ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր կյանքը կազմված է սողանցքներից: Հիմա դրա անունը կուզես կաշառակերություն դիր, կուզեսՙ կաշառակերության դեմ պայքար, կուզես` ազնվություն դիր, կուզես` անազնվություն, եթե սողանցքն օգնում է մարդուն իր գործն արագ եւ անվտանգ առաջ տանել, նրան չես կարող համոզել հրաժարվելու սողանցքից: Ու էդ սողանցքներից երբեմն այնքան շնորհակալ ենք լինում, քանի որ դրանք հնարավորություն են կամ ինչպես տխրահռչակ Բրայզան կասեր` հնարավորությունների պատուհան, որի շնորհիվ բազմաթիվ գլխացավանքներ շրջանցելով ենք կարողանում առաջ գնալ կամ էլ պարզապես առանց գլխացավանքի ապրել: Ու հիմա որքան կուզես ճառ կարդա` քարոզները չեն կարող ստիպել, որ մարդն իր աջ ականջը ոչ թե աջ ձեռքով բռնի, այլ ձախը երկարի ողջ գլխով մեկ ու աջ ականջը բռնի: Ուրիշ բան, որ սողանցք ստեղծողն այնքան տղամարդկություն ունենա ու էդ սողանցքը չստեղծի: Բայց դե մեզ որտեղի՞ց այդքան տղամարդկություն, կամ նորաձեւ բառով ասած` մենթալիտետ, հայերենի մաքրամոլների խաթրու էլ` հոգեկերտվածք, որ սողանցք չստեղծենք: Երբեմն դա հատուկ անում ենք օրենքով, դեռ ձեւացնում էլ ենք, որ հատուկ չենք արել, բայց սողանցքի ականջները սովոր աչքն անպայման տեսնում է, սովոր ձեռքն` օգտվում դրանցից:
Օրինակ` ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության ընթացք համարվում է ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ ընկած ժամանակը: Ահա այդ ընթացքում չի կարելի նախընտրական կաշառք բաժանել, տարատեսակ խախտումներ անել, վերջին երկու շաբաթը սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հայտնել:
Բայց նույն օրենքը բազմաթիվ սողանցքներ ունի. ահա մայիսի 31-ին քաղաքային ավագանու ընտրություններ են, քարոզչական նախորդող ամիսն էլ մայիսի 2-ից է սկսվում: Թեեւ այդ մեկ ամսվա քարոզչական արգելքներն էլ 100 տոկոսով չենք պահում, բայց, ասենք, ողջ ապրիլ ամիսն օրենքի բացթողումով (ավելի շուտ` օրենքի չկարգավորումը) մի մեծ սողանցք է` որ կա: Ոչ ոք, եւ հենց օրենքը չի արգելում մեր` արդեն հայտնի քաղաքապետացուներին այս ամսին իրենց բոլոր բարի գործերը կատարել, դեռ դրանք կատարելիս էլ էկրանին ինքնահիացմունքի նոպաների մեջ ընկնել` օրենքն այդ չի արգելում, սողանցք է թողել: Օրենքը չի արգելում ողջ քաղաքի երեսով մեկ հիմա, հենց հիմա փռել ամիսներով սպասված ասֆալտը, դրամ եւ հագուստ նվիրել, բարեգործական տուրնե իրականացնել (դա էլ արգելելու ձգտում կառավարությունը դրսեւորել է, սակայն նույն կերպ դա հավանաբար չի վերաբերի նախանախընտրական ամսին): Մեր սոցիոլոգները հիմա, ապրիլին վարում-ցանում են, սոցիոլոգիական ստերեոտիպեր ստեղծելով, որոնք, հավատացեք, հիմիկվանից լավ էլ իրենց սեւ գործն անում են: Մի խոսքով, ինչ ուզում եք արեք` ասֆալտը Երեւանում փռում են, ասենք, տեղական իշխանության օղակներն, իհարկե, բայց հարգելի ընտրողն ու հարգելի հեռուստադիտողը լավ էլ հասկանում է, որ դա ներկա քաղաքապետի բարի ցանկությամբ է, գաղտնիմաստով իրեն է ուղղված ու պարտավորված է զգում դրա համար:
