«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2009-04-18 | #71, 2009-04-21 | #72, 2009-04-22


ԵԹԵ ՈՒՇԻՄ ՉԼԻՆԵՆՔ, ՄԵՐ ՀԵՐԹՆ ԷԼ ԿԳԱ

Առիթներ են եղել գրելու, որ ամերիկացի հայտնի քաղաքագետ Սամյուել Հանթինգտոնը իր «Քաղաքակրթությունների բախումը» հանրահայտ աշխարհաքաղաքական տրակտատում գիտատեսագործնական հարուստ նյութերի հիման վրա հավանական է համարում աշխարհի երեք հիմնական` քրիստոնեական, մուսուլմանական եւ չինական քաղաքակրթությունների առճակատումը: Ընդ որում, այդ համաշխարհային գոտեմարտի կարեւորագույն շարժիչ ուժերից մեկը համարվում է բնակչության աճը: Եվ հենց այստեղ ակնհայտ է դառնում, որ քրիստոնեական աշխարհն արդեն այժմ տանուլ է տալիս հակամարտությունը: Մյուս երկուսը ժողովրդագրական խնդիրներ չունեն, իսկ Չինաստանը նաեւ տնտեսական հզոր վերելք է ապրում:

Հիշյալ իմաստով քրիստոնեության ամենաթույլ աշխարհամասը Արեւմտյան Եվրոպան է, որտեղ բնակչության աճ ունի միայն մուսուլմանական Ալբանիան (գուցե նաեւ քրիստոնյաների ուժերով Սերբիայից առգրավված Կոսովոն): Անշուշտ, չի կարելի ասել, թե լիբերալ հայացքներից բարոյապես ու հոգեւոր իմաստով դեգրադացիայի ենթարկված Եվրոպայում չկան լրջմիտ լիդերներ եւ ուժեր, որոնք չեն գիտակցում ավանդական բարոյականության անկման, ընտանիքի այլասերման, հոմոսեքսուալիզմի տարածման, կրոնի աշխարհականացման կործանարար հետեւանքները: Բայց դեռ վաղ է այսօր խոսել որեւէ արմատական փոփոխության մասին, եթե, իհարկե, երբեւէ դա տեղի ունենա:

Սակայն եթե Եվրոպան տակավին անմիջականորեն չի հայտնվել մուսուլմանական «խաղաղ» ագրեսիայի ու շրջափակման մեջ, ապա քրիստոնեական որոշ երկրներ արդեն դառնում են դրանց զոհը: Մասնավորապես խոր տագնապ ու դառնություն են պատճառում հրապարակումները դավանանքի իմաստով խաչակիր աշխարհում գրեթե մոռացության մատնված` աֆրիկյան մայր ցամաքի քրիստոնեական օազիսի` մեզ այնքան մոտ Եթովպիայի սրընթաց մահմեդականացման մասին: Եվ սա չարագուշակ ազդանշան է քրիստոնյա հանրությանն իրականորեն սպառնացող վտանգի մասին:

Իսկ չէ՞ որ խոսքը վերաբերում է մարդկային պատմության հնագույն շերտերին: Ըստ «Քրիստոնեական Հայաստան» հանրագիտարանի, քրիստոնեությունը Եթովպիա է թափանցել տակավին առաքյալների ժամանակներից, իսկ պետական կրոն է ճանաչվել 318-ին կամ 340-ին: Քաղկեդոնի ժողովից (451) հետո Եթովպական ուղղափառ եկեղեցին, հավատարիմ մնալով երեք տիեզերական ժողովների դավանաբանական որոշումներին, հարել է Ղպտի եկեղեցուն: 640-ական թվականներից, երբ Եգիպտոսն ընկավ մահմեդական տիրապետության տակ ու խզվեցին բյուզանդական պետության հետ բոլոր հարաբերությունները, Եթովպական եկեղեցին մայր` Ղպտի եկեղեցու հետ անխաթար պահեց իր դավանագիտական դիմագիծը: Կաթոլիկ եկեղեցին, բողոքական շարժումը եւս անհաջողություն կրեցին Եթովպիան դավանափոխ անելու ճիգերում: Հայ եկեղեցուն դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարեւոր դեր են ունեցել հայ-եթովպական եկեղեցական հարաբերությունները:

