Ոլորտին նվիրված սեմինարի ժամանակ այս կանխատեսմամբ հանդես եկավ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը
«Որքա՞ն զբոսաշրջիկ է այցելում Հայաստան» թեմայով երեկ սեմինար-մամուլի ասուլիս տեղի ունեցավ էկոնոմիկայի նախարարությունում, որին մասնակցում էին փոխնախարար Արա Պետրոսյանը , զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը եւ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի ու արտաքին առեւտրի բաժնի պետ Ալեքսանդր Պետրոսյանը : Սեմինարի նպատակն էր ներկայացնել, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է հաշվարկվում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաեւ տեղեկություններ հաղորդել համաշխարհային եւ Հայաստանի զբոսաշրջության ներկա վիճակի վերաբերյալ:
Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, եթե հայտարարվում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվ, ապա դա հաշվարկվում է որոշակի մեթոդաբանությամբ: Այդ մեթոդաբանությամբ էական չեն երկիր քաղաքացու այցելության նպատակը եւ քաղաքացիությունը: Հիմք է ընդունվում նրա բնակության մշտական վայրը: Ասվածին Մեխակ Ապրեսյանն ավելացրեց, որ, համաձայն Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) դիրեկտիվի, ինչն արտացոլված է նաեւ «Զբոսաշրջության մասին» մեր օրենքում, զբոսաշրջիկ է համարվում իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր ճանապարհորդող անձը, որն այդ վայրում անց է կացնում ոչ ավելի, քան մեկ տարի, ունենում է առնվազն մեկ գիշերակաց եւ որի այցելության նպատակը այցելության վայրում վճարվող աշխատանքային գործունեությունը չէ:
Այնուհետեւ զբոսաշրջության վարչության պետը ներկայացրեց համաշխարհային զբոսաշրջության եւ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մասին տվյալները: Ըստ ԶՀԿ տվյալների, 2008-ին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 924 մլն, ինչը 14 մլն-ով կամ 2 տոկոսով ավելի էր նախորդ տարվանից: 2009-ի համար կանխատեսվում է այցելությունների զրոյական աճ աշխարհում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, սկսած 2001-ից, Հայաստան այցելած զբոսաշրջիկների միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս: 2008-ին աճի տեմպի նվազում է արձանագրվել, բայց, այնուամենայնիվ, արձանագրվել է այցելությունների 9,4 տոկոս աճ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցյալ տարի կազմել է 558443: Հայաստան ամենաշատն այցելում են Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրներիՙ ավելի քան 66 տոկոս զբոսաշրջիկները: Հաջորդը Արեւմտյան Եվրոպայիցՙ 21 տոկոս, Մերձավոր Արեւելքիցՙ 11 տոկոս, Հյուսիսային Ամերիկայիցՙ 5 տոկոս եւ այլ երկրներից այցելողներն են: Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62,2 տոկոսը հայեր են:
Քաղաքացիության առումով այցելողների մասին տեղեկացվեց, որ Հայաստան այցելողների 55,6 տոկոսը ԱՊՀ երկրների, հիմնականում Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են, 11,7 տոկոսըՙ Հայաստանի քաղաքացիներ: Զբոսաշրջիկների ավելի քան 67 տոկոսը մեր երկիր է այցելում առանց մուտքի արտոնագրի (վիզայի): Դրանք, բնականաբար, Հայաստանի եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներն են: Այս հարցի առնչությամբ Ալեքսանդր Պետրոսյանն ասաց, որ համաձայն անցկացրած հարցումների, Հայաստան մուտք գործողների մոտ 40 տոկոսը զբոսաշրջիկներն են: Արա Պետրոսյանն ավելացրեց, որ երկիր մտնողների ընդհանուր հոսքի մեջ զբոսաշրջիկներին Հայաստանից որոշ ժամանակով մեկնողներից եւ վերադարձողներից տարանջատելու համար անց է կացվում այդ հարցումը:
Շարունակելով ներկայացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների ուսումնասիրության արդյունքները, Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ հարազատներին եւ ընկերներին տեսնելու նպատակով այցելուները կազմում են ընդհանուրի 44,8 տոկոսը: 22,4 տոկոսն այցելում է գործնական եւ համաժողովներին մասնակցելու, 13,1 տոկոսըՙ հանգիստն ու ժամանցն անցկացնելու, 5,4 տոկոսըՙ կրթության եւ բուժման, մնացածըՙ այլ նպատակներով:
Զբոսաշրջիկների մտադրությունների մասին հարցմանը պատասխանողների ավելի քան 97 տոկոսը նշել է Հայաստան կրկին այցելելու մտադրության մասին: Այդ թիվն ավելի բարձր է հայկական ծագում ունեցող զբոսաշրջիկների մոտՙ գրեթե 99 տոկոս: Կրկին Հայաստան այցելելու ամենաքիչ ցանկություն են հայտնել գերմանացիներըՙ մոտ 90 տոկոս, եւ ֆրանսիացիներըՙ 95,8 տոկոս: Հույների եւ սիրիացիների 100 տոկոսը կրկին մեր երկիր գալու ցանկություն է արտահայտել:
«Ազգի» հարցին, թե վերոնշյալ ցանկություն հայտնողներից ո՞ր մասն է երկրորդ անգամ Հայաստան եկել, պատասխան տրվեց, որ կրկնակի այցելությունները 50 տոկոս են:
Այն հարցին, թե ինչպե՞ս էր ազդել ճգնաժամը Հայաստանի զբոսաշրջության վրա 2008-ին, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ ճգնաժամը որոշ չափով էր ազդել ոլորտի վրա: Մինչ այդ, զգալի ազդեցություն էին թողել տարածաշրջանում լարված վիճակը վրաց-ռուսական հակամարտության ժամանակ եւ մարտի 1-ի դեպքերը:
Մեր մյուս հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստան այցելությունների միտումն այս տարվա առաջին եռամսյակում եւ ի՞նչ է կանխատեսվում 2009-ի համար, Արա Պետրոսյանը պատասխանեց, որ առաջին եռամսյակի նախնական ցուցանիշներով, արձանագրվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների 5-6 տոկոս աճ: Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի կանխատեսման, տարեկան աճն այստեղ կկազմի 7-8 տոկոս: Իր կարծիքը նա բացատրեց այն հանգամանքով, որ Հայաստանի զբոսաշրջությունը յուրահատկություններ ունի: Մեր երկիր գալիս են հիմնականում այն խավի ներկայացուցիչները (թոշակառուներ), որոնց եկամուտները կայուն են: Բացի այդ, մեր զբոսաշրջությունն ունի էթնիկ յուրահատկություն: Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես կշարունակեն այցելել Հայաստան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