«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2009-04-11 | #66, 2009-04-14 | #67, 2009-04-15


ԿՆՔՎԵՑ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ ՀՈՒՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԻՋԵՎ

Ավարտվել է Ջիլիզա համայնքի 21 կմ ընդհանուր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի անցկացման 12,7 կմ հատվածը

Մինչ օրս Լոռու մարզի Ջիլիզա համայնքը զրկված էր Հայաստանի տարածքից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից: ՀՀ նախագահի անմիջական աջակցությամբ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հանձն առավ երկու երկրների համագործակցության շրջանակներում աջակցել այս խնդրի լուծմանը:

2007-ի հուլիսի 26-ին Հունաստանի ներքին գործերի նախարարության, Հասարակական կառավարման եւ ապակենտրոնացման գործակալության (YPESDDA), Տեղական զարգացման եւ տեղական կառավարման հունական գործակալության (EETAA) ու Հունաստանի քաղաքապետարանների եւ համայնքների միության կենտրոնական կազմակերպության (KEDKE) միջեւ կնքված պայմանագրի շնորհիվ «Հունական զարգացման աջակցություն-2007» ծրագրի շրջանակներում հնարավոր է դարձել իրականացնել «Գյուղատնտեսական ենթակառույցների ընդլայնում եւ գյուղատնտեսության զարգացում (Լոռու մարզի Ջիլիզա գյուղի էլեկտրահաղորդման գծի անցկացում)» ծրագիրը: Շինարարությունն իրականացրել են «Աննա» ՍՊԸ-ն եւ «Վանաձորի էլեկտրացանցշին» ԲԲԸ-ն: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2008-ի մայիսի 10-ից եւ ավարտվել հոկտեմբերի 28-ին: Ալավերդի քաղաքից Ջիլիզա գյուղ 21 կմ ընդհանուր երկարությամբ 6 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումն իրականացվել է Հունաստանի Հանրապետության աջակցությամբ եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ԲԲԸ-ի համաֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը կազմել է 130 հազար եվրո, որը տրամադրել է Հունաստանի ներքին գործերի նախարարությունըՙ ԵԵՏԱԱ գործակալության միջոցով: Եվս 55 մլն դրամ տրամադրել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ԲԲԸ-ն:

Ապրիլի 13-ին Լոռու մարզպետարանում կողմերը պաշտոնապես ստորագրեցին հունական կողմի ֆինանսավորմամբ կառուցված էլեկտրահաղորդման գծիՙ 2008-ի ապրիլի 10-ին կնքված պայմանագրով նախատեսված 12,7 կմ հատվածի հանձնման-ընդունման հավաստագիրը: Հունական կողմից ստորագրեցին Հունաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Պատրոկլոս Գեորգիադիսը, նույն նախարարության զարգացման ծրագրերի եւ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Արետի Բելիյան, ԵԵՏԱԱ գործակալության գլխավոր տնօրեն Իոաննիս Գոգոզոտոսը, նույն գործակալության զարգացման եւ ֆինանսական աղբյուրների վարչության պետ, ավարտված ծրագրի ղեկավար Կոնստանտինոս Գրեվենիոտիսը, իսկ հայկական կողմիցՙ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, կապալառուներիցՙ «Աննա» ՍՊԸ-ի նախագահ Ռազմիկ Վարդերեսյանը:

Ծրագրին մասնակցելու համար Լոռու մարզպետի հետ համաձայնագիր է ստորագրել նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, որի ֆինանսավորմամբ կիրականացվի Ջիլիզա համայնքի էլեկտրահաղորդման ներքին ցանցի կառուցումը: Ծրագրի արժեքը 47 մլն դրամ է, որի 20 տոկոսը պետք է ներդնի համայնքը: Սակայն հաշվի առնելով Ջիլիզա գյուղի ֆինանսական դժվարությունները, հունահայ համայնքըՙ ի դեմս Միքայել Բասմաջյանի եւ «Հայաստանի ու Ղարաբաղի ընկերներ» ասոցիացիայի, կտրամադրի ներդրմանը համարժեք գումարՙ համայնքի պարտավորությունները կատարելու համար: Շինարարությունը կսկսվի այս տարվա մայիսից:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4