«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ՃԳՆԱԺԱՄԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակում է նորանոր խնդիրներ ստեղծել աշխարհում եւ մտահոգել բոլոր երկրների կառավարություններին: Դժվար է ասել, թե որքա՞ն այն կշարունակվի կամ անցել ենք ճգնաժամի հատակը, թե՞ ոչ: Սակայն պարզ է, որ ճգնաժամի արագ հաղթահարումը կախված է երկրների կառավարությունների արդյունավետ քայլերից: Այս առումով ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի կառավարությունը, որքանո՞վ են դրանք արդյունավետ եւ ի՞նչ կարելի է անել ճգնաժամն ավելի արագ հաղթահարելու համար:

Ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերն են արտերկրից (Ռուսաստան, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Ասիական զարգացման բանկ եւ այլն) վարկային միջոցների ներգրավումը, դրանք փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանն ուղղելը, տեղական արտադրության զարգացման խթանումըՙ այդ թվում նաեւ պետական անմիջական ֆինանսավորմամբ: Արդեն կոնկրետ օրինակներ կան, երբ տեղական արտադրության մրցունակ ընկերությունները պետական ֆինանսավորում են ստացել:

Հակաճգնաժամային հաջորդ ուղղությունը, որի մասին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն է, որը նպատակ ունի խթանելու համախառն ներքին արդյունքի աճը, բարձրացնելու տնտեսական ակտիվությունը եւ ապահովելու աշխատատեղեր: Խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու, բենզինի եւ դիզվառելիքի խողովակաշարի, նոր ատոմակայանի կառուցման, աղետի գոտում մեծածավալ շինարարական աշխատանքների, գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրերի մասին է: Եթե առաջին երեք ծրագրերը դեռ գտնվում են փաստաթղթային փուլում, ապա աղետի գոտու եւ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրերը շուտով կսկսվեն: Ասիական զարգացման բանկից ֆինանսավորվող մոտ 10-11 մլրդ դրամի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի մրցույթներն արդեն ավարտվել են: Գրեթե նույնքան պետական միջոցներ էլ ուղղվել են աղետի գոտու շինարարությանը:

Շինարարության ծավալները վերականգնելու համար կառավարությունը վերջերս եւս մեկ կարեւոր քայլ կատարեց, հայտարարելով 20 մլրդ դրամի պետական երաշխիքների տրամադրման, իսկ Կենտրոնական բանկըՙ 5 մլրդ դրամի հիպոթեկային հիմնադրամի ստեղծման մասին:

Փաստորեն, ամփոփ սրանք են Հայաստանում ճգնաժամի հաղթահարման այն հիմնական միջոցառումները, որոնց իրականացման դեպքում Հայաստանի իշխանությունները հույս ունեն նվազագույն կորուստներով դուրս գալ ճգնաժամից: Կառավարության եւ վարչապետի «թափանցիկ գործունեությունը, հաստատակամությունը եւ վստահությունը վաղվա օրվա նկատմամբ» մամուլի ասուլիսի ժամանակ ողջունելի համարեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այդ միջոցառումների արդյունավետությունը, սակայն, նկատելի կլինի ավելի ուշ, առնվազն այս տարվա երկրորդ կեսին: Մինչ այդ մեր երկիրը պետք է դիմակայի միջազգային ճգնաժամի հարուցած ամենալուրջ փորձություններից մեկինՙ Հայաստանից արտերկիր մեկնող աշխատանքային միգրանտների եւ նրանց ուղարկած փոխանցումների նվազմանը:

Որոշ գնահատականներով, այս տարի արտագնա աշխատանքների մեկնողների թիվը (տարեկան մոտ 60 հազար մարդ) կնվազի կիսով չափ: Հետեւաբար մասնավոր փոխանցումների ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ Հայաստանում գործազրկության մակարդակը կավելանա: Վերեւում հիշատակած կառավարության ձեռնարկած քայլերը ուղղված են նաեւ այս փորձության հաղթահարմանը, որից հետո միայն կարող ենք ասել, որ ճգնաժամի հատակն անցել ենք:

Սակայն, մյուս կողմից, հարկ ենք համարում անդրադառնալ այն միջոցառումներին, որոնց իրականացումը կնպաստեր ճգնաժամից դուրս գալու գործընթացին, եւ որոնք կամ դանդաղում են, կամ չեն իրականացվում կառավարության կողմից:

