«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2009-04-11 | #66, 2009-04-14 | #67, 2009-04-15


ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՄԱՍՏՆԵՐԸ

Նկատեցի՞ք` նախագահ Սարգսյանն իր վերջին ասուլիսում չնեղացրեց նախորդ երկու նախագահներին. առաջինին ուղղված մի տող ասաց, թե կարող էր սահմանադրական ճանապարհով գնալու մասին խոսել 2008-ի փետրվարի 20-ին, երկրորդին էլ գովեց` թե 10 տարի ամեն օր զբաղվում էր աղետի գոտիով: Եվ հարցերից մեկին էլ պատասխանելով հետաքրքրվեց, թե չե՞ք նկատում, ընդհանրապես իր նախագահության 1 տարում ինքը կոռեկտ է պահել իրեն (եւ պահելու է` ենթադրվում է):

Խոստովանենք, այս բոլորի տակ ենթատեքստ կա. սրանք ուղերձներ են բոլոր նրանց, ովքեր 2008 թվականի մարտի 1-ից առաջ եւ հետո իրենց ռազմավարությունը կառուցում են թշնամանքի եւ դիմակայությունների սկզբունքով, առ այսօր լարումներ եւ «հեղաշրջումներ» փնտրում-տեսնում, չլինելու դեպքում էլ հորինում են: Այդպես միայն ռեսուրս տեսնելով քաղաքական մի քանի նպատակների (եւ իշխանության գալու գերնպատակի) իրագործման համար, մինչդեռ նախագահ Սարգսյանը, իր պաշտոնավարման մեկ տարում, վստահության որոշակի պաշար հավաքելով` դեռեւս անորոշ ու ենթատեքստերով, բայց գլխի ընկնելու ցանկություն ունեցողին հասկացնում էր` ձեռ քաշեք, չեմ սրելու, անկյունները հարթեցնելով եմ գնալու առաջ, ում ձեռ չի տալիս` իր մեջ պահի...

Նախագահը նույն ոճով քաղաքային ավագանու ընտրությունների հետ կապված` «հեղափոխություն» եւ մինչեւ արյան վերջին կաթիլը կռվելու կոչողներին նույն կերպ եւ միայն իրեն հայտնի հանգամանքներից ելնելով հիասթափեցրեց` հունիսի 1 չի լինելու: Ամեն ինչ գնալու է հանդարտ ու խաղաղ, ընդամենը քաղաքապետ եւ ավագանի ենք ընտրում: Դե եթե մի 20 տոկոս էլ ՀԱԿ-ը հավաքի` խմբակցություն կունենա, խնդրեմ, թե չէ` մայրաքաղաքում իշխանություն հանձնե՜լ, էլ եսիմ ինչ երազանքներ...

Հիշո՞ւմ եք` ինչպես Սերժ Սարգսյանը եկավ ՀՀԿ խորհուրդ եւ ասաց` Տիգրան Սարգսյանին եւ Գագիկ Բեգլարյանին տեր եմ, ում դուր չի գալիս` իր գործն է: Հենց այդպես վարվեց նաեւ կառավարության եւ վարչապետի պարագայում մի անգամ եւս, վերջին ասուլիսում. կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին պաշտպանում է, դատական համակարգի մասին նույն կարծիքի է, ինչ հանրությունը: Մարտի 1-ի հետեւանքներն, այո, դեռ չեն վերացել, բայց դրա համար բոլորը պետք է ջանան: Տեսնես մի բան գիտի՞: Օրինակ` մի երկու ամիս առաջ լուրեր կային, թե երբ ինչ-որ շրջանակում (Սեմնեբի, ռուսական եւ հայկական կողմի ներկայացուցիչներ` ո՞ր մակարդակի, չգիտենք) քննարկվել է, թե արդյոք, ՀԱԿ-ը կարո՞ղ է այսպես կոչված «փրկության կառավարություն» ձեւավորել, դե ենթադրվում է, որ մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի արտաբերած «փրկության կառավարության» ակնարկը այս` անհայտ է որտե՞ղ եւ ի՞նչ մակարդակով քննարկման արդյունքում է արտաբերվել: ՀԱԿ-ն այդպես էլ իր միջից վարչապետացու չէր կարողացել գտնել-առաջարկել, իսկ քննարկողներն ասել են` վարչապետացու էլ չունեք, բա էլ ի՞նչ եք խոսում: Ու չգիտենք, արդյո՞ք այս տեսակ լուրերի հեռավոր արձագանքն է 1 տարին լրացած նախագահի տեսանելի ինքնավստահությունը եւ թերահավատությունը` թե ավագանի ենք ընտրում, ի՞նչ երկրորդ նախագահական ընտրություն, ինչ բան:

