ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ քննարկելով ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, կարեւորագույն խնդիր է համարել Արցախի էներգետիկ անկախության հասնելը, որը հնարավորություն կտա նաեւ էլեկտրաէներգիա արտահանելու: Դրական տեղաշարժեր կան, նշել է վարչապետը, սակայն անելիքներն ավելի շատ են:
Ոլորտի զարգացման նպատակով միջոցներ են ներգրավված ինչպես պետական, այնպես էլ բանկային աղբյուրներից, իսկ բարեփոխումը կընթանա առավելապես կորուստների նվազեցման եւ կայանների վերազինման ուղղությամբ, շեշտել է նա:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ ներկայացվել են ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները, ըստ որոնց` համակարգում շահույթն ավելի շատ է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ, համեմատաբար նվազել են կորուստները:
Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին, այդ շրջանակում անընդունելի համարելով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Նա ընդգծել է Մարտակերտի, Հադրութի եւ Ստեփանակերտի բաշխիչ էլեկտրացանցերումՙ առեւտրային եւ տեխնիկական կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ հետեւողական աշխատանք տանելու անհրաժեշտությունը, նշելով, որ շահված միջոցները կներդրվեն ոլորտի զարգացման ծրագրերում` զուգահեռաբար բարձրացնելով համակարգի աշխատողների աշխատավարձը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