Վերջերս վարչապետը հանդիպումներ ունեցավ տեղական արտադրության ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում վերջիններս հանդես եկան իրենց առաջարկներովՙ ուղղված տեղական արտադրության խթանմանը: Դրանք պետք է օրենսդրական փոփոխությունների տեսք ստանային: Առայժմ ոչ մի ոլորտի վերաբերյալ օրենսդրական փոփոխության առաջարկ չի ներկայացվել կառավարության հաստատմանն ու ԱԺ քննարկմանը: Հարկ է այդ գործընթացը հնարավորինս արագացնել:

Հարկային եւ մաքսային բարեփոխումները դանդաղ են ընթանում: Հարկման բազայի միասնական ցանցի ստեղծումը, ստուգումների իրականացումը ըստ դրանում արձանագրված տվյալների, ՀԴՄ-ների համատարած տեղադրումը դեռ իրականություն չեն դարձել: Մինչ այժմ տոնավաճառների մեծ մասում կամ տեղադրված չեն, կամ չեն կիրառվում ՀԴՄ-ները, թեեւ դա պետք է կատարված լիներ դեռ անցյալ տարվա վերջին:

Մաքսային համակարգում շատ են դժգոհությունները այսպես կոչված կողմնորոշիչ գների կիրառումից, երբ մաքսային կոմիտեն չհավատալով ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրում նշված արժեքին, ապրանքը մաքսազերծելիս կիրառում է շուկայական գները: Անշուշտ, քիչ չեն այն դեպքերը, երբ բիզնեսն է ոչ արժանահավատ հաշիվ-ապրանքագրեր ներկայացնում: Սակայն, մյուս կողմից, կողմնորոշիչ գները սուբյեկտիվ մոտեցման լայն հնարավորություն են ընձեռում մաքսավորների համար: Ավելին, վերջերս շուկայական գներով կողմնորոշվելիս, նրանք հիմք են ընդունում ոչ թե ներկայիս արդեն իսկ իջած շուկայական գները, այլ մի քանի ամիս առաջ եղածը: Այստեղ նույնպես հրատապ լուծումներ են անհրաժեշտ:

Եվ վերջինը, որ կցանկանայինք մատնանշել: Շինարարության վերաշխուժացմանը նպաստող 20 մլրդ դրամի պետական երաշխիքների տրամադրումը թեեւ կարեւոր քայլ էր, բայց միայն որոշ չափով կվերականգնի այստեղ նկատվող անկումը, քանի որ այն ուղղվելու է ավարտման փուլում գտնվող շենքերի ֆինանսավորմանը: Սակայն սառեցված են մնալու քաղաքաշինական այն խոշոր ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Երեւանում: Առնվազն երեք խոշոր իրացման գոտիներում («Ֆիրդուսնոց», Կոնդ, Կոզեռն) իրացման աշխատանքների սկիզբը կառավարության որոշմամբ հետաձգվեց 1-2 տարով: Եթե առաջին երկուսում դրանք սկսվել էին, ապա երրորդում (Կոզեռնում) իրացման գոտի ճանաչվելու արդեն 5-րդ տարին է լրացել, սակայն ոչինչ մինչ այժմ այս ուղղությամբ չի արվել: Այդ խոշոր քաղաքաշինական ծրագրերի սառեցման հետեւանքով աշխատատեղեր են նվազում, իսկ այդ տարածքների բնակիչները շարունակում են մնալ անորոշ սպասողական վիճակում: Այդ իրավիճակը վերացնելու համար ոչ թե պետք էր երկարացնել առանց այն էլ մի տարուց մյուսը փոխանցվող ծրագրերի սկիզբը, այլ այդ տարածքների կառուցապատման համար հայտարարել նոր, անգամ միջազգային մրցույթ: Եթե ներկայիս կառուցապատողներն ի վիճակի չեն կատարել իրենց պարտավորությունները, ապա հարկ է դիմել այլ քայլերի: Նույն ճգնաժամը չխանգարեց, որ, օրինակ, իտալական «Ռենկոն» իրականացնի իր քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում: Հաստատապես կգտնվեին նմանատիպ շինարարական այլ ընկերություններ, որոնք պատրաստ կլինեին ներդրումներ կատարել եւ շինարարություն սկսել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4