Կամ` Հայաստանում քանի՞ թմրամոլ կա, բոլոր տեսակի պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով դրանք աճում են` դե մի քանի հազար որ կլինեն: Ու տեսեք` հայրենի օրենք գրողները (նրանց էլ անպայման վերեւից դրդել են) երեւի մտածել են, թե մեր իրավապահ մարմինների աշխատավարձն ի՜նչ ցածր է, ոնց են տուն պահելու, ու նրանց մի մասի համար ելքը գտել են. օրենքով սողանցք են ստեղծում (դե դա հո այդպես չե՞ն կոչում), որով թմրամոլներին ոչ թե հիվանդ են համարում եւ ուղարկում են բուժելու, այլ նախ, մինչեւ հիվանդ համարելը, օրենքով վարչական պատժի են ենթարկում` նվազագույնը` 100 հազար դրամի, առավելագույնը` չգիտեմ, ու հետո` կուզես բուժվիր, կուզես էլի տուգանվի: Սրան հետեւելու է նա, որ տուն պահելու խնդիր ունեցող մեր ոստիկանների մի մասը թմրանյութը գրպանը դրած` մարդ է որսալու, որ գրպանը պլան գցի ու մի քսան հազար տակից տուգանելով` մարդուն բաց թողնի: Ամեն մեկին շաբաթը 2 թմրամոլ` մի 60-70 հազար կաշխատի ու տուն կպահի, իսկի թմրամոլ էլ չլինի` ՀՀ հասարակ քաղաքացին, որ գրպանում ու հանկարծ «պլան» գտնի, սարսափից մի 30-40 հազար տեղում կվճարի, որ համ թմրամոլի անուն չվաստակի, համ էլ 100 հազար դրամ չտուգանվի. հակառակը չի լինում, Հայաստանում միշտ ոստիկանն է ճիշտ:
Կամ հայտնի վիճակը, երբ ավտովթար է տեղի ունենում, ու հենց հայտնի դարձավ, որ առանց մարդկային զոհի է, կողմերը «գաիշնիկների» սարսափից անմիջապես-պայմանավորվում-քշում են մի կողմի վրա ու այդպես իրար մեջ խնդիրները լուծում, քանի որ իրավապահների ձեռքերում հայտնվելը հղի է ոչ այնքան մեղավոր-անմեղի բացահայտումով, որքան կողմերի վրա աշխարհի բոլոր խախտումները դուրս գրումով: Վերջում երկու կողմն էլ էն աստիճանի են ունեզուրկ լինում, որ մյուս անգամ միայն «ավտոտեսուչ» բառը լսելուց 100 կիլոմետր հեռու են քշում: Ու այստեղ սողանցքը ստեղծվում է իրավապահ համակարգի այս օղակին առնչվելու կյանքի փորձի արդյունքում:
Իսկ սողանցքների բացառումը շատ բարդ գործ է: Հիշում եմ` ժամանակին Համաշխարհային բանկի մի պաշտոնյա իբր հայերիս սովորեցնում էր ոնց պայքարել կոռուպցիայի դեմ, մի շատ հատկանշական ու հայտնի օրինակ բերեց. տանգո մենակ չեն պարում: Սա ճիշտ է` անկախ հավատում էինք այդ պաշտոնյայի հակասողանցքային լինելուն, թե ոչ: Ու հիմա մերն է` գիրկընդխառն տանգո ենք պարում` պաշտոնյա ու օրենսդիր, արհեստավոր ու իրավապահ, հարկային ու հարկվող: Վերեւից ասում են` ժողովուրդ ամեն ինչ ձեզնից է կախված, պայքարեք ձեր իրավունքների համար, կաշառք մի տվեք, ու նոր սկսեք չդժգոհել ձեր կյանքից: Բայց այդպես ասողը շարունակում է իր բաժին կաշառքը քամել: Շարունակվում է այնպիսի օրենքների ստեղծումը, որը սողանցքներ է ստեղծում տարբեր խավերի համար. ասենք գործազրկության կենտրոնի պատասխանատուն գործազուրկին 6 ամսվա թոշակ նշանակելիս կարող է առաջին ամսվա 18 հազարը պահանջել` օրենքն այնպես հստակ չէ, որ մարդը մարդու հետ գործ չբռնի, կամ պետական կառույցին կից ինչ-որ ԾԻԳ, իսկ ԾԻԳ-երը հենց սողանցք են որ կան, պետության հոգսը հոգալու համար տված անդրօվկիանոսյան փողերը փոշիացնում: Էհ, օրինակները շատ են, ինքներդ էլ կարող եք բերել, հիմա որտեղի՞ց եւ ո՞վ է սկսելու սողանցքները փակել` մեր հասարակության մեջ դեռ ոչ մի կերպ չի ուրվագծվում: Ո՞վ պետք է սկսի` նույնպես: Հատկապես «ո՞վը» շեքսպիրյան մշտական հարցի կարգավիճակն ունի, քանի որ վերեւից միշտ հնչում է. «Փաստ ունե՞ք, ցույց տվեք, թե չէ անհասցե մեղադրանքները զրպարտություն են»: Ներքեւից էլ ասում են. «Հենց ես պետք է սողանք փակող լինե՞մ, բա Պողոսն ու Պետրոսը»: Եվ այդպես շարունակ: