«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԸՙ ԱՀՆԻՁՈՐՈՒՄ

Լիբանանյան մայրիներ Հրանտ Մաթեւոսյանի այգում

Ապրիլի 15-ին մարդաշատ էր Հրանտ Մաթեւոսյանի հայրենի տունը Ահնիձորում, ուր այժմ բնակվում է նրա կրտսեր եղբորՙ Համլետ Մաթեւոսյանի ընտանիքը:

Բանաստեղծ Հրաչյա Սարուխանի եւ ահնիձորցիների հետ սպասում էինք պատվարժան հյուրինՙ ռուս հայտնի գրող, հրապարակախոս Անդրեյ Բիտովին, ում հայ ընթերցողը ծանոթ է «Հայաստանի դասերը» եւ այլ գրքերից, մամուլում տպագրված էսսեներից եւ հրապարակախոսական հոդվածներից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Ա. Բիտովը ժամանել էր Հայաստան եւ այդ օրն իր գրչակից ընկերոջ ու վաղեմի բարեկամի այգում պետք է տնկեր լիբանանյան մայրիներ:

Ռուս գրողի հետ Երեւանից Ահնիձոր ժամանեցին Հ. Մաթեւոսյանի զավակներըՙ Դավիթ եւ Շողեր Մաթեւոսյանները, արձակագիրներ Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը, Նելլի Շահնազարյանը, Լեւոն Խեչոյանը (Հր. Մաթեւոսյանի անվան մրցանակի դափնեկիր), լրագրողներ եւ ուրիշներ:

Նրանքՙ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ուղեկցությամբ մինչ Ահնիձոր գալը այցելել էին Դսեղում գտնվող Հովհ. Թումանյանի տուն-թանգարան:

Մայրիներից մեկը տնամերձ այգում տնկեցին Ա. Բիտովն ու Հր. Մաթեւոսյանի մանկական ընկերըՙ ահնիձորցի Զավեն Քառյանը:

Մյուս մայրին տնկվեց Հրանտ Մաթեւոսյանի անունից: Այգում այլ ծառատեսակներ տնկեցին գրողի գրչակից ընկերները: Ա. Բիտովը հուզված էր եւ ոգեւորված

- Մորս ազգանունը Կեդրովա է (kegp-մայրի), որը հոգեւորականի ազգանուն է, հետեւաբար նրա ապուպապերը հոգեւորական են եղել,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Բիտովը: - Իմ փոքրիկ հայրենիքը Սանկտ Պետերբուրգի բուսաբանական այգին է, լիբանանյան այս մայրիները ես կարող էի այնտեղ տնկել: Սակայն Դավթի հետ որոշեցինք գալ Ահնիձոր եւ ծառերը տնկել Հրանտ Մաթեւոսյանի այգում: Այսօր մեծ չորեքշաբթի է, ուղղափառ եկեղեցին նշում է Զատկի տոնը, որով եւս օրը կրկնակի խորհրդանշական է դառնում: Չեմ հիշումՙ Հրանտ Մաթեւոսյանը եւ մայրս հանդիպե՞լ են արդյոք, սակայն ես նրան շատ եմ պատմել հայ գրչեղբորս մասին: Կարծում եմՙ հոգեւոր կապը այսօրվա իրադարձության հետ լիովին արդարացված է:

Այս ծառերը իմ մորՙ Օլգա Կեդրովայի եւ Հրանտի մորՙ Արուսյակի պատվին թող լինենՙ խորհրդանշելով նրանց հիշատակը: Իզուր չէ, որ Հրանտի որդիներն ինձ Անդրեյ հորեղբայր են անվանում: Այս արեւի տակ պատահական ոչինչ չի լինում, ամեն ինչ կարգավորվում է Աստծո կողմից:

Մեր այն հարցին, թե ինչ տպավորություն է ստացել Լոռվա բնաշխարհիցՙ Ա. Բիտովը պատասխանեց.

- Լոռվա այս հատվածըՙ Դսեղից մինչեւ Ահնիձոր, փոքրիկ Շվեյցարիա է, այստեղ, իմ կարծիքով, պետք է ներդրումներ անել եւ դարձնել արգելավայր, զբոսաշրջության կենտրոն, մանավանդ որ նշված գյուղերը հայ երկու մեծ գրողների ծննդավայրն են: Այդ ժամանակ արդեն նաեւ մեծ գումարներ կլինեն, այս տարածաշրջանի բնակավայրերում ապրողների կյանքը նույնպես կբարելավվի:

Իսկ ճգնաժա՞մըՙ հարցին նա պատասխանեց.

