«Հայերը շատ հաճախ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են Թալեաթի գռեհիկ անձի վրա, իսկ ես ասում եմ` ուշադրություն դարձրեք եվրոպական կրթություն ստացած Բեահեդդին Շաքիրի եւ դոկտոր Նազիմի վրա եւ կտեսնեք իթթիհատականների իսկական տիպաժներին` մարդասպաններին»
Քրիստոֆեր Ուոքեր
Ապրիլի 24-ը մոտենալու հետ մեկտեղ հայ հասարակության մեջ մեծանում են սպասումները, թե արդյոք այս կամ այն հերթական երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Սպասումները հատկապես մեծ են թիվ մեկ գերտերությունից, որն իրեն հռչակել է աշխարհում ժողովրդավարության տարածման, մարդու իրավունքների եւ այլնի պաշտպան: Եվ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի հերթական նախագահը հրաժարվում է իր խոստումը կատարել, մեր հանրությունը խոր հիասթափություն է ապրում եւ իրեն խաբված զգում: Այս իրավիճակը իր հերթին շատերի մեջ ստեղծում է այն կարծիքը, թե ցեղասպանության խնդրի ճանաչումը կարեւոր չէ, հետեւաբար ազգովին նստել ու սպասել, թե կարտասանի Օբաման այդ բառը, հարիր չէ մեր ժողովրդին: Շատերն էլ, հիմնականում հհշական լրատվամիջոցները, համոզված են, որ ցեղասպանությունը ընդամենը պատմական փաստ է, որ ժամանակակից թուրքերը հզոր քաղաքակրթության տեր մարդիկ են, որոնք մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում: Մյուսներն ել գտնում են, որ դա ընդամենը պատմական դրվագ է եւ պետք է հնարավորինս արագ մոռանալ եւ մեր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Ուրիշներն էլ իսկապես լրջորեն հարց են տալիս, եթե նույնիսկ Օբաման կամ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ կտա մեզ, օրինակ, հողերը կվերադարձնե՞ն, թե ոչ, ու ստանալով պատասխան, որ դժվար թե, հայտարարում են, որ այս հարցով զբաղվելը անիմաստ է: Նկատեմ, որ այս տեսակետները տարածված են ոչ միայն սովորական կամ այս հարցով չզբաղվող մարդկանց մոտ, այլեւ իրենց լուրջ պատմաբան համարող մասնագետների, որոնք մինչ օրս էլ չեն հասկանում ոչ միայն Արմենոցիդի խոր պատմական, քաղաքական, սոցիալական, հասարակական եւ բարոյական հետեւանքները հայ էթնոսի եւ նրա պատմական զարգացման ողջ ընթացքի վրա, այլեւ դրա կարեւորությունը հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Եվ այսպես, ո՞րն է այդ խնդրի կարեւորությունը մեզ համար ներկայումս:
Ցեղասպանությունը որպես թուրքական ռազմավարություն
Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը` Արմենոցիդը, պատահական գործողություն կամ դժբախտ պատահար չէր, այլ հայ ժողովրդին բնաջնջելու ծրագրված եւ իրականացված քայլ, որը կատարվել է ոչ միայն թուրքական պետության քաղաքական վերնախավի որոշմամբ, այլեւ, իսկ դա հավանաբար ամենակարեւորն է, թուրք հասարակության բացահայտ եւ լուռ աջակցության պայմաններում: Այսինքն` նույնիսկ այդ հասարակության իրեն կրթված ու քաղաքակիրթ համարող մտավորականությունը իր ճնշող մեծամասնությամբ պաշտպանում էր այդ գաղափարը, հետեւաբար առանձնապես ընդվզումներ հայերի մասսայական բնաջնջման նկատմամբ թուրք իրականության մեջ չեղան, եւ նույնիսկ մինչ օրս այդպիսի ընդվզում չկա: Իսկ ժամանակ առ ժամանակ հայտնվող մտավորականների խմբերը, որոնք ընդունում ու նույնիսկ ներողություն են խնդրում այս փաստի առիթով, այն աստիճան փոքրաթիվ են ու թույլ, որ որակական ուժ թուրքական հասարակության մեջ չեն ներկայացնում: Հետեւաբար, կարող ենք ասել, որ թուրք հասարակության այն մասը, որը տեղյակ է իրականությանը, մինչ օրս էլ իր ճնշող մեծամասնությամբ արդարացնում է մի ամբողջ ազգի բնաջնջումը: Հիշեցնենք նաեւ, որ Արմենոցիդի օրերին հայերի հետ մասին զոհ գնացին այլ ազգեր` հույներ, ասորիներ, եզդիներ եւ այլք: Ցեղասպանության տարբեր դրվագներ շարունակվեցին նաեւ քեմալական Թուրքիայում, Ղարաբաղի ազատագրման համար ընթացող պայքարում Ադրբեջանի թուրքերը եւս օգտագործում էին ցեղասպանության տարրեր, հիշենք Սումգայիթը, Մարաղայի ողբերգությունը եւ այլն: Այսինքն, թուրքերի գիտակցության մեջ ցեղասպանությունը` էթնիկ պատկանելության համար մարդկանց խմբերի ֆիզիկական ոչնչացումը որպես իրենց համար հարցերի լուծման ձեւ, վաղուց ընդունված եւ արդարացված քայլ է: Հետեւաբար, հիմք չկա կարծելու, թե թուրքերը նոր ճգնաժամի կամ տարածաշրջանում հնարավոր լարվածության դեպքում կհրաժարվեն ցեղասպանության ռազմավարությունից:
