«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2009-04-18 | #71, 2009-04-21 | #72, 2009-04-22


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Արցախում քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները, տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների ճշտման գործընթացներով դրսեւորվող զարգացումների կապակցությամբ, երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի կամ քննարկումների առարկա դարձնելու որեւէ փորձ, ուստի միջազգային հանրությանը կոչ ենք անում ոչ թե մոռացության կամ հաշտվողականության հորդորներ հղել հայ ժողովրդին, այլ հետամուտ լինել, որպեսզի Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի եւ մարդկության դեմ գործած ոճիրը` նյութական եւ բարոյական փոխհատուցման հանձնառությամբ հանդերձ:

Որպես ոչ վաղ անցյալում ցեղասպանության իրական սպառնալիքը դիմագրաված եւ պարտադրված պատերազմում անկախության եւ ինքնիշխանության անկապտելի իրավունքը պաշտպանած ժողովրդի քաղաքական կամքի կրողներ, մենք դիմում ենք տարածաշրջանի երկրներին եւ միջազգային հանրությանը` երբեք հարցականի տակ չառնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը եւ անկախ պետության իրողությունը:

Համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ծիրում Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության եւ օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ արդարության հաստատմանը»:

Հայտարարության հրապարակման առնչությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Թեպետ հայտարարությունը ներկայացվել էր խորհրդարանական 4 եւ արտախորհրդարանական 3 կուսակցությունների անունից, սակայն լրագրողների հետ հանդիպմանը ոչ բոլոր քաղաքական ուժերի պատասխանատուներն էին ներկա: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը տեղեկացրեց, որ արցախյան քաղաքական կուսակցությունների մեջ այդ առթիվ առկա է միակամություն, որը դրսեւորվել է նրանց մասնակցությամբ մի քանի օր առաջ կայացած խորհրդակցությունում:

Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը, մասնավորապես, մտահոգություն հայտնեց, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում` պայմանավորված Վրաստանում անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպքերով եւ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմամբ: Հարավային Կովկասը ազդեցությունների գոտի դարձնելը եւ այս համատեքստում` ղարաբաղյան հիմնախնդիրը սեփական շահերին ծառայեցնելն անընդունելի է, նշեց Վ. Աթանեսյանը: Վերջինս միաժամանակ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրին, ընդգծելով, որ ամեն տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի ուղերձը ամերիկահայերին, անկախ դրա բովանդակությունից, նշանակում է, որ անդրօվկիանոսյան գերտերությունը ճանաչում է ցեղասպանության փաստը:

«Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը տարակուսանք հայտնեց, որ առ այսօր Ստեփանակերտում չկա Մեծ եղեռնին նվիրված առանձին հուշարձան, ոգեկոչման միջոցառումները ստիպված անցկացվում են Ստեփանակերտի հուշահամալիրում:

Նախորդ դարասկզբին, նույն ժամանակաշրջանում, թուրքերի կողմից շուրջ 500.000 հույներ են սպանվել: Մայիսի 19 նրանք նշում են իբրեւ հիշատակի օր, եւ հարկավոր է, որ Հայաստանն ու Արցախը նույնպես ճանաչեն հույների ողբերգությունը, նշեց Ա. Թովմասյանը

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4