Տանիքից կաթող անձրեւի կտկտոցի ներքո Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր սեղանի շուրջը երեկ անցավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ ակադեմիայի արտասահմանյան 4 անդամներիՙ Գրիգորի Գաբրիելյանցի (ՌԴ, Դուբնա), Յուրի Հովհաննիսյանի (Դուբնա), Ստեփան Եսայանի (Միացյալ Նահանգներ) եւ Պավել Սարկիսովի (ՌԴ) ասուլիսը: Բարեբախտաբար, կաթոցը վայրէջք էր կատարում միայն սեղանի ձախ մասի եզրին, որտեղ միամտաբար նստողը կարող էր թրջել ոչ միայն նշումների թուղթը, այլեւ ձեռքն ու գլուխը, ինչպես դա պատահեց տողերիս հեղինակի հետ: Սեղանի այդ հատվածից իմ փախուստն աննկատ չանցավՙ անձրեւի միալար կաթոցի պես: Լրագրողների հետ հանդիպելու առիթը նախորդ օրն ավարտված ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովն էր, որտեղ ամեն տարվա պես քննարկվել էին մեր գիտահետազոտական ու գիտակազմակերպչական գործունեության ցավոտ ու անցավ կողմերը, լսվել էին հուսառատ եւ անհույս ելույթներ, գծվել եւ վերագծվել էին մեծ ու մանր համագործակցության հին ու նոր նախագծեր:
«Այս տարվա տարեկան ժողովն էապես տարբերվում էր նախորդներից այն բանով, որ մասնակցում էին անցած տարվա աշնանըՙ նոյեմբերին, 16 երկրներից ընտրված 78 սփյուռքահայ արտասահմանյան անդամները, որոնցից յուրաքանչյուրը բարձր հեղինակություն ունի իր բնակության երկրում: Նրանց ընտրելու նպատակը գիտական միասնական ներուժով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելն է: Նրանց առաջարկված պայմաններից առաջինն այն էր, որ նրանք տարին մեկ անգամ, ինչպես հիմա, պետք է մասնակցեն մեր տարեկան ժողովին, հանդես գան գիտական հաղորդումներով, առաջարկներով: Հենց այսօր ակադեմիայում լսեցինք պրն Եսայանի չափազանց հետաքրքրական հաղորդումը կանաչ լույսի լազերների վերաբերյալ: Իսկ պրն Գաբրիելյանցը, լինելով նավթի մասնագետ, նախորդ օրն ուշագրավ զեկուցում է կարդացել «Նավթի ռեալությունը եւ միֆը» թեմայով:
Սփյուռքահայ գիտնականներին առաջարկել էինք նաեւ համագործակցության ծրագրեր մշակել մեր տեղական գիտական կառույցների եւ երիտասարդ գիտաշխատողների հետ: Մեզ համար ամեն անգամ բարդ խնդիր է առաջանում, երբ գիտական որեւէ աշխատանք ցանկանում ենք ներկայացնել փորձաքննության: Հարցն այն է, որ այստեղ բոլորն իրար ճանաչում են եւ այդ տվյալ աշխատանքի վերաբերյալ միանգամից գրում են, որ ամեն ինչ շատ լավ է, նույնիսկ եթե լավ չի լինում: Սա շատ կարեւոր հանգամանք է: Նախորդ օրը լսեցինք հուզիչ ելույթներ, հանձնեցինք դիպլոմներՙ պարտավորեցնող ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց: Հիմա մշակում ենք առաջիկա համագործակցության ծրագրեր, որոնց շնորհիվ, հույս ունենք, Հայաստանը կունենա զարգացած տնտեսություն եւ գիտելիքահենք հասարակություն»:
Հայ գիտնականների գիտական ներուժը համախմբելու ակադեմիայի ջանքերը Ստեփան Եսայանը համարեց «խելոք եւ հեռատես գործ», որից հետո ասաց. «Մեր ազգը հարուստ է մարդկային ռեսուրսներով, իսկ մտավորականների մեծ մասը գտնվում է արտերկրում: Նրանք մեծ օգուտ կարող են բերել հայաստանցի գիտնականներին տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելով: Արդի աշխարհում դրան մեծ տեղ է հատկացվում, ստեղծվում են գիտական նորությունները փոխանցող հատուկ ծառայություններ: Կարծում եմ, Հայաստանում գիտությունը պետք է զարգանա բոլոր այն ուղղություններով, որոնք ժամանակին օգտաբեր են եղել երկրի տնտեսության համար, դրանք պետք է նորացնել ու թարմացնել, քանի դեռ վերջնականապես չեն մահացել: Հայաստանի կառավարությունը չի կարող այդքան մեծ ծավալներ վերցնել իր վրա, դրա համար պետք է գտնել այլ միջոցներ»:
Գրիգորի Գաբրիելյանցը խոսեց գրեթե բոլոր երկրներին զբաղեցնող ամենաթունդ հարցիՙ նավթի մասին, որն էական է նաեւ Հայաստանի համար, սակայն մեր երկրի երկրաբանական պաշարները ցավալիորեն նման են մեր ժողովրդի բարդ ու տառապալից ճակատագրին:
Ասուլիսին ներկա ու բացակա սփյուռքահայ գիտնականների մասին մեր հասարակությունը քիչ գիտի, կամ գրեթե տեղեկացված չէ: Ցավոք, մեկ նյութի սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրին: Մեր ակադեմիայի ղեկավարությունը, կարծում ենք, պետք է միջոցներ գտնի այդ բացը լրացնելու համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