Ազգային անվտանգությունը
Բրիտանացի հայտնի հայագետ, պատմաբան Քրիստոֆեր Ուոքերը դեռ վաղուց է զգուշացրել, որ հայի համար վտանգ են ներկայացնում ոչ թե թուրք խուժանը կամ, նրա բառերով ասած, գռեհիկ Թալեաթը եւ ցեղասպանության մյուս կազմակերպիչները, այլ Արեւմուտքում կրթություն ստացած «քաղաքակիրթ» թուրքերը, որոնք ցեղասպանության իրագործման գաղափարական հիմքը դրեցին: Ի՞նչ է փոխվել այն օրվանից մինչ օրս, միայն այն, որ եթե նախկինում թուրքերը կրթություն էին ստանում Սորբոնում եւ Օքսֆորդում, ապա այսօր նախընտրում են ամերիկյան համալսարանները, եւ ընդամենը: Թուրքերի կողմից ցեղասպանության շարունակական հերքումը հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության համար նշանակում է միայն մի բան` թուրքերը եւ Թուրքիան չեն զղջում, հետեւաբար չեն հրաժարվում դրա կրկնման գաղափարից: Հայաստանի շարունակական շրջափակումը պետք է քննարկել միայն այդ տեսակետից` ցեղասպանության: Այսինքն` այլ միջոց չունենալով Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, թուրքերը իրականացնում են շրջափակում, իսկ ի՞նչ կիրականացնեն, եթե տարածաշրջանում քաղաքական իրավիճակը փոխվի եւ գործողությունների մեջ Թուրքիան ավելի ազատ լինի: Ըստ նույն Ուոքերի, հակահայկականությունը շարունակում է մնալ Թուրքիայի պետական գաղափարախոսության հիմքում: Եվ կարծում եմ, որ Էրդողանի վերջին հայտարարությունները, որ հայ-թուրքական սահմանի հարցը կարող է վերանայվել միայն ղարաբաղյան խնդրի լուծումից հետո, մեկ անգամ եւս ապացուցում է, որ թուրքերի ագրեսիվ ցեղասպան քաղաքականության գաղափարը վառ է այդ ժողովրդի մեջ: Հետեւաբար, ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը հնարավորինս մեծ թվով երկրների կողմից անհրաժեշտ է ոչ միայն բարոյական, այլեւ կիրառական տեսակետից: Այսինքն` այն ուղղակի առնչվում է մեր տարածաշրջանում ցեղասպանությունների կրկնման կանխարգելմանը եւ, առաջին հերթին, հայ ժողովրդի նկատմամբ դրա բացառմանը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից է բխում, որ աշխարհի գերհզոր պետությունը` ԱՄՆ-ը ոչ միայն ճանաչի, այլեւ դատապարտի 1915-ի ցեղասպանությունը, դրան տալով քաղաքական, հետագայում նաեւ իրավական գնահատական: Հայաստանի Հանրապետության աջակցությամբ հայկական սփյուռքը պետք է կրկնապատկի իր ջանքերը ավելի մեծ թվով երկրների կողմից ցեղասպանության ճանաչման համար: Ընդհանրապես պետք է ձեւավորվի միջազգային հասարակական կարծիք, որ Հայոց ցեղասպանության հերքումը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ մարդկության դեմ ընդհանրապես:
Ցեղասպանության ճանաչումը նաեւ պետք է դիտարկել տարածաշրջանում ընթացող զարգացումների համատեքստում, պետք չէ սպասել, որ այն վաղը կարող է ինչ որ օգուտ բերել: Սակայն այսօր, երբ ողջ տարածաշրջանը գտնվում է նոր փոփոխությունների նախաշեմին ու քաղաքական հավասարակշռությունը կարող է փոխվել, ու հնարավոր է` ոչ հօգուտ մեզ, հայ ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը աշխարհի կողմից հնարավորություն կտա Հայաստանին իրեն համեմատաբար ավելի վստահ զգալու, համոզված, որ որեւէ ոտնձգություն Հայաստանի ու հայերի հանդեպ, լինի Ղարաբաղում կամ, ասենք, Ստամբուլում, միանշանակ կարժանանա աշխարհի տերությունների բացասական գնահատականին եւ, ամենակարեւորը, դա հնարավորություն կտա մեր պետությանը ավելի վստահ ու համարձակ գործելու ի պաշտպանություն հայերի, ընդդեմ թուրքական ամեն մի ագրեսիվ դրսեւորման:
Ցեղասպանության ճանաչումը պետք է միանշանակ դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը եւ մշտապես պետք է լինի մեր պետության արտաքին քաղաքականության օրակարգում:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