- Ճգնաժամ չկա, դա ուղղակի համաշխարհային խումհար է: Նրանք անընդհատ կերել են, խմել, ծախսել ու վատնել եւ այժմ խումհարի մեջ են: Երեւի Հրանտն այս ամենը կանխազգում էր, ինչն արտահայտվել է նրա ստեղծագործություններում:

Աստված այս անգամ էլ կների, օգնության կհասնի մարդկանց, քանզի նրանց մեջ հանդիպում են նաեւ լավերը, թեեւ` քիչ:

Ա. Բիտովը Հր. Մաթեւոսյանի հետ առաջին անգամ հանդիպել եւ ծանոթացել է 1965-ինՙ բարձրագույն գրական դասընթացներում միասին սովորելիս:

- Հրանտի հետ իմ ծանոթության, նրա հետ մեր ընկերության, գրողի ստեղծագործության մասին ես գրել եմ իմ «Հայաստանի դասերը» գրքում, ուր յոթ գլուխներից մեկը հենց այս թեմային է վերաբերում: Դեռեւս 1967-ին ես գրախոսություն եմ գրել Մաթեւոսյանի «Մենք ենք, մեր սարերը» գրքի մասին: Նա ռուսերեն ամենաշատ թարգմանված հայ գրողներից է: Իսկ իմ Հայաստանը սկսվել է Մաթեւոսյանով եւ շարունակվել մյուս ընկերներով: Երբ այս անգամ Հայաստան գալիս ինքնաթիռում փորձեցի մտաբերել, թե որերորդ անգամ եմ լինելու այս հրաշալի երկրում, հաշիվները խառնեցի: Ես Հայաստանի մասին երեւի արդեն գրել եմ ամեն ինչ:

Այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է Հայաստանի գրական գործընթացների մասին, Ա. Բիտովը պատասխանեց.

- Իմ կարծիքովՙ ոչ մի տեղ գրական ոչ մի գործընթաց էլ չկա, գործընթացը դատական է լինում: Իր տանը նստած է բոլորին անհայտ Հրանտը եւ գրում է. սա է գրական գործընթացը: Իսկ հետո նա հայտնի է դառնում: Մնացածը գրաքննադատների գործն է:

Սեղանի շուրջը խոսակցությունն առավել անմիջական էր եւ ջերմ: Մտահղացումների եւ գաղափարների մասին նա ասաց.

- Աշխարհում իրագործվում են միայն անհուսալի գաղափարները: Դա ես հաստատ գիտեմ: Այն սխեմաները, որոնք ճշգրիտ հաշվարկված են, արագորեն ոչնչության են վերածվում: Իսկ անհուսալի գաղափարները միշտ էլ մեծ աջակցություն են ստանում: Կուզենայի խոսել նաեւ կարճ եւ երկար հիշողության մասին: Կարճ հիշողությունը տունն է, որտեղ ապրել է մարդը, եւ կապված նրա հարազատների ու ծանոթների հետ: Իսկ երկար հիշողությունը, որը վաստակել է Հրանտը, նրա գրքերն են, անմահ ստեղծագործությունները: Կարճ եւ երկար հիշողության փոխառնչությունը շատ բարդ է: Մենք եղանք Թումանյանի տուն-թանգարանում, տեսանք նրա արձանը, այդ ամենի շուրջը պահպանված պեյզաժը: Այնտեղ համադրված են կարճ եւ երկար հիշողությունները, որն, իհարկե, հնարավոր չէր, առանց նրա բարձրարժեք ստեղծագործությունների:

Գրողի հիմնական նպատակը պետք է լինիՙ պահպանել էկոլոգիական հիշողությունը:

- Լոռվա այս չքնաղ անկյունումՙ Ահնիձորում, մեզ հավաքել է մի մարդ, ով հայ ժողովրդի կյանքում ունեցել է մեծ նշանակություն,- ողջունելով հյուրերին, ասաց Արամ Քոչարյանը:- Յուրաքանչյուր հայ մարդ, եթե նույնիսկ չի էլ կարդացել Մաթեւոսյանի արձակը, գոնե հիշում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը:

Օրը գեղեցիկ էր ու ջերմՙ հագեցած մաթեւոսյանական շնչով: Նրա մասին հուշեր պատմեցին ե՛ւ գրողները, ե՛ւ այն ահնիձորցիները, ովքեր անձամբ ճանաչել են Հրանտ Մաթեւոսյանին:

Ա. Բիտովին հրաժեշտ տալու ժամանակ հարցրինք, թե ե՞րբ է հաջորդ անգամ գալու Հայաստան:

- Եկող տարի շատ մեծ առիթ կա Հայաստան գալու: Ես անպայման կգամ եւ կմասնակցեմ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի հանդիսությանը, ասաց նա:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4