«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2009-04-17 | #70, 2009-04-18 | #71, 2009-04-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՆՎԱԶԵԼ Է 6,1 ՏՈԿՈՍՈՎ

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 6,1 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 93,9 տոկոսը կամ շուրջ 465,5 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին արձանագրված անկումը կազմել էր 3,7 տոկոս: Փաստորեն, տնտեսական անկումը Հայաստանում խորանում է: Նշենք, որ մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 22,1 տոկոսով տնտեսական աճ: Այդուհանդերձ, եռամսյակային անկումը զգալի է:

Արդյունաբերության անկումը կազմել է 9,5 տոկոս: Միաժամանակ, մարտին փետրվարի համեմատ այստեղ աճ է արձանագրվել 1,9 տոկոսով, իսկ այս տարվա երկու ամիսների համեմատ երեք ամիսներին արդյունաբերական անկումը նվազել է 0,2 տոկոսով: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը հունվար-մարտին կազմել է 9,1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 16,2 տոկոսով: Գումարային առումով ամենամեծ նվազումն արձանագրվել է հենց արդյունաբերության մեջ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 5,1 տոկոսով: Ծառայությունների ոլորտում անկումը կազմել էՙ 0,7 տոկոս: Աճ արձանագրվել է միայն մանրածախ առեւտրումՙ 3,9 տոկոս:

Շարունակում է ավելանալ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը: Այս տարվա առաջին եռամսյակում այն ավելացել է 5,3 տոկոսով: Ավելացել է նաեւ միջին աշխատավարձըՙ 16,4 տոկոսով, կազմելով 97,9 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 80 հազար դրամ, մասնավորումՙ 123 հազար դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 782 մլն դոլարՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27,7 տոկոսով: Արտահանումը կազմել է 123 մլն դոլարՙ նվազելով մոտ 47 տոկոսով, ներմուծումը 658,5 մլն դոլարՙ նվազելով 22,2 տոկոսով:

Այսպիսով, թեեւ յուրաքանչյուր հաջորդ ամիս նախորդ ամսվա համեմատ աճ է արձանագրվում եւ տնտեսական ակտիվությունն ավելանում է, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ցուցանիշները նվազում են ցույց տալիս: Միաժամանակ հարկ է նշել, որ դեռ նոր է սկսվում իրականացվել խոշոր ենթակառուցվածքային եւ վարկային ծրագրերի մի մասը, որի արդյունքում ՀՆԱ-ի ավելացման արդյունքները նկատելի կլինեն ամռան ամիսներին: Իսկ մինչ այդ, գարնան ամիսներին, ինչպես նշել էինք նախկինում, անհավանական է, որ մեր տնտեսությունը անկումից դուրս գա զրոյական մակարդակի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4