«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


«ԲԱՆԱՆՑՆ» ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՆՎԱՃԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳԻՐԸ

Հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Երրորդ տարին անընդմեջ եզրափակիչում խաղալու իրավունք ստացավ «Բանանցը», որը մայիսի 9-ին պատվավոր մրցանակը կվիճարկի երկրի չեմպիոն «Փյունիկի» հետ:

«Բանանց»-«Միկա» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումն անցավ գավաթային մրցախաղերին բնորոշ թեժ մրցապայքարումՙ հաճելի պահեր պարգեւելով «Նաիրի» մարզադաշտում հավաքված մեծ թվով ֆուտբոլասերների: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1-1): Դա նշանակում էր, որ ուղեգրի հարցը վճռվելու է պատասխան խաղում: Իհարկե, «Բանանցին» ձեռնտու էր 0-0 հաշիվը, սակայն թիմի ֆուտբոլիստները լավ էին հասկանում, որ հույսը դրա վրա դնել չի կարելի, այլ հարկավոր է խաղալ հաղթանակի վճռականությամբ:

Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին հանդիպումն ու արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացվեց: «Միկայի» հարձակվող Արա Հակոբյանի սրընթաց ճեղքումը տուգանային հրապարակում կանոնների խախտմամբ կասեցրեց «Բանանցի» ավագ Արթուր Ոսկանյանը եւ Ուլիսես Մոնտենեգրոն 11 մ հարվածով գրավեց դարպասը:

Բաց թողած գոլը բնավ չընկճեց «Բանանցի» ֆուտբոլիստներին, որոնց եզրափակիչ դուրս գալու համար արդեն անհրաժեշտ էր 2 գոլ խփել: 18-րդ րոպեին Հրանտ Գեւորգյանն աջ թեւից ներխուժեց տուգանային հրապարակ, խաբս տվեց պաշտպանին ու վերականգնեց հավասարակշռությունը: Ճիշտ է, 3 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո «Միկան» հաշվի մեջ կրկին առաջ անցավ: Դարպասապահ Օլեգ Օստապենկոն անհաջող հետ մղեց գնդակը եւ վրա հասած Արամ Ոսկանյանը գրավեց դարպասը:

«Բանանցը» շարունակում էր գրոհները եւ 32-րդ րոպեին 11 մ հարվածի իրավունք ստացավ, երբ Արտակ Դաշյանի նկատմամբ կոպիտ խաղաց «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը: Սակայն Արսեն Բալաբեկյանին չհաջողվեց հաղթող դուրս գալ դարպասապահի հետ պայքարում, որը քավեց մեղքն ու որսաց գնդակը: Թվում էր, թե առաջին խաղակեսն այդպես էլ կավարտվի, երբ անակնկալ գոլ գրանցվեց: «Բանանցի» ֆուտբոլիստ էդուարդ Կակոսյանը ձախ թեւով առաջ շարժվելով, որոշեց հարվածել դարպասին: Թվում էր, թե գնդակը դուրս կգա դաշտի սահմաններից, սակայն այն դիպչելով դարպասաձողին, հայտնվեց դարպասումՙ 2-2:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը փոխվեց: 2-2 հաշիվը ձեռնտու էր «Միկային», որը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական դարպասի պաշտպանությանը, զգալիորեն նվազեցրեց ակտիվությունն առաջին գծում: Իսկ ահա «Բանանցն»ՙ ընդհակառակը, թարմ ուժեր մտցնելով խաղադաշտ, ավելի մեծ ուժերով ու եռանդով էր գրոհում: «Միկայի» վիճակն ավելի ծանրացավ, երբ 71-րդ րոպեին ձեռքով խաղի համար 2-րդ դեղին քարտը ստացավ ու դաշտից հեռացվեց Արամ Ոսկանյանը: 5 րոպե անց «Բանանցը» 2-րդ 11 մ հարվածի իրավունք ստացավ, երբ Սամվել Մելքոնյանին սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Աղվան Մկրտչյանը: Այս անգամ հարվածը հստակ իրացրեց Նորայր Գյոզալյանը: Վերջինս ավելացված ժամանակում մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, խփեց 4-րդ գոլն ու ձեւակերպեց եզրափակիչի ուղեգիրը:

«Բանանցը» 6-րդ անգամ մտավ գավաթի եզրափակիչ: Թիմը երկու անգամՙ 1992-ին եւ 2007-ին նվաճել է գավաթը: Ընդ որում 1992-ին «Բանանցը» եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել է «Փյունիկին», որն այդ ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ: 2004-ին էլ գավաթի եզրափակիչում կրկին հանդիպել էին «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղն ավարտվել էր ոչ-ոքի (0-0), իսկ 11 մ հարվածներով գավաթակիր էր դարձել «Փյունիկը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4