Ահա եւ պարզվում է, որ քրիստոսասեր հնաբույր Հաբեշստանի հարավն արդեն մահմեդականացված է, եւ մինարեթներից հնչող մոլլաների երգաձայն աղոթքները լսելի են ոչ միայն մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ մզկիթները տասնապատիկ ավելացել են: Մասշտաբային մզկիթաշինություն է ծավալվել անգամ քրիստոնեական հյուսիսի... գյուղերում: Եվ միայն կույր ձեւացողը կարող է չնկատել, որ կրոնական նվաճողականության այդ գործընթացը տեղի է ունենում ծրագրավորված ու կազմակերպված ձեւով. այն հստակորեն կոորդինացվում է մուսուլմանական միջազգային կազմակերպությունների, առաջատար մուսուլմանական երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի կողմից:

Անցած մի քանի տասնամյակում Եթովպիան ենթարկվեց մի շարք քաղաքական աղետների` քրիստոնեական միապետություն, կոմունիստական աստվածամերժություն, արեւմտամետ դեմոկրատիա: Եվ այդ բոլոր «վերափոխումները», անհաջողության մատնվելով, հեղինակազրկեցին պետականությունն առհասարակ, ինչից էլ ճարպկորեն օգտվում են մուսուլմանները, դրան հակադրելով իրենց «արդարացի, մարդասիրական, ընտանեսեր» կրոնն ու հասարակությունը: Ավելին, «եվրոպականացող» Եթովպիայում նրանք պահանջում են իրագործել քրիստոնեական քաղաքակրթության «բարձրագույն» սկզբունքները` մարդու իրավունքներ, դավանանքի, խղճի ազատություն եւ այլն:

Խորհրդանշական է նաեւ այն, որ մահմեդականացման հարվածային ռազմավարությունը թիրախ է դարձրել ոչ միայն բնիկներին, այլեւ երկրում բնակվող` հնագույն ավանդական կրոններ դավանող մյուս ժողովուրդներին: Այսօր Եթովպիայում ամենուրեք սովորական են դարձել ոչ միայն գլխաշորերը, այլեւ չադրաները:

Մուսուլմանների քանակական աճը եւ հակաքրիստոնեական արդյունավետ արշավը բարձրացնում են նրանց դերը երկրի քաղաքական կյանքում: Եվ առայժմ նշաններ չկան, որ այդ գործընթացը կարող է ինչ-որ ձեւով կասեցվել: Ինչքան էլ տարօրինակ է, իրենց եվրոպացի գործընկեր-լիդերների պես ներկայիս եթովպացի ղեկավարները եւս տեսք են ընդունում, իբր վտանգավոր ոչինչ տեղի չի ունենում: Համաքրիստոնեական թուլամորթությո՞ւն: Երեւի: Եվ, ինչպես ասվեց, ոչ ոք չգիտի, թե ինչքան կշարունակվի այդ տխրահռչակ քրիստոնեական «հանդուրժողականությունը»:

Իսկ հիմա վերցրեք քարտեզը եւ նորից ուշադրությամբ ուսումնասիրեք Հայաստանի աշխարհագրական դիրքը: Ինչո՞վ ենք մենք տարբերվում Եթովպիայից, որը, ավա՜ղ, տակավին համարում են քրիստոնեական կղզի մուսուլմանական ծովում: Այդ ծովն իր հուժկու ալիքներով արդեն մաշում է կղզին: Իսկ ի՜նչ կշահենք մենք, եթե, նույնպես շրջապատված մուսուլմաններով, շարունակենք զմայլվել հոմոսեքսուալ Եվրոպայի բարոյական «արժեքներով» ու տանուլ տանք մեր ազգապահպանության գլխավոր գործոն ընտանիքը` մեր աճի հիմնական աղբյուրը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4