«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2009-04-15 | #68, 2009-04-16 | #69, 2009-04-17


ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի եւ Արցախի մշակույթի նախարարությունների միջեւ ապրիլի 15-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որով նոր հնարավորություններ են բացվում այս ոլորտում:

Երկու նախարարները մինչ այդ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ներկայացրել այն կարեւոր խնդիրները, որոնք այսօր ծառացած են մշակույթի բնագավառում:

Մասնավորապես, ինչպես լրագրողներին ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հրատապ է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի հարցը: Չկան շենքային նորմալ պայմաններ, թույլ է ստեղծագործական կազմի ներուժը:

Առաջնահերթ են նաեւ մշակութային կրթությանն առնչվող խնդիրները: Դրանք, ըստ Հ. Պողոսյանի, ծրագրային ամփոփ փաթեթով արդեն լուծում են ստացել Հայաստանում, եւ անհրաժեշտություն է առաջացել ներդնելու նաեւ Արցախում:

Փոխայցելություններն ու հյուրախաղերը, որոնք թեպետ պարբերական բնույթ են կրում, այդուհանդերձ, չեն կարող բավարար լինել, քանզի կան շատ ավելի ընդգրկուն խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, գտնում է ՀՀ մշակույթի նախարարը:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը նույնպես գոհ է հանդիպումից եւ առհասարակ այն բոլոր պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել: «Մենք չպետք է երկրորդական խնդիրներ առանձնացնենք: Հրատապ խնդիրներին զուգահեռ` լուծում կտանք նաեւ մյուսներին, որովհետեւ մշակույթը կարող է զարգանալ միայն համալիր լուծումներով: Ես ոգեւորված եմ համաձայնագրի հեռանկարայնությամբ: Առավել շատ ոգեկոչված եմ հայաստանյան իմ գործընկերոջ վճռականությամբ ու պատրաստակամությամբ: Համոզված եմ, ԼՂՀ իշխանությունների օժանդակությամբ համաձայնագրի բոլոր կետերն էլ կյանքի են կոչվելու, եւ մի շարք խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մտահոգության կիզակետում էին, կլուծվեն տեսանելի ապագայում»,- «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասաց նա:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4