ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն 26 տարիՙ 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ այդ օրը նշվում է «Ժառանգությունը եւ գիտությունը» խորագրի ներքո: Շարժառիթը ՄԱԿ-ի կողմից 2009-ը Աստղագիտության միջազգային տարի հռչակելն էր:
Այդ կապակցությամբ հանրությանը կներկայացվի «Հայաստան. հնագույն աստղագիտության երկիր» լուսանկարների ցուցահանդեսը, «Արարատ» հեռուստաալիքով կցուցադրվի 1968 թվականին «Երեւան» կինոմիավորման նկարահանած «Մեծամորի առեղծվածը» վավերագրական ֆիլմը: «Հիշատակ RAA» կազմակերպության հիմնադիր Արմեն Հախնազարյանի ցուցահանդեսում կլինի նաեւ «Սաղմոսավանք. Արմեն Հախնազարյան» վահանակը:
Տեղի կունենա անցյալ տարեվերջին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում «Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ-ում եւ արտերկրում» թեմայով կայացած կլոր-սեղան հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
Թվարկվածը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունըՙ ԻԿՕՄՕՍ հասարակական կազմակերպության, Տուրիզմի հայկական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ն. Պ.