«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2009-04-11 | #66, 2009-04-14 | #67, 2009-04-15


ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ ՎԱՆԱՁՈՐ-ԱՅՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԸ

Երկաթուղային տրանսպորտի կառույցների եւ հիմնական միջոցների ամբողջ ունեցվածքի գարնանային զննման նպատակով քառօրյա այցով Լոռու մարզում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեֆկետ Շայդուլինը, խորհրդականներ, տարբեր ծառայությունների պետեր: Շ. Շայդուլինը եւ Վանաձորի գծակայարանային միավորման պետ Ռաֆայել Սեխլեյանը հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ: Քննարկվեցին ե՛ւ արտադրական, ե՛ւ սոցիալական հարցեր: Մասնավորապես, Սանահին կայարանում նախատեսված է ստեղծել երկաթուղու վերանորոգման մասնագիտացված բրիգադ, որի շնորհիվ կբացվի 40 նոր աշխատատեղ:

Մեր մարզի Սպիտակ եւ Լուսաղբյուր (Ղալթախչի) կայարաններում ապրող շուրջ 14 երկաթուղայինների ընտանիքներ բնակարանի կարիքավորներ են: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ Շ. Շայդուլինը խոստացավ աջակցություն ցուցաբերել նրանցՙ այդ հիմնահարցը լուծելու համար: Մարզին գումարներ կհատկացվեն նաեւ երկաթուղու տարբեր կառույցների վերանորոգման նպատակով: Վերջին երկու ամսում արդեն նորերով են փոխարինվել 8 հազար կոճղափայտեր, եւս 20 հազարը կփոխվեն մինչեւ մայիս:

Մարզպետ Ա. Քոչարյանի խնդրանքով մայիսի 1-ից դարձյալ կգործի Վանաձոր-Այրում էլեկտրագնացքը: Շ. Շայդուլինը խոստացավ, որ կտրամադրվի նոր շարժակազմ եւ երթուղին կգործի անխափան:

Ռ. Սեխլեյանից տեղեկացանք, որ էլեկտրագնացքը Վանաձորից դեպի Այրում կմեկնի առավոտյան ժամը 8-ին, իսկ Այրումից կվերադառնա ժամը 17-ին, Վանաձորում կլինի ժ.20-ին: Ժամը 20.15-ին էլեկտրագնացքը կմեկնի Սանահին, որտեղից հաջորդ օրը առավոտյան, ժամը 6-ին, կշարժվի դեպի Վանաձոր, ուր կհասնի ժ. 7.45-ինՙ ժամը 8-ին Այրում մեկնելու համար:

Ռ. Սեխլեյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանից ժամանած հյուրերն այցելել են Վանաձորի «Բետոն» ՍՊԸ, որտեղ երկաթուղու համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատվերով թողարկվում են երկաթբետոնե կոճղեր: Նրանք հանդիպում են ունեցել Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերության եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարության հետ: Ուսումնասիրվել է Թեղուտի երկաթուղային փակուղիների կառուցման հարցը: Որոշվել է, որ կառուցվելիք փակուղիներն ընդհանուր երկաթգծին պետք է միանան Ախթալա կայարանի 4-րդ գծից:

Ինչ վերաբերում է մեր հանրապետության ընդհանուր բեռնափոխադրումներին, դրանք, ըստ Ռ. Սեխլեյանի տեղեկատվության, այս տարի նվազել են 17 տոկոսով: Աշխուժություն է նկատվում միայն ներհանրապետական բեռնափոխադրումներում:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4