«Արարատը» հայտնվել է հատակում
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անհաջողությունները շարունակում են ուղեկցել նախորդ մրցաշրջանի դափնեկիրներ Երեւանի «Արարատին» ու Կապանի «Գանձասարին»: Ընդ որում, արարատցիները հայտնվել են անմխիթար վիճակում: Թիմը ոչ միայն 4 անընդմեջ պարտություն է կրել, այլեւ ոչ մի կերպ չի կարողանում բացել գոլերի հաշիվն առաջնությունում: Հերթական տուրում արարատցիները սեփական հարկի տակ հյուրընկալել էին «Փյունիկին», որին անցած մրցաշրջանում մարտահրավեր էին նետել ոսկե մեդալների համար մղվող պայքարում: Իսկ այս անգամ «Արարատը» կրկին չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Իսկ փյունիկցիներ Արթուր Եդիգարյանի եւ Միհրան Մանասյանի խփած երկու գոլերը հաղթանակ պարգեւեցին թիմին:
Դեռեւս միավոր չի վաստակել նաեւ «Գանձասարը»: Պարտությունների շարքն ընդհատելու վճռականությամբ էին կապանցիները Երեւան ժամանել «Կիլիկիայի» հետ մրցավեճում: Առաջին խաղակեսում հյուրերի խաղը վատ տպավորություն չթողեց, իսկ Արսեն Ավետիսյանի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ «Գանձասարը» առաջին խաղակեսը շահում էր 1-0 հաշվով: Սակայն ընդմիջումից հետո կիլիկիացիները զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողություններն ու արժանի հաղթանակ տոնեցին: Նախ Կարեն Խաչատրյանը իրացրեց 11 մ հարվածը, ապա Տիգրան Ղարաբաղցյանը խփեց հաղթական գնդակը: Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Աբրահամ Խաշմանյան («Կիլիկիա») - Առաջին խաղակեսում ֆուտբոլիստները չկատարեցին առաջադրանքը ու մեկ սխալի պատճառով գոլ բաց թողեցինք: Ընդմիջումից հետո մեր առավելությունը զգալի էր: Մրցակցին գերազանցեցինք թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես: Կատարված փոխարինումներն էլ նպաստեցին թիմի խաղի ակտիվացմանը: Այսօրվա հաղթանակը բոլորինս է, «Կիլիկիա» ակումբի ողջ կոլեկտիվինը: Երջանիկ եմ, որ իմ կողքին են այնպիսի հանրաճանաչ նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք սպորտի վաստակավոր վարպետներ Հարություն Քեհեյանն ու Էդուարդ Մարգարովն են: Նրանց յուրաքանչյուր խոսքը մեծ արժեք ունի: Ցավում եմ, որ «Գանձասարը» հայտնվել է հետնապահների շարքում: Այդ թիմն ինձ հոգեհարազատ է, չէ՞ որ 1,5 տարի աշխատել եմ ակումբում: Հարգում եմ կապանցիներին ու նրանց մաղթում հաջող մրցելույթներ առաջնությունում:
Ավետիք Սարգսյան («Գանձասար») - Հավասար խաղ էր, լարված հանդիպում: Շնորհավորում եմ «Կիլիկիային» հաղթանակի առթիվ: Առաջին խաղակեսում մեր թիմը լավ խաղաց, սակայն ցավոք շատ շուտ հավատաց հաղթանակին, որի պատճառով պարտվեց: Այս անգամ էլ առաջին խաղակեսը շահելով, խաղադաշտը թողեցինք պարտված: Այսօր հարձակման գծում լուրջ խնդիրներ ունենք, որոնք լուծման կարիք են զգում: Արսեն Ավետիսյանը միայնակ չի կարող ոչինչ անել: Առաջիկայում երեւի հրաժարվենք լեգեոնականներից: Հավանաբար, թիմում կմնա միայն վրացի դարպասապահ Լեւան Բուբուտեիշվիլին: Թիմը համալրման կարիք ունի: Ավելի լավ է ապավինենք մեր մանկապատանեկան խմբերում պարապող սեփական կադրերին, քան հրավիրենք ոչնչով աչքի չընկնող լեգեոնականների:
Արդյունավետ խաղով աչքի ընկավ «Ուլիսը»ՙ սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Լավ մարզավիճակում է 35-ամյա Արթուր Քոչարյանը, որը մեկնարկում աչքի է ընկնում արդյունավետ խաղովՙ 4 գնդակով Դեմի Բոտելի հետ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը: Քոչարյանը 2 գոլ խփեց «Շիրակին», մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեմյոն Մուրադյանը:
Տուրը եզրափակվեց «Միկա»-«Բանանց» հանդիպումով: Մի քանի օր առաջ մրցակիցները հանդիպել էին գավաթի կիսաեզրափակիչի խաղում, որն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1: Այս անգամ էլ բավական հետաքրքրական ու անհաշտ մրցակցություն ծավալվեց: Արդեն 3-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո «Բանանցի» պաշտպան Յարեմա Կավացիվը բացեց հաշիվը: «Միկային» միայն ընդմիջումից հետո հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ Արամ Ոսկանյանըՙ խփելով պաշտոնական մրցումներում 100-րդ գոլը: Սակայն հավասարակշռությունը երկար չպահպանվեց: Նախ Արսեն Բալաբեկյանը կրկին առաջ մղեց «Բանանցին», ապա աչքի ընկավ Սամվել Մելքոնյանըՙ հաշիվը դարձնելով 3-1: Ճիշտ է, խաղավարտից 5 րոպե առաջ Արամ Ոսկանյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել «Միկային» չհաջողվեց: «Միկան» ընթացիկ առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց: Իսկ «Բանանցը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Խաղից խաղ «Բանանցի» ֆուտբոլիստներն ավելի դիտարժան ու գրագետ ֆուտբոլ են ցուցադրում: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի բեղմնավոր աշխատանքը տալիս է իր պտուղները: Մարզիչը վստահում է տեղի երիտասարդ կադրերինՙ հնարավորություն տալով ասպարեզ մտնելու: Կարծում ենք, որ «Բանանցն» առաջիկայում ավելի կառաջադիմի եւ լուրջ մրցակցություն կծավալի չեմպիոնի տիտղոսի համար: Դրանից առաջնությունը միայն կշահի:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 4 | 4 | 0 | 0 | 7-0 | 12 |
2. Բանանց | 4 | 3 | 0 | 1 | 6-4 | 9 |
3. Միկա | 4 | 3 | 0 | 1 | 9-5 | 9 |
4. Ուլիս | 4 | 3 | 0 | 1 | 6-4 | 9 |
5. Կիլիկիա | 4 | 2 | 0 | 2 | 4-3 | 6 |
6. Շիրակ | 4 | 1 | 0 | 3 | 4-8 | 3 |
7. Գանձասար | 4 | 0 | 0 | 4 | 2-7 | 0 |
8. Արարատ | 4 | 0 | 0 | 4 | 0-7 | 0 |
Ռմբարկուները
Բոտի Դեմել | «Միկա» | 4 |
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 4 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 3 |
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 2 |
Արսեն Ավետիսյան | «Գանձասար» | 2 |
Արա Հակոբյան | «Միկա» | 2 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 2 |
Սեմյոն Մուրադյան | «Ուլիս» | 2 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 2 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