Չորս տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում երաժիշտ Արա Գեւորգյանի նախաձեռնությամբ եւ Ալֆրեդ Թերզիբաշյանի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվեցին քյամանչայի եւ թառի ուսուցման անվճար դասընթացներ: Նպատակը ժողովրդական գործիքների հանդեպ պատանիների մարող հետաքրքրության արթնացումն էր նաեւ հաջողելու դեպքում ժողովրդական նվագարանների մանկապատանեկան համույթի ստեղծումը:
Համույթի գոյությունն իրականություն դարձավ նախորդ տարվա օգոստոսի 27-ին եւ այդ օրվանից էլ կոչվեց «Նարեկացի» ժողովրդական նվագարանների մանկապատանեկան համույթ, որը բացի երաժիշտ կատարողներից ունի նաեւ երգիչներ:
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Նարեկացի» համույթը գեղարվեստական ղեկավար, ճանաչված թառահար Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ հանդես եկավ համերգով: Ինչպես պնդում է համույթի գեղարվեստական ղեկավարը. «Նպատակը հայկական նվագարանների հանդեպ սեր եւ հետաքրքրություն առաջացնելով երիտասարդ երաժիշտների մեջ ու նրանց միջոցով նոր շունչ եւ կյանք տալն է նվագարաններին եւ դրանով իսկ հայկական մշակույթի զարգացմանը նպաստելը»:
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների մանակապատանեկան համույթը արդեն հանդես է եկել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Սիսիան, Գորիս, Մասիս քաղաքներում: