Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել Նալչիկի շախմատի մրցաշարային աղյուսակը: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ ու վաստակեց 5 միավոր: Վլադիմիր Հակոբյանը եւս հաշտություն կնքեց Եվգենի Ալեքսեեւի հետ: Հակոբյանը 4 միավորով Մամեդյարովի, Բաքրոյի եւ Էլյանովի հետ բաժանում է 7-10-րդ տեղերը:
Տուրում գրանցված արդյունավետ երկու պարտիաները չազդեցին առաջատարների դիրքերի վրա: 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Գատա Կամսկինՙ զիջելով Պավել Էլյանովին: Պարտություն կրեց նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովըՙ զիջելով Բորիս Գելֆանդին: Լեկո-Բաքրո, Մամեդյարով-Իվանչուկ, Կարյակին-Գրիշչուկ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Հինգ շախմատիստներՙ Ալեքսեեւը, Կարյակինը, Գրիշչուկը, Լեկոն ու Սվիդլերը 4,5-ական միավորով հետապնդում են Արոնյանին: Վերջինս 9-րդ տուրում սեւերով կմրցի Բորիս Գելֆանդի հետ: Հակոբյանը եւս կխաղա սեւ խաղաքարերով: Նրա մրցակիցը կլինի 2,5 միավորով աղյուսակը եզրափակող Վասիլի Իվանչուկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