«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2009-04-15 | #68, 2009-04-16 | #69, 2009-04-17


Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՍԵՎԱՆԻՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրով Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվել է Երեւանի էկոլոգիական խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, երեկ «Էրեբունի պլազայի» «Դե ֆակտո» ակումբում հայտնեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Խումբը պետք է զբաղվի այդ խնդիրների ուսումնասիրմամբ եւ առաջարկի դրանց հնարավոր լուծումները: Աշխատանքային խումբն արդեն գումարել է առաջին նիստը եւ առաջիկայում որոշ առաջարկություններ կներկայացնի:

Խ. Հարությունյանը նշեց, որ Երեւանում առկա են բնապահպանական մի շարք լուրջ խնդիրներ, այդ թվումՙ օդային ավազանի աղտոտման, կանաչ տարածքների կրճատման: Ըստ նրա, տարբեր գնահատականներով կանաչ տարածքները մայրաքաղաքում 1 բնակչի հաշվով կազմում են 4,7-8 քմ, մինչդեռ պետք է լինի առնվազն 16 քմ: Մյուս կողմից, Երեւանում իրականացվող շինարարական աշխատանքները տարվում են բնապահպանական նորմերի խախտմամբ:

Հարությունյանը նշում է, որ իրենք գործնականում վարչական լծակներ չունեն, որ օրինակ, ազդեցություն ունենան բնապահպանության նախարարության որեւէ մարմնի վրա: Հանձնաժողովը կարող է հարցը բարձրացնել ԱԺ-ում, իսկ հետո առաջարկություն ներկայացնել` համապատասխան պաշտոնյային անվստահություն հայտնելու համար:

Ինչ վերաբերում է Սեւանին, ապա Հարությունյանը նշեց, որ կոնկրետ միջոցառումների ծրագիր է ներկայացվել ՀՀ նախագահին, թե ինչպես պահպանել Սեւանի պաշարները:

«Մենք առաջարկել ենք 4 տարով արգելել բոլոր տեսակի որսը Սեւանում. թողնել միայն ափամերձ տարածքում խեցգետնի եւ կարասի որսը. ոչ մի մոտորային նավակ չպետք է մտնի Սեւանա լիճ` արգելվում է: Մեծ ցանցեր այնտեղ այլեւս չեն լինելու», նշում է բանախոսն ու հավելում, որ խեցգետինն ու կարասը, ըստ գիտնականների եւ համապատասխան մասնագետների, պետք է հանել ջրից, քանի որ վնաս են հասցնում:

«Ես երեկ գտնվում էի Մարտունու տարածաշրջանում, ինձ համար զարմանալի էր` Սեւանի մայրուղուց մինչեւ Մարտունի մոտավորապես 20 տեղ ձուկ էին վաճառում: Սա այն պայմաններում, որ Սեւանում բառացիորեն այլեւս ձուկ չկա: Հիմա, չգիտես ինչու, որեւէ մեկը չի գնում այն քայլին, որ արգելի դա: Եթե ճանապարհի 4 կողմը մարդիկ անընդհատ ձուկ են վաճառում եւ այդ ճանապարհով երթեւեկում են իրավապահ մարմինները: Ոչ մեկը նրանց ձեռքը չի բռնում: Հիմա դատախազությունը գցում է ոստիկանության վրա, ոստիկանությունը տեսչության վրա եւ այլն», նկատում է Հարությունյանը:

Սեւանի եւ նրա կողքին ոսկու գործարան կառուցելու հարցը հասել է մինչեւ նախագահական եւ Ազգային Ժողով: «ՍՈՍ Սեւան» կազմակերպությունը այդ կառույցներին էր դիմել Սեւանը փրկելու կոչով: Երկու կառույցներում էլ խնդիրը քննարկել են, լրագրողներին պատմում էր պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, որն ընդգրկված է երկրի նախագահի ստեղծած` Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովում:

Մի շարք պատգամավորներ արդեն կարծում են, որ առաջիկայում Սեւանի օրենքը հնարավոր է, որ փոփոխվի: Դա անհրաժեշտ է, եթե որոշվի, որ Սեւանի մոտ պետք է ձեռնարկություն կառուցվի: Խոսքը «Գեոպրոմայնինգ» ընկերության ոսկու գործարանի մասին է: Գործող «Սեւանի մասին օրենքի» 10-րդ հոդվածը արգելում է Սեւանի ջրհավաք ավազանում նման կարգի ձեռնարկության կառուցումը: Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ օրենքը փոխելու ազդակներ խորհրդարանում չկան. «Առաջին հերթին այդպիսի օրենքը պետք է գա մեր հանձնաժողով: Ես ձեզ ուղղակի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր նման բան չկա: Պաշտոնական շրջանակներում նման բան դեռեւս չկա: Ասենք` կարող է, «Գեոպրոմայնինգը» դիմել է ինչ-որ համապատասխան ակադեմիայի, ինստիտուտների, որոնք պետք է հետազոտություններ կատարեն, բայց այդ ինստիտուտներն էլ չեն ասել, որ հետազոտել են եւ եզրակացություններ արել»:

Իսկ եթե, ամեն դեպքում, «Սեւանի մասին օրենքի» փոփոխության առաջարկը բերվի խորհրդարան, ապա պատգամավորն արդեն գիտի, թե ինչպես է քվեարկելու:

«Ոչ, չեմ կարող կողմ լինել», նշեց նա:

Ըստ մասնագետների հաշվարկների`այս տարի Սեւանից նախատեսվում է 147-150 մլն խորանարդ ջուր բաց թողնել: Որն, ըստ Հարությունյանի, նորմայի շրջանակներում է:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4