Համահայկական մտատանջությունը, թե հաջորդ ուրբաթ ի՞նչ կասի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե ոչ, ըստ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, իհարկե, կարեւոր է` նախ Հայաստանի, Թուրքիայի, բայց առավելաբար` ԱՄՆ-ի համար, որովհետեւ նժարի վրա դրված է Ամերիկայի պատմագրությունը, դրա ամբողջականությունը, վերջապես այդ պետության դեսպանն էր Պոլսում, նրա հյուպատոսներն էին Խարբերդում եւ այլուր, ովքեր ապացուցեցին, վկայաբերեցին եւ փաստարկեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այսօր ամերիկյան պետական պահոցներում կան հազարավոր փաստաթղթեր, հատկապես` փաստաթղթային խումբ 59-ում, որոնք աներկբայորեն ապացուցում են ցեղասպանության ահավոր ոճիրը, ուստի թե ինչ եզր կգործածի` դա իր գործն է: իսկ մենք եկել-քննարկում ենք սահման բացելու-փակ պահելու խնդիրը. «Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է միակողմանիորեն, թուրքական պետության կողմից, ի խախտումն թե միջազգային իրավունքի բոլոր գործող կանոնների: Իրենք խախտել են իրենց իսկ հեղինակած, իրենց իսկ հղում կատարած Կարսի պայմանագիրը», ասաց Ր. Հովհաննիսյանը «Հայացք» ակումբում, նշելով, որ թուրքերի գործն է` եթե իրենք ուզում են բացել, թող բացեն, մենք էլ պետք է բացառենք, որ Թուրքիայի սահմանի բացումը օգտագործվի ինչ-որ հավելյալ զիջումներ գործելու համար: Մինչդեռ փոխարենն ի՞նչ ենք տեսնում Թուրքիայի կողմից` ցեղասպանության հարցով ժխտողականության, ուրացման քաղաքականության շարունակություն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ փոխկապակցելու, նախապայման առաջարկելու անփոփոխ քաղաքականությունը: Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դարձած Թուրքիայի վարչապետի մակարդակով անցած շաբաթ ի՞նչ լսեցինք, հարցրեց Ր. Հովհաննիսյանը, որ նա ուզում է այնտեղ Հայաստանը տեսնել որպես օկուպանտ, որպես բռնազավթիչ. «Եթե Թուրքիայի վարչապետը թույլ է տալիս իրեն այդպիսի խոսքեր ասել, ուրեմն ինքը թող նաեւ հրապարակայնորեն իրեն հարց տա` քանի՞ ժողովուրդների հայրենիք է օկուպացված եւ բռնազավթված իր պետության եւ իր պետության նախորդի կողմից` հայոց բնօրրանը, քրդերինը, ասորիներինը, Պոնտոսի հույներինը, եզդիներինը եւ այլն»: Կամ պիտի առաջ գնանք` առանց որեւ նախապայմանի առաջադրման, կամ էլ պիտի բոլորս մեր նախապայմանները, մեր տեսակետները, մեր չլուծված «Ժառանգության» հրամայականները դնենք սեղանի վրա, սա էր Հովհաննիսյանի առավելապաշտական պատասխանը թուրքերին` դիտողությամբ. երբ խոսում են օկուպացիայի, բռնազավթման մասին, թող ամեն մեկն իրենից սկսի:
Նա հիշեցրեց, որ Միջազգային ճգնաժամային խումբն առաջնորդվում է կողմնակալ քաղաքականությամբ. պետք է նայել, թե ովքե՞ր են տնօրենները, հոգաբարձուները` ասենքՙ ամերիկյան նախկին կոնգրեսմեն Սթիվեն Սոլարդը, որ կոչվում էր «Ստամբուլի կոնգրեսական» Նյու Յորքից, ինչպես նաեւ այդ կազմակերպության տնօրենները` տիկին Ֆրեյզերը, պարոն Փոպը, որոնք արդյոք շահի բախում, կողմնակալություն չունե՞ն, ընտանեկան, ֆինանսական կամ այլ եղանակի դրդիչ... «Թե՞ իրենք իսկապես արտացոլում են այն, ինչ որ Հայաստանի իշխանությունը որպես օրակարգ ընդունել է: Հուսով եմ, որ ոչ, բայց չի բացառվում:
Իսկ ահա կետերից մեկն ինչ է, որ ՀՀ-ն առանց ամբողջական հանգուցալուծման Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը վերահաստատի. եթե ՀՀ-ն թեկուզ պատրաստ է նման քննարկման, ապա այդ նույն փաստաթղթում պետք է լուծված լինի Հայոց հարցը` իր ողջ բովանդակությամբ եւ բաժանարար բոլոր հարցերի լուծմամբ»:
