճանաչի 1915 թվականի իրողությունը, ապա զուր է ուժեղ լինելու մասին խոսելը:

Հայ դատի գրասենյակի պատասխանատուն առաջնահերթ է համարում ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումը, այլՙ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4