«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2009-04-23 | #74, 2009-04-24 | #75, 2009-04-25


«ԵԹԵ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ԼԻՆԵԻՆ, ԱՊԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԵՐ ԵՎ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՐ»

Նշում է վարչապետ Էրդողանըՙ անդրադառնալով «ճանապարհային քարտեզին»

Ապրիլի 22-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջը, եւ այդ համատեքստում սահմանվել է «ճանապարհային քարտեզ»: Քանի որ դա առաջիկա քայլերի յուրատեսակ ուղեգիծ է նշանակում, ինչպես նաեւ պայմանավորվածությունների ժամանակացույց, ապա հարցեր են առաջանում: Որո՞նք են այդ քայլերը, ի՞նչ հաջորդականությամբ են կատարվելու եւ կողմերի միջեւ ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ապրիլի 23-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում կազմակերպված ընդունելությանը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով թուրք լրագրողները վարչապետ Էրդողանին հարցրել են. «Հայտարարության մեջ նշվում է կողմերի համաձայնության գալու եւ «ճանապարհային քարտեզի» մասին, չե՞ք մանրամասնի»: Նա պատասխանել է. «Եթե բոլոր հարցերը հստակեցված լինեին, ապա տեքստը կստորագրվեր ու կհրապարակվեր: Ամեն ինչ չէ, որ հստակեցված է: Դեռեւս չկա ստորագրված որեւէ տեքստ, դա ընդամենը նախնական է»:

Այլ կերպ, վարչապետ Էրդողանը թեեւ հարցին պատասխանել է, սակայն «ճանապարհային քարտեզի» մասին պարզաբանումներ բացարձակապես չի տվել: Իսկ դա պատճառ է դարձել տարաբնույթ մեկնաբանությունների: Այդ առումով թերեւս հատկանշականը «Հայաստանի հետ «ճանապարհային նոր քարտեզը» կքննարկվի Մեջլիսում» վերնագրով «Զամանի» երեկվա համարում հրապարակված հոդվածն է:

Ահա թե ինչ է գրում «Զամանը». «Մեր ստացած տեղեկությունների համաձայն «ճանապարհային քարտեզը» ներառում է կարեւոր երեք կետեր, որոնք նախատեսում են Հայաստան-Թուրքիա սահմանի աստիճանաբար բացումը, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ առկա բոլոր խնդիրների քննարկումը միջկառավարական հանձնաժողովում: Խնդրո առարկա հանձնաժողովի բաժիններից մեկն աշխատանքներ է ծավալելու 1915-ի իրադարձությունների առնչությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է, որ «ճանապարհային քարտեզի» շրջանակում Երեւանը ճանաչի Թուրքիայի հետ սահմանը եւ ընդունի Կարսի պայմանագիրը: Անկարայում հարցի կարգավորման ընդունելի տարբերակ է համարվում «ԽՍՀՄ-ի հետ ստորագրված այս պայմանագիրը համարել ճանաչված մինչեւ Հայաստանը չճանաչելու հայտարարություն կանի» մոտեցումը:

Անկարան իրատեսական չի համարում, որ Երեւանը կվիճարկի Կարսի պայմանագիրը: Շրջանառվող կարծիքի համաձայն, «ճանապարհային քարտեզը» կազմվել էր մեկ ամիս առաջ, սակայն Երեւանն այն ժամանակ դրական չէր մոտեցել դրան: Համատեղ հայտարարության հրապարակումն ապրիլի 24-ի նախօրյակին ցրեց Անկարայիՙ նախագահ Օբամայի ուղերձից բխող մտավախությունը: «Ճանապարհային քարտեզի» կիրառման փուլում ձեւավորվող պայմանագրի դրույթներն ու տեքստը քննարկման են դրվելու Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում: Որքան էլ տեքստում չնշվի, այնուամենայնիվ, նորմալացման գործընթացին զուգընթաց Հայաստանն ազատելու է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները: Հայաստանյան մամուլը նշում է, որ համաձայնագրի տեքստում նախապայմանների մասին խոսք չկա, իսկ Անկարան պատասխանում է. «Չկա նաեւ «առանց նախապայմանների» արտահայտությունը»:

Պատասխանատուներից մեկն ուշադրություն է հրավիրում ղարաբաղյան հարցի կարգավորմանը Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացի բերած նպաստի վրա: Ինչպես հայտնի է, այդ հարցը նախագահ Օբամայի Թուրքիա այցելության ընթացքում Վաշինգտոնի վարչակարգի առջեւ բարձրացրել էր նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս բոլոր զարգացումների համադրումը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով հուսադրում է դիվանագիտական շրջանակներին: «Մենք հայկական սահմանը փակել ենք ոչ թե Ղարաբաղի, այլ հարակից ադրբեջանական հողերի բռնազավթման համար: Հայաստանն ասել էր, որ կազատի յոթ շրջաններից հինգը: Այսինքնՙ նորմալացման հայ-թուրքական գործընթացով ադրբեջանցիներն ու հայերն ավելի իրատեսական կմոտենան հիմնահարցի կարգավորմանը», ասում է մեկ այլ պատասխանատու»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4