Նաեւ ժամանակի մասին, որ գոյություն չունի
Գոնե նրանք, ինչպես ժողովուրդն է ասում, օրվա ապրուստը ճակատի քրտինքով վաստակողները, թվում է, համարձակ կլինեն, ճշմարտության մասին կարող են ավելի բաց խոսել ու հետեւանքների մասին չմտածել: Բայց, չէ, վախվորած են, նույնիսկ պատանի զրուցակիցս (հարց ես տալիս, ասում է` բոլորի՞ն եք այդպես հարցնում): Մեր կյանքն այնպես են սարքել, որ մի բանի տեր եղողը ձայնը կտրած ու աչքը փակ է ապրում, եթե մի բան այնպես չասի կամ անի, ձեռքից կառնենՙ պաշտոն, ունեցվածք, եղած-չեղած: Ու անգամ շուկայի կիտրոնավաճառը վախենում է ծպտուն հանել, այլապես իր խղճուկ ապրուստը ապահովող այդ մեկ մետր քառակուսուց էլ կարող է զրկվել:
Մեր հասարակության մի ստվար մաս իր աշխատանքային առօրյան սկսում է փոքր ու մեծ խանութ-կրպակների դուռը բացել-փակելուց, նույն իրերը հանել-շարել-վերցնելուց, մեկ-մեկ էլ խաչբառ լուծելով, բաղձանքով հաճախորդ սպասելով: Մթերքի շուկաներում առեւտուրը ցերեկն ավելի աշխույժ է, ամենքը զբաղված են: Երեկոյան, երբ ամեն ինչ հանդարտվում է, նրանցից ոմանք, որ մինչ կեսգիշեր մնում են, երկար կխոսեն, կբողոքեն, բայց միշտ կասեն կեսճշմարտություններ: Վախենում են: Ու հասարակության մյուս շերտերն էլ, եթե ոչ սոցիալապես անպաշտպան, համենայն դեպս, մի կերպ այդ պարանը ձգողներըՙ մտավորական, ուսուցիչ, բժիշկ, դասախոս, արվեստի մարդիկ, լրագրող եւ այլն, այնպես, իմիջիայլոց, բայց նույն ինտոնացիայով կասեն, որ ոչինչ չի փոխվելու, որովհետեւ աշխարհը ծուռ եկել ու ծուռ գնալու է, արդարը սոված է մեռնելու, թալանչին, կաշառակերն ու հացկատակը իրենց ճամփան են շարունակելու: Որովհետեւ հավասարությունը ուտոպիա է, արդարությունըՙ երազանք, ազնվությունըՙ կորած-մոռացված բան: Փիլիսոփայողներն ասում են, թե կյանքը գնալով դաժանանալու է, որովհետեւ մարդը վտարվել է իր բուն էությունից, նյութական աշխարհի ստորին վիճակներին հասել ու լող է տալիս, կորցրել է հոգեւոր կերպարը: Խոսել սիրում են բոլորը: Նույնիսկ կեսգիշերային շուկայում կյանքի նեղվածքի մեջ հայտնվածներին հաճախ կտեսնես բորբոքված իմաստասիրելիս. սառած մատները կրակի վրա տաքացնող մեկն անկեղծ լրջությամբ մեկ էլ հարց կտաՙ կարո՞ղ ես ասել, ինչո՞ւ եմ աշխարհ եկել, որն է մարդու կյանքի իմաստը: Հետո տաքացած վեճը կտեղափոխի Մակեդոնացու ժամանակները, հեթանոսությունից կանցնի քրիստոնեության, պնդելով, որ մենք սխալվել ենք 301 թվականին, թե մինչեւ հիմա էլ քրիստոնյա չենք դարձել: Ու թե զարմանաս զրույցի բովանդակությունից, նա կնեղսրտի, թե բոլորս այստեղ բարձրագույն կրթություն ունենք, հետո ինչ, որ առեւտուր ենք անում:
Հասարակության ինքնագոհ ու ավելի քան բավարարված դասը, նյութական բարեկեցության իրենց մրցապայքարում օտարվել է իրականությունից, բայց թվացյալ է նրանց ինքնագոհ այդ վիճակը: Որովհետեւ կյանքի ցնցոտիներից այդպես էլ չազատվող զանգվածները ոչ թե անտարբերություն, այլ ատելություն ունեն արդեն նրանց հանդեպ: Չնայած վերջիններս դա չեն գիտակցում ու ոչ էլ բանի տեղ դնում, բայց իրենք էլ իսկ որոգայթված են սեփական աշխարհի մեծ որոգայթներում:
Անհատ տաքսիստների բողոքի ակցիայի մասնակից մի վարորդ ակնարկելով նրանց ասում էր. «Մեզ թող ձեռք չտան, էս ճգնաժամի օրերին գլուխներս մի կերպ պահենք: Մեր աշխատած կոպեկներով չգիտենք գազի, լույսի վարձը տանք, ավտոն սարքենք, թե՞ երեխային դպրոց ուղարկենք: Մեկն էլ թեՙ մենք չենք ասում, է՜, թե երկրորդ շալվարն ենք ուզում հագնել, թողեք, մեր երեխեքը սովից չմեռնեն»: Այդ երեխաներից շատերին կարելի է փողոցներում, շուկաներում առեւտուր անելիս տեսնել: Մի պատանի տարիներ արդեն Արտաշատից մոր հետ Երեւան է ամեն օր գալիս, ավարտական դասարանի աշակերտ է, բայց դպրոց չի