«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2009-04-11 | #66, 2009-04-14 | #67, 2009-04-15


«ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԿԼԻՆԵՆ, ՔԱՆ ՀԱՐԵՎԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ»

Ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ուկրաինական «Ուկրֆերիի» կոմերցիոն տնօրենի հետ հայ գործարարների հանդիպումից հետո

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում (ՀԱԳՄ) երեկ արտադրական եւ տրանսպորտային գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպեցին Փոթի-Իլյիչեւսկ լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնող ուկրաինական «Ուկրֆերի» ընկերության կոմերցիոն տնօրեն Բորիս Չերնիեւսկու եւ «Ուկրֆերիի» գործակալ վրացական «Ինստրա» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, որը նշեց, որ նման հանդիպում կազմակերպվել էր նաեւ նախորդ տարի եւ պայմանավորվածություն ձեռք բերվել հետագա հանդիպումների մասին:

Մանրամասնորեն լրագրողներին ներկայացնելով քննարկման նպատակը, Արսեն Ղազարյանը հայտնեց, որ «Ուկրֆերին» լաստանավային նոր չվերթ է գործարկել Կերչ նավահանգստից: Դա նոր հարցեր է առաջացրել, որոնք շաբաթներ եւ ամիսներ շարունակ հայ գործարարները փորձում էին ճշտել: Այժմ այդ հարցերը կքննարկվեն, սպառիչ պատասխաններ կտրվեն եւ առաջիկա 6-7 ամիսների համար պայմանները կհստակեցվեն: ՀԱԳՄ նախագահը հայտնեց, որ ներկայումս Փոթի-Իլյիչեւսկ լաստանավով 1 վագոնի փոխադրման գինը կազմում է 2700 դոլար, ինչը 400 դոլարով էժան է նախորդ տարվանից: Արսեն Ղազարյանը հավաստիացրեց, որ Ուկրաինայից եկող ապրանքների փոխադրումն այսօր շարունակում է մնալ ամենաէժանը, իսկ, օրինակ, Ռուսաստանիցՙ Կավկազ նավահանգստից փոխադրումներն ավելի թանկ են:

Ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի, Հայաստանից դուրս եւ դեպի Հայաստան փոխադրումները թեեւ նվազել են 50 տոկոսով, բայց շարունակում են լուրջ ծավալներ ունենալ: Արսեն Ղազարյանը կարծիք հայտնեց, որ անկման տեմպերը կպահպանվեն մինչեւ տարեվերջ, իսկ տարեվերջին եւ հաջորդ տարի բավականին մեծ աշխուժացում կլինի: «Եթե տարին ավարտենք ոչ թե 50-55 տոկոս նվազումով, այլ` 20-25 տոկոս, ապա կհամարենք, որ կորուստները բավականին քիչ են: Ես վստահ եմ, որ հայկական շուկայում կորուստներն ավելի քիչ կլինեն, քան հարեւան շուկաներում կամ հենց Վրաստանում եւ Ուկրաինայում», ասաց Արսեն Ղազարյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4