«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԼՈՆԴՈՆԻՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՆ Է

Վերջերս Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կրկին հաջող մրցելույթներ ունեցան հայ ծանրորդները: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Առաքելը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Նազիկ Ավդալյանն (69 կգ) ու Հռիփսիմե Խուրշուդյանն (75 կգ) արժանացան արծաթե մեդալների:

Երեկ «Տեսակետ» ակումբում նշված ծանրորդները, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը , օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանն ու Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Պեկինի օլիմպիադայից հետո մեր առաջատար ծանրորդները թեթեւակի վնասվածքներ ունեին, ուստի որոշվեց տղամարդկանց նոր թիմով ներկայանալ Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությանը: Մարզիչները հնարավորություն տվեցին իրենց դրսեւորելու երիտասարդներին: Մեր ծանրորդների առջեւ այժմ խնդիր է դրված լավագույնս նախապատրաստվել 2012-ին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, որոնց ուղեգրերի ձեռքբերման համար վարկանիշային են համարվում 2009-2011-ին կայանալիք աշխարհի առաջնությունները:

Սամվել Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Բուխարեստում մեր ծանրորդների ելույթներիցՙ հատկապես առանձնացնելով Առաքել Միրզոյանին, որն օլիմպիական խաղերի մրցանակակիրներին հավասար արդյունք ցույց տվեց: 2008-ին Առաքելը Ալբանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, Կոլումբիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել էր արծաթե մրցանակակիր, հաջողությունը կրկնել էր նաեւ ուսանողական խաղերում:

Ինչ խոսք, որդու հաջողությամբ հպարտ էր Օգսեն Միրզոյանը. «Իմ համար ավելի հեշտ էր մրցահարթակ դուրս գալը, քան որդուս ելույթներին հետեւելը: Պատասխանատվությունը շատ մեծ էր: Սակայն հանգիստ էի, քանի որ մարզումների ժամանակ Առաքելը բարձրացրել էր այդ քաշերը: Բացի այդ էլ, մեր կողքին ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն էր, որն էլ Առաքելին մրցահարթակ էր ուղեկցում: Առաջինն Առաքելը մրցասպարեզ դուրս եկավ եւ ոսկե մեդալով նշանավորեց մեկնարկը: Հուսով էինք, որ հաղթարշավը կշարունակեն մեր աղջիկները, սակայն ցավոք վերջին մոտեցումների ժամանակ նրանք չկարողացան բարձրացնել ծանրաձողն ու բավարարվեցին արծաթե մեդալներով, ինչը եւս մեծ նվաճում է»:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը բավարար համարեց մեր աղջիկների ելույթը, նշելով, որ վերջին 3-4 տարիներին մշտապես մեդալներով են վերադառնում մրցումներից: Մի փոքր անհանգստացնում է հերթափոխի հարցը, սակայն կան երիտասարդ, խոստումնալից աղջիկներ, որոնք մոտ ապագայում կարող են համալրել Հայաստանի մեծահասակների հավաքականը: Քանի որ աշխարհի առաջնությունը, որը կայանալու է նոյեմբերին Կորեայում, վարկանիշային է, ուստի կանանց հավաքականը մասնակցելու է լրիվ կազմով (7 հոգով): Կան կարող ուժեր հանձինս Ալլա Սամվելյանի, Քրիստինե Պետրոսյանի, Լիանա Մանուկյանի եւ այլոց: Ըստ մարզչի, եթե մեր առաջատար մարզուհիներն աշխարհի առաջնությունում իրենց լավագույն մարզավիճակում գտնվեն, ապա կարող են պայքարել մրցանակային տեղերի համար:

Այնուհետեւ խոսքը տրվեց ծանրորդներին:

  Առաքել Միրզոյան - Առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը եւ շատ ուրախ եմ, որ նորամուտս չեմպիոնությամբ նշանավորվեց: Ինձ մեծ աջակցություն են ցուցաբերել անձնական մարզիչսՙ հայրս ու ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Սակայն այս նվաճմամբ, իհարկե, չեմ բավարարվելու, ձգտելու եմ մեդալներ նվաճել աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում:

  Նազիկ Ավդալյան - Ցանկանում էի կրկնել նախորդ տարվա հաջողությունը եւ ապացուցել, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը պատահականություն չէր: Ճիշտ է, չստացվեց ու այս անգամ արծաթե մեդալի արժանացա, սակայն նախորդ տարվա ցուցանիշս բարելավեցի: Նշեմ, որ 145 կգ ծանրություն պարապմունքների ժամանակ դեռ չէի բարձրացրել, դա նորություն էր ինձ համար: Եվ եթե Բուխարեստում այդ քաշը ենթարկվեր ինձ, ապա ոսկե մեդալ կնվաճեի: Շնորհակալ եմ հավաքականի մարզիչներից, օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից, որոնց շնորհիվ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում:

Հռիփսիմե Խուրշուդյան - Անցած տարի վնասվածքի պատճառով անհաջող ելույթ ունեցա: Եվրոպայի առաջնությունում ելույթիցս գոհ եմ: Իհարկե, եթե հաջողվեր 150 կգ-ը հաղթահարել, ապա Եվրոպայի չեմպիոնուհի կդառնայի ու կրկին պարելով կհեռանայի մրցահարթակից:

Տեղեկացնենք, որ Բուխարեստում Առաքել Միրզոյանը ճանաչվեց Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդ: Դա որոշվում է Սինգլերի աղյուսակով, որը հաշվի է առնում ծանրորդի անձնական քաշն ու բարձրացրած կգ-ները: 2007-ին նման բախտի էր արժանացել Գեւորգ Դավթյանը, անցյալ տարիՙ Տիգրան Մարտիրոսյանն ու Մելինե Դալուզյանը: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մինչեւ տարեվերջ Միրզոյանը հանդես կգա մինչեւ 69 կգ քաշային կարգում, որից հետո կտեղափոխվի 77 կգ քաշային կարգ: Այդ կարգ է տեղափոխվել նաեւ Տիգրան Մարտիրոսյանը: Այժմ Առաքելը նախապատրաստվում է հունիսին Բուխարեստում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Այս տարի առաջին անգամ հոկտեմբերին Լեհաստանում տեղի կունենա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Պատասխանատու մրցում է լինելու նաեւ Թայլանդում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունը, որում խաղարկվելու են 2010-ին Սինգապուրում տեղի ունենալիք պատանեկան օլիմպիադայի ուղեգրեր:

Սամվել Խաչատրյանն իր շնորհակալությունը հայտնեց երկրի նախագահից, կառավարությունից, օլիմպիական կոմիտեի նախագահից մարզաձեւի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար: Այսօր 150 մլն դրամ է հատկացվել ծանրորդներին, նրանց մարզիչներին ամենամսյա նպաստներ վճարելու համար: Իսկ Գագիկ Ծառուկյանը խոստացել է ավտոմեքենա նվիրել Առաքել Միրզոյանին, դրամական պարգեւներ հանձնել Նազիկ Ավդալյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին: Ի դեպ, ասուլիսի վերջում «Թերմոռոս-Ար» ընկերության կողմից նվերներ հանձնվեցին ծանրորդներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4