գնում, համակրելի, ուշիմ տղա է: Բազմանդամ ընտանիքի միակ աշխատողը մայրն է, ինքը օգնում է նրան ու դժգոհ չէ կարծես իր վիճակից, ընտելացել է: Մայրն էլ սիրունատես, երիտասարդ կին, ասում է. միայն ճանապարհը, ամեն օր Աշտարակից Երեւան գալն է մի քիչ դժվար, օրն ի բուն, արեւին, անձրեւին կանաչի է վաճառում: Մարդիկ այդպես ընտելանում են իրենց վիճակներին. առեւտուրը դարձնում օրը լցնող զբաղմունք, եթե անգամ քիչ բան է սպառվում: Շատ չնչին աշխատավարձ ստացող կանայք կան, որոնց ամսավարձը իրենց տրանսպորտի ծախսի ընդամենը եռապատիկն է կազմում, ասենքՙ 10-12.000 դրամի սահմաններում, բայց գալիս-գնում են, թե` տանը մնալուց լավ է: Այդպես ապրում են մարդիկ: Իսկ Երեւանում սնկի արագությամբ օր օրի բազմանում են բարձրահարկերը, մանավանդ աչք են ծակում թանգարանային ճոխությամբ խանութներըՙ խիստ թանկարժեք ապրանքների այնպիսի ցուցադրությամբ, որ թվում է, թե այդ կոստյումները, ասենքՙ 60.000 դոլարանոց, պայուսակը, փողկապը կամ կանացի կոշիկը (սարսափով ես մտածում) փոխարինելու են գալիս արվեստի գործերին: Ա՜յ քեզ տրանսֆորմացիա. կոստյումը այնպես է բազմել, ասես Միքելանջելոյի քանդակը լինի:
Ամեն մեկն իր կենսափորձից գիտի, թե սոցիալական վիճակը, կենսամակարդակը ինչպես կարող են ազդել մարդկային փոխհարաբերությունների (նույնիսկ մերձազգակցական) վրա, իսկ հասարակության ներսում սոցիալական բեւեռացման խորացումը մթնոլորտը վերափոխում է այնպես, որ ներքին խուլ ատելություն, նույնիսկ թշնամանք է առաջանում: Մտքեր են շրջում, թե մեր հասարակության մեջ գժերն ու աղանդավորները շատացել են ու սպառնում են մեր «անվտանգությանը»: Հոգեբուժարաններում երեւի գժերի համար տեղ չկա, կրոնական բազմաթիվ խմբերում էլ` աղանդավորների համար, նրանք էլ որոշել են զբաղեցնել Երեւանի ամենալավ տեղերից մեկը` Հյուսիսային պողոտան, մանավանդ, որ մոտ է օպերայի հրապարակին (գժերը ազատություն մեզնից շատ են սիրում): Բայց որ իրենց բան ես հարցնում, խելոք-խելոք, բայց ջղաձիգ, մատնացույց են անում փողոցի բարձրահարկերի, առհասարակ քարի նոր տերերին, թեՙ երկիրը միայն իրենցն ու իրենց ազգականներինը չէ: Եթե այդպես է, ուրեմն քաղաքի ամեն անկյունում գիժ ու աղանդավոր կա, որովհետեւ շատերը (բժիշկ, ուսուցիչ, գիտնական, դասախոս, թոշակառու, արհեստավոր, վարորդ) հասկանում են, որ երկրի տերերը իրականում մի խումբ մարդիկ են ու իրենց մնացել է փշրանքի ամանըՙ կողքից հոտոտելու: (Լսում եմ նրանց ու լռում, որովհետեւ չգիտես, թե կյանքի սանդուղքները մարդուն ո՞ւր կտանեն: Ու եթե ինքը մի օր այնտեղ հասնի, նույնը չի անելու կամ լինելու: Ով իմանա, մարդն ինքը իրեն չգիտի):
Ու մենք հեգնախառն ծիծաղում ենք, երբ մերոնցից մեկը ճգնաժամային դրությունից աշխատավարձ չստանալուց սրտնեղած ասում էՙ չէ, ճար չկա, բոլորս յոգ պիտի դառնանք: Յոգ դառնալը դժվար է, իհարկե, ու բոլորին վիճակված չէ: Մանավանդ, ինչպես ավագ գործընկերս է ասում, բոլոր ժամանակներում էլՙ ամենաճգնաժամայինից մինչեւ ամենատագնապային, ամեն խավի մեջ էլՙ գիտնականից մինչեւ վարորդ, արագ ու ճարպիկ կողմնորոշվողներ ու պատեհապաշտներ միշտ էլ կան (թե ինչի հաշվին, դա կարեւոր չէ, կարեւորը նյութական դիրքի, հարմարավետության հասնելն է) ու քիչ չեն նրանք: Ուրեմն այսպեսՙ ժամանակը դժվար է միայն շիտակ ճամփով գնացողների համար ու միեւնույնՙ ճարպիկ լարախաղացի: Իսկ իրականում երեւի ժամանակ չկա էլ, հորինվածք է, անդադար մի հոսք կա, ուր կյանքի ձեւերն են փոխվում, էությունը մնում է նույնը: Այդպես էլ մարդկության համար երազանք են մնում հավասարությունը, արդարությունըՙ կեղծ եղբայրության մշտատեւ այս թատերախաղում: Դեռ Շեքսպիրն էր զգուշացնում. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