«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2009-04-11 | #66, 2009-04-14 | #67, 2009-04-15


ԿԴԱՌՆԱ՞Ն ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՍԿԱՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի հզորագույն եւ կարեւորագույն երկրներից մեկն է, որի հետ Հայաստանն ավանդաբար ունի բարիդրացիական հարաբերություններ: Մեզ այդ երկրի հետ կապում է ոչ միայն հազարամյակների մշակութային ու քաղաքական պատմությունը, այլեւ ազգային ու ծագումնաբանական ընդհանրությունները: Այդ երկրի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար, հետեւաբար նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն մենք պետք է դիտարկենք հենց այդ տեսանկյունից: Թեեւ մեր երկու երկրների հարաբերություններում ռազմավարականության խնդրի մասին վաղուց է հայտարարվել, սակայն երկկողմ կապերում չօգտագործված հնարավորությունների ռեսուրսը հսկայական է: Այսինքնՙ գործնական հողի վրա այդ ռազմավարական բնույթը չի երեւում: Հետեւաբար այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանքի անհրաժեշտություն կա, ինչի մասին նախկինում բազմիցս է խոսվել, սակայն ոչինչ չի արվել: Կարող ենք միանշանակ պնդել, որ մինչ օրս հայ-իրանական հարաբերությունների հնարավորությունների միայն չնչին մասն է օգտագործվել, այն դեպքում, երբ այս երկիրը կարող է դեպի Արեւելք հայկական քաղաքականության եւ տնտեսության զարգացման համար կարեւոր դուռ լինել: Տնտեսական բնագավառում հայ-իրանական ապրանքաշրջանառության ցածր մակարդակը պայմանավորված է նաեւ այդ երկրի փակ տնտեսական ցիկլով զարգանալու հանգամանքով: Սակայն անկախ այս հանգամանքից, չենք կարող ասել, թե մեր տնտեսական հարաբերությունները զարգացել են դրական դինամիկայով, այստեղ եղել են ցիկլայնություններ, երբ իրանական ապրանքները ողողել էին Հայաստանը եւ երբ հայաստանյան տնտեսության զարգացման եւ այլ երկրներից ներմուծումների մեծացման հետեւանքով մեր շուկայից դուրս մղվեցին իրանական ապրանքները:

Սակայն բավականին կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Իրանի հետ հարաբերությունների կառուցման համար կարող է լավ հիմք դառնալ էներգետիկ բնագավառը: Եվ վերջին մի քանի տարիներին կառուցվեցին երկու երկրները իրար կապող բարձրավոլտ էլեկտրացանցեր եւ կնքվեց պայմանագիր Արաքս գետի վրա աննախադեպ հզորության նոր հիդրոկայանի կառուցման մասին: Կովկասյան 5-օրյա պատերազմը մեկ անգամ եւս ցույց տվեց Հայաստանի խոցելիությունը, որն իր համար ռազմավարական նշանակության ապրանքներ ներմուծում է միայն Վրաստանի տարածքով: Այսինքնՙ հարց բարձրացավ կապուղիների զարգացման եւ էներգակիրներով հարուստ Իրանից նավթի ու բենզինի ներկրման մասին: Հետեւաբար Թավրիզի նավթավերամշակման գործարանից դեպի Հայաստան նոր խողովակաշարի կառուցումը, որով պետք է բենզին ներկրվի, կարող է դառնալ հայ-իրանական հարաբերությունների նոր էջը: Նմանատիպ երկրորդ, սակայն շատ ավելի կարեւոր ծրագիրը հայ-իրանական երկաթգծի կառուցումն է, որի իրականացման դեպքում միայն կարող ենք ասել, որ իրանական տրանսպորտային ուղղությունը վերջնականապես կդառնա իրական այլընտրանք վրացականին եւ կտրուկ կերպով կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Վրաստանից: Բացի դրանից, այս երկաթուղու իրականացման դեպքում Հայաստանի համար նոր շուկաներ կբացվեն հանձինս Կենտրոնական Ասիայի, Հարավարեւելյան Ասիայի եւ Պարսից ծոցի երկրների: Այսինքնՙ այս երկաթգծի կարեւորությունը Հայաստանի համար անգնահատելի է, հետեւաբար պաշտոնական Երեւանը ուղղակիորեն շահագրգռված է այս ծրագիրը կյանքի կոչելու, ինչի շնորհիվ մեր երկիրը վերջնականապես դուրս կգա փակուղային վիճակից եւ կդառնա Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ երկիր:

Որ ազգային անվտանգության տեսակետից Իրանի նշանակությունը բացառիկ է, փաստում է նաեւ հայ-իրանական գազամուղը, որի գոյությունն արդեն իսկ հուշում է, որ գազի շրջափակում Հայաստանի համար արդեն քիչ հավանական է: Ինչեւէ, անկախ տնտեսական գործոնից, Իրանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի քաղաքական շահերից: Կարող ենք պնդել, որ տարածաշրջանում չկա մեկ այլ երկիր, որն այնքան շահագրգռված լինի, օրինակ, Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավմամբ, որքան Հայաստանը: Եթե մյուս երկրները, օրինակՙ Թուրքիան կամ Ադրբեջանը, իրենց շահերը փորձում էին փնտրել այս երկրների հակասությունների մեջ, ապա Հայաստանին ձեռնտու են միայն բարիդրացիական ու նորմալ հարաբերությունները: Այնպես որ, Սպիտակ տան նոր ղեկավարի` Բարաք Օբամայի հայտարարությունն Իսլամական Հանրապետության հետ նոր երկխոսություն սկսելու մասին բավականին դրական ընկալվեց նաեւ Հայաստանում: Նորմալ հարաբերությունների հաստատման դեպքում հայկական բիզնեսը կարող է ավելի համարձակ գործել Իրանի տարածքում, որտեղ զարգացման մեծ հնարավորություն կա: Բացի դրանից, հայ-իրանական քաղաքական հարաբերությունների խորացումը հնարավորություն կտա վերջնականապես չեզոքացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերըՙ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը Հայաստանի դեմ օգտագործելու:

Ինչեւէ, ամփոփելով, կարող ենք նշել, որ Իրանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեր հարաբերությունների հնարավորություններն ամբողջությամբ երբեք չեն օգտագործվել, հետեւաբար ժամանակն է վերացնելու այդ բացթողումն ու ռազմավարությունից խոսելուց անցնել իրական քայլերիՙ զարգացնելով քաղաքական ու տնտեսական բաղկացուցիչը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4