«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2009-04-18 | #71, 2009-04-21 | #72, 2009-04-22


ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Դրա հետ մեկտեղՙ հարկային եկամուտները

Այս տարվա փետրվարին Հայաստանի 325 խոշոր հարկատուների շրջանառության ծավալներըՙ պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, զգալիորեն նվազել են, ինչի պատճառով նրանք ավելի քիչ հարկեր են վճարել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից սպասարկվող խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի ցուցանիշներից:

Համաձայն այդ ցուցանիշների, վերոնշյալ խոշոր հարկ վճարողներից պետբյուջե հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 5 մլրդ դրամով, կազմելով 10,7 մլրդ դրամ: Ընդ որում, միայն 3,8 մլրդ դրամ պակաս վճարումներ են կատարել երեք խոշոր հարկատուներըՙ «Հայռուսգազարդը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Իսկ վերոնշյալ 325 խոշոր հարկատուները միասին վճարել են փետրվարին հավաքված ընդհանուր հարկերի 39,3 տոկոսը:

Խոշոր հարկատուների իրացումից հասույթի ցուցանիշը կազմել է 117,5 մլրդ դրամ, նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազելով 10,7 տոկոսով: Իսկ նույն երեք խոշոր հարկատուներիՙ «Հայռուսգազարդի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» իրացումից հասույթի ցուցանիշը նվազել է 39,7 տոկոսով կամ 11,2 մլրդ դրամով:

Ներմուծման ծավալները խոշոր հարկատուների մոտ նվազել են 34 մլրդ դրամով կամ 26,6 տոկոսով: 2008-ի փետրվարին ամենախոշոր ներմուծող կազմակերպություններիՙ «Հայռուսգազարդ», «Ղ-Տելեկոմի» եւ «Ֆլեշի» ներմուծման ծավալները 2009-ի փետրվարին միասին նվազել են 4 մլրդ դրամով կամ 26,3 տոկոսով:

Ծավալների ամենամեծ անկումն արձանագրվել է արտահանման ցուցանիշների մեջ: Մասնավորապես, խոշոր հարկատուներն այս տարվա փետրվարին 9,6 մլրդ դրամով կամ 62,7 տոկոսով պակաս ապրանքներ եւ ծառայություններ են արտահանել, քան անցյալ տարվա փետրվարին: Երեք խոշոր արտահանողներՙ «Մաքուր երկաթի գործարանը», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» եւ «Ռուսալ-Արմենալը» արտահանել են 5,3 մլրդ դրամով կամ 65,4 տոկոսով ավելի քիչ ապրանքներ, քան անցյալ տարվա փետրվարին:

Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի ցուցանիշներում նշվում է նաեւ, որ ճգնաժամի հետեւանքով աշխատողների թվաքանակն այստեղ կրճատվել է 3 տոկոսով, բայց դա չի անդրադարձել աշխատանքի վարձատրության ֆոնդի վրա: Վերջինս աճել է 5,3 տոկոսով: Դա պետեկամուտների կոմիտեն բացատրում է գործատուների կողմից աշխատանքային պայմանագրում իրական աշխատավարձի չափը նշելու մոտեցման ձեւավորմամբ: Ինչի արդյունքում, ըստ կոմիտեի, սոցիալական ապահովության վճարների գծով 4,6 տոկոս աճ է արձանագրվել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4