Շատ է խոսվում ֆուտբոլային դիվանագիտության մասին` ամեն պատմական շրջան իր տրամաբանությունն ունի, բայց, ըստ Հովհաննիսյանի, պետք չէ կարծել, որ սա չին- ամերիկյան ինչ-որ ավանդույթի նախադեպի շարունակությունն է: Այնտեղ գոնե սիմետրիա կար, այնտեղ երկու գերտերություններ են, ովքեր սպորտն օգտագործեցին իրենց հարցերը աստիճանաբար լուծելու համար, իսկ մեզ մոտ ասիմետրիա կա. մի կողմում պետություն է, որը հայրենազրկվել է, իսկ մյուսում` պաշտոնապես ուրացման քաղաքականությունը շարունակող պետություն. «Մենք պիտի վերականգնենք սիմետրիան, կամ ոչ մի նախապայմանով առաջ գնանք, ինչպես Հայաստանի երեք նախագահությունները շատ շրջահայացորեն առաջարկել են, կամ` արդեն ժամանակը եկել է, որ բոլորը իրենց նախապայմանները, ազգային իրենց հարցերը դեմ-դիմաց դնեն սեղանի վրա, եւ դիվանագիտական օրակարգը պարզվի բոլորի համար»:
Ր. Հովհաննիսյանն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկանա պահի լրջությունը եւ, Հովհաննիսյանի բառերով, «ընտրությունների միջոցով չստացած մանդատի փոխարեն» գոնե իր քայլերի միջոցով կարողանա փաստարկել, որ ներկայացնում է հայ ժողվրդի քաղաքացիական հատվածի եւ ազգի շահերը: «Պահն է, որ մակերեսային, ձեւական շփումներից անցում կատարվի դեպի բովանդակային խնդիրների լուծումներ, որովհետեւ արդեն պարզ է, որ հարեւան պետությունն ինքը փորձում է իր իսկ իրագործած շրջափակման վերացման դիմաց տեսակետների փոփոխություններ գործել, զիջումներ, փաստաթղթեր (պարտադրել-Մ.Խ.) , որոնք ընդհանրապես կապ չունեն սահմանի, բլոկադայի վերացման հետ: Այնպես որ, այո, զգում եմ, որ Հայաստանի իշխանությունն ըստ արժանվույն չի հետապնդել Հայաստանի շահն այս ուղղությամբ»:
«Ազգի» հարցն այն մասին էր, թե ե՞րբ վերջապես պետության ղեկավարը հայ-թուրքական հարաբերություններում կառաջնորդվի մի փաստաթղթով կամ հայեցակարգով, որն ինչ-որ ատյաններում (ասենքՙ խորհրդարանում) քննարկվել եւ ընդունվել է ու գծում է մոտեցումների սահմանը: Հովհաննիսյանը համաձայնեց, որ դրա անհրաժեշտությունը կա, անգամ` այդպիսի, թող որ այլընտրանքային եւ մի քանի փաստաթղթերի առկայությունը հարկավոր է:
Լրագրողի այն հարցին, թե հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելո՞ւ է, Հովհաննիսյանը պատասխանեց. «Պաշտոնի համար չէ, որ ես կամ իմ ընտանիքն այստեղ ենք, պաշտոնը եւ աթոռը թող ուրիշին մնան, մեր երկիրը դառնա քաղաքացիական, իրավական եւ ազգային երկիր», ասաց` նկատելով, թե երկիրը լքելու մասին լուրերին ի պատասխան` այդ խոսակցությունները 17-18 տարի շրջանառվում են: Այդ կարգի պատվերով լուրեր Հայաստանի երեք նախագահների օրոք էլ եղել են, թեեւ այս նախագահի օրոք մի քիչ ավելի մեղմ եւ միջնորդավորված: Ի դեպ, մի այլ հարցի էլ պատասխանելով` նախագահ Սերժ Սարգսյանին Հովհաննիսյանը «աշխատասեր» բնորոշումը տվեց:
Երեւանի ավագանու ընտրություններին. «Պատրաստ եմ հետեւելու բոլոր թեկնածուների քարոզարշավներին` մաղթելով թե ՀԱԿ-ի ցուցակին եւ Հայաստանի առաջին նախագահին, իմ լավ բարեկամ Ստեփան Դեմիրճյանին եւ մյուս մասնակիցներին, ինչպես նաեւ մրցակից բոլոր ցուցակներին բարի ընտրություն»: Իր քվեարկությունն էլ մայիսի 31-ին կատարելու է խղճի մտօք եւ «Ժառանգության» հորդորով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