«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության անդամների համոզմամբ, Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ հստակ կեցվածք ունի` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը եւ ղարաբաղյան հարցի կարգավորումը դիտում է նույն հարթության վրա:
«Ճիշտ չէ գործածել հայ-թուրքական հարաբերություններ գնահատականը: Դա հայ-թուրքական հակամարտություն է: Հարաբերությունների յուրօրինակ տեսակ է` թշնամական հարաբերություն: Իրենք են մեր նկատմամբ թշնամի: Խոսում ենք սահմանի բացումից, իսկ հայ-թուրքական սահմանը եւ Հայաստան-Թուրքիա սահմանը տարբեր հասկացություններ են: Խոսքս հոգեբանական սահմանի մասին է», երեկ ՀԺԿ գրասենյակում նման կարծիք հայտնեց հրապարակախոս Գեւորգ Յազըճյանը:
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Եղյանն էլ նշեց, որ հարաբերությունների հաստատմանն ուղղված հայ-թուրքական բանակցություններն արդեն մտել են հայերի համար վտանգավոր փուլ: Նրա խոսքով` այսօր Հայաստանի իշխանությունները մոռացության են մատնել, որ Թուրքիան պետություն է ստեղծել հայերի պատմական հայրենիքի տարածքի մեծ մասի վրա:
Անկախության հռչակումից 20 տարի անց Հայաստանն ընտրել է զարգացման թուրքական ուղին: Այսպիսի տեսակետ հայտնեց կինոռեժիսոր, «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա, այդ զարգացման մասին են վկայում ոստիկանական պետություն ստեղծելու Հայաստանի իշխանությունների ձգտումը, բնակչության հոգեւոր մակարդակի անկումը «մինչեւ ծաղրանկարի աստիճանի», նյութական շահ հետապնդելու հասարակության մոլուցքը: Որ թուրքական արժեքների կրող են դարձել նաեւ հայ երիտասարդները, Տ. Խզմալյանի դիտարկմամբ, երեւում է նրանց հագուկապից եւ նախընտրած երաժշտությունից:
Տ. Խզմալյանը գտնում է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր պատրաստ չեն սահմանի բացմանը: «Պետք է ճիշտ հասկանանք. մենք` այս քննարկման մասնակիցներս, ոչ թե դեմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, այլ մտահոգված ենք մեզ սպառնացող վտանգներով», ասաց կինոռեժիսորը:
Թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով», գտնում է նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Վ. Մալխասյանի խոսքերով, հայ-թուրքական «սիրախաղը» եւս գին ունի. Թուրքիան հարաբերությունների կարգավորման դիմաց Հայաստանից պահանջում է կործանարար զիջումներ ինչպես ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու հարցերում: Նախկին ազատամարտիկը նշում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը եւ նախագահի մամլո ծառայությունը մինչ օրս ինչպես հարկն է չեն հերքել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունները, թե Ս. Սարգսյանը համաձայն է ստեղծել պատմաբանների հանձնաժողով:
Ն. Մ.