Ու նաեւ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, այդ թեման մի շահարկեք, սահմանադրություն չգիտե՞ք, այնտեղ բոլոր տեսակի ընտրությունների ժամկետները նշված են: Հարկադիր արձակուրդի էլ չսպասեք, դրանով դիվիդենտ հավաքողները` հատկապես: Կրակողներին էլ ներում չի լինելու` պաշտոնյաների զավակների հանդեպ հատկապես շատ կտրուկ են վարվելու: Մարդկանց կեղծ գաղափարներով «պեչենու բաղերը» գցողներին, թե վա՜յ, երրորդ (չորրորդ, հինգերորդ) ուժի կարիքը կա` չորեց. երրորդ ուժս ո՞րն է, կա իշխանություն եւ ընդդիմություն: Չեմիչէ` էլիտայի փոփոխություն, մի բուռ ազգ ենք, եթե 6 ամիսը մեկ էլիտա փոխենք, Հայաստանի ամեն քաղաքացի կհասցնի վարչապետ աշխատել:

Փաստորեն` այս պարզ պատասխանների տակ շատ մեծ ենթատեքստեր կային, փորձենք թարգմանել. տեր-պետրոսյանական ընդդիմությունից վախենալու բան չկա` նրանք ճղվեն էլ` քաղաքային ավագանու ընտրություններին 20 տոկոս հազիվ հավաքեն, սրելու- լարելու հույս էլ թող չունենան, ոչ ոք չի թողնի դա: Առանձնապես իշխանական ուժերի թեւերի տակ էլ բարձ չդրեց, ու անգամ ՀՀԿ-ին ու նրա թեկնածուին չառանձնացրեց` էլի՞ մի բան գիտի, եւ ընդհանուր առմամբ դատական համակարգին էլ էր բան հասկացնում, եւ երես առած լակոտներ ունեցող պաշտոնյաների, եւ բոլոր նրանց, ովքեր քաղաքական ու տնտեսական պոպուլիզմով են զբաղվում:

Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղին (դա այս տարվա հոկտեմբերն է, նկատի ունեցեք) նախագահն անցնելու է բաց սահմաններով, եթե նրա լավատեսությունն արդարանա, Օբամայից` հարաբերությունների խորացում է սպասում, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան զարգացող է` ամեն երկիր կարող էր հպարտանալ նման գործընկերոջով: Գիտի, մտածում է, թե էլ ի՞նչ քայլեր պետք է անել, որ հասարակությունում հանդարտություն տիրի, «Առավոտի» օրինակով կարողացել են ցույց տալ ուրիշներին (՞), որ այս կյանքն ու աշխարհը միայն սեւ ու սպիտակի միջեւ չեն բաժանված: Երկրում ապօրինաբար ձերբակալվածներ չի տեսնում, չի բացառում, որ կարող է լինել համաներում` նախօրոք հո չի՞ հայտարարելու:

Համաձայն ենք նախագահի մտքերին, թե ոչ` այս ասուլիսը փաստորեն ցույց տվեց, որ մեկ տարում նախագահ Սարգսյանը բավական ինքնավստահություն է ձեռք բերել, իրեն թույլ չի տալիս նախորդ նախագահների հանդեպ որեւէ անպատշաճ վերաբերմունք` նույնը ստանալու ակնկալիքով երեւի, որ հասարակության եւ հատկապես ընդդիմադիր շրջանակների հետ չի այրում կամուրջները` երկխոսելը չէ, գոնե իրար հանդուրժելը հնարավոր է, որ հասարակությանը դեռեւս անհայտ զինանոցի է տիրապետում, քանի որ հատկապես քաղաքական որեւէ ուժ չունենալով թիկունքում` համարձակվում է այս բոլորը հասարակությանը մատուցել:

Իսկ մի քանի լրատվամիջոցի չհրավիրելը ավելի շուտ չնյարդայնանալու եւ տոնը պահելու խնդիր էր հետապնդում, քան թե անբարյացակամության դրսեւորում էր, որովհետեւ չհրավիրված լրատվամիջոցների լրագրողների հարցերը, իրենց հատուկ ուղղվածությամբ, անշուշտ, կարող էին ափերից հանել նախագահին եւ նախապես նրա գծած կոռեկտության շրջանակը վնասել: Արդեն հաջորդ ասուլիսին, ենթադրում ենք, նախագահ Սարգսյանն ամեն մի լրատվամիջոցի հարցի կպատասխանի պրոֆեսիոնալ սառնասրտությամբ ու չսիրած լրատվամիջոցներին չհրավիրելու խնդիր չի ունենա:

Մնացյալն արդեն համակրանքների եւ հակակրանքների խնդիր է, ինչը հայ հասարակությունը երբեք էլ չի կարողանում հաղթահարել` փոխարինելով սառը հաշվարկով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4