«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


ԲԵՐՔԻ ՑՐՏԱՀԱՐՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾ Է

Գիշերվա համար կանխատեսվում էր -1-2 աստիճան

Երեկ եւ նախորդ գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում եղանակը կտրուկ փոխվեց: Երեւանում եւ Արարատյան դաշտում ջերմաստիճանը նվազեց եւ ձյուն տեղաց: Բնական է, որ եղանակային պայմանների նման փոփոխությունը մեր հարյուր հազարավոր գյուղացիների մտահոգությունն առաջացրեց, որոնց աճեցրած բերքի ճակատագիրն է որոշվում երեկ եւ այսօր: Արարատյան դաշտի տարբեր հատվածներից ստացված մեր տեղեկությունների համաձայն, պտղի եւ բանջարեղենի բերքի ցրտահարման լուրջ վտանգ գոյություն ունի: Գյուղացիների կարծիքով, այս (երեկ) գիշերվա ջերմաստիճանը բերքի համար ճակատագրական կարող է լինել: Եթե 0-ից ցածր լինի 1 կամ 2 աստիճանով եւ այդպես մնա մի քանի ժամ, ապա բերքը կցրտահարվի: Ընդ որում, խոսքը ոչ միայն մրգի, այլեւ բանջարաբոստանային կուլտուրաների մասին է, որոնք ավելի մոտ են սառած հողին: Իսկ ծիրանենիների կամ կեռասենիների համար ցրտահարման հավանականությունն ավելի մեծ կլինի, եթե տեղացած ձյան պատճառով թրջված ծաղիկները մինչեւ գիշեր չչորանան:

Երեկվա իրավիճակի վերաբերյալ գյուղատնտեսության նախարարության տեղեկություններին ծանոթանալու նպատակով դիմեցինք գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Պետրոսյանին:

Նա տեղեկացրեց, որ Արարատյան դաշտի Արմավիրի հատվածում ձյան տեղումներ չեն եղել, բայց Արարատի եւ Արտաշատի տարածաշրջանում ձյունն ավելի առատ է եղել, քան Երեւանում: Ըստ փոխնախարարի, ե՛ւ Արմավիրի, ե՛ւ Արարատի մարզերում տվյալ պահին ցրտահարման վտանգ չկար: Սակայն նա նույնպես նշեց, որ բերքի ցրտահարման հավանականությունը կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի ջերմաստիճանը գիշերը:

Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա «Արմենպրեսին» «Հայհիդրոմետից» տեղեկացրել են, որ Հայաստանի հովտային շրջաններումՙ Արարատյան դաշտում, Սյունիքում եւ Լոռիում, այդուհանդերձ, գիշերը սպասվում է -1 -2 աստիճան ցուրտ, իսկ հողի մակերեսինՙ 2 -4 աստիճան ցուրտ: Թեեւ գյուղացիները կանեն հնարավորը բերքը փրկելու համարՙ խարույկներ վառելով եւ ծխով պարուրելով այգիները, բայց ակնհայտ է, որ եղանակի այս տհաճ անակնկալը զգալ կտա, եւ բերքի զգալի մասը, հավանաբար, կցրտահարվի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4