«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2009-04-23 | #74, 2009-04-24 | #75, 2009-04-25


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԺՈԶԵՖ ԱԳԲԵԿՈՅԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ

Առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նախապատրաստվում է նոր մենամարտիՙ շարունակելով իր առջեւ նորանոր խնդիրներ դնել ու դրանք հաջողությամբ լուծել: Նա բազմիցս հայտարարել է, որ մտադիր է տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ եւ այնտեղ եւս արժանանալ աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Վախթանգն արդեն քաշային երկու կարգերում չեմպիոնական գոտիներ է նվաճել: Հաջորդ քայլը թեթեւագույն քաշային կարգում ուժեղագույնի տիտղոսին արժանանալն է: Այդ նպատակով նա հուլիսի 11-ին կմենամարտի գանացի բռնցքամարտիկ, ներկայումս Նյու Յորքում բնակվող Ժոզեֆ Ագբեկոյի հետ, որը կրում է IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում Ագբեկոն կրում է «Կինգ Կոնգ» մականունը:

Ագբեկոն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2007-ինՙ 7-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Լուիս Պերեսին: Պրոֆեսիոնալ ռինգում գանացի բռնցքամարտիկը 27 մենամարտ է անցկացրել, որից 26-ում հաղթել է: Դրանցից 22-ը նա ավարտել է ժամանակից շուտ: Միակ պարտությունն Ագբեկոն կրել է 2004-ին Վլադիմիր Սիդորենկոյից: Դրանից հետո նա 5 անընդմեջ հաղթանակ է տոնել: Ինչպես հայտնի է, Վախթանգ Դարչինյանը եւս միայն մեկ պարտություն է կրել անցկացրած 34 հանդիպումներում: Դա 2007-ին էր, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտում: Իր վերջին մենամարտը Վախթանգն անցկացրել է այս տարվա փետրվարինՙ վստահ հաղթանակ տոնելով մեքսիկացի Խորխե Արսեի նկատմամբ: Ինչպես նախորդ մենամարտերում, այս անգամ էլ Դարչինյանը վստահ է իր ուժերին եւ մարտականորեն է տրամադրված:

Ի դեպ, օրերս Նոնիտո Դոները հաջողությամբ պաշտպանել է գերթեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսն ամերիկացի Ռաուլ Մարտինեսի հետ մենամարտում: Արդեն առաջին ռաունդում նա երկու անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց, սակայն վերջինս կարողացավ վեր կենալ ու շարունակել մենամարտը: 3-րդ ռաունդում պատմությունը կրկնվեց, իսկ երբ հաջորդ ռաունդում եւս մեկ նոկդաուն գրանցվեց, մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Նոնիտո Դոների պրոմոութեր Բոբ Արումը հայտարարել է, որ դժվար թե իր սանը Վախթանգ Դարչինյանին ռեւանշի հասնելու հնարավորություն ընձեռիՙ կրկին մենամարտելով նրա հետ. «Եթե Նոնիտոն Դարչինյանի հետ մենամարտած չլիներ, մենք մեծ բավականությամբ կկազմակերպեինք այն: Սակայն նա արդեն մենամարտել ու հաղթել է մրցակցին: 99 տոկոսով Նոնիտոն կրկին կհաղթի Վախթանգին, եթե հանդիպի նրա հետ: Սակայն Դարչինյանը մեզ չի հետաքրքրում: Կան ավելի հետաքրքրական մրցակիցներ, օրինակ Ֆեռնանդո Մոնիտելը, Էրիկ Մորելը, մի շարք մեքսիկացի եւ պուերտոռիկացի բռնցքամարտիկներ, որոնց հետ մենամարտելու դեպքում մենք ավելի մեծ գումար կվաստակենք»:

Ինչպես եւ սպասվում էր, Վախթանգ Դարչինյանի պատասխանը Բոբ Արումին չուշացավ. «Պատրաստ եմ Նոնիտո Դոների հետ հանդիպել որեւէ ժամանակ եւ որեւէ վայրում: Գլխավորն այն է, որ նա այդ պահին կրի չեմպիոնի տիտղոսը եւ չվախենա մենամարտելուց: Բոբ Արումը սիրում է խոսել իր բռնցքամարտիկների մասին, որպեսզի նրանց հանրահայտ դարձնի: Նա ասում է, որ ես չեմ հետաքրքրում մարզասերներին: Սակայն Քրիստիան Միխարեսի հետ իմ մենամարտին, չնայած հորդառատ անձրեւին, ավելի շատ հանդիսականներ էին ներկա, քան նույն օրը Լաս Վեգասում նրա կազմակերպած բռնցքամարտի շոու երեկոյին: Արումը պետք է անհանգստանա այն բանի համար, որպեսզի նրա սաները ձեռնոցներում գիպս չպահեն եւ այլեւս չհիշատակեն ինձ, հատկապես Խորխե Արսեին հաղթելուց հետո: Նրան ուրիշ բռնցքամարտիկ է անհրաժեշտ, որը կարողանա մեծ եկամուտներ ապահովել: Ուստի նա առաջ է տանում Դոներին: Արումը հասկանում է, որ իմ հետ մենամարտելը եկամտաբեր է, քանի որ ես հանդիսականներին հրամցնում եմ այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել: Չեմպիոնական վեց տիտղոսներ եմ նվաճել, առաջին թեթեւագույն քաշային կարգի միակ բացարձակ չեմպիոնն եմ: Թույլ մրցակիցներ չեմ ընտրում, պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել:

Եթե միակ պարտությունը չկրեի Դոներից, երբեք չէի հասնի այս ամենին: Շնորհակալ եմ նրանից: Ինքս ինձ պարտվեցի եւ դրանից դաս քաղեցի: Տեսնենք, թե նոր մենամարտում նա իրեն ինչպես կդրսեւորի: Եթե նրան հաջողվի չեմպիոնի տիտղոսը նվաճել առաջին թեթեւագույն կամ թեթեւագույն քաշային կարգերում, ապա կարող է փորձել խլել ինձանից չեմպիոնական գոտիները: Հուսով եմ, որ նրա մարտավկաները մենամարտը չեն դադարեցնի, երբ Դոներին նոկաուտի կենթարկեմ: Արումը պետք է հիշի, թե ինչ էի նրան ասել, երբ հանդիպում էի Խորխե Արսեի հետ: Նրան խոստացել էի հերթականությամբ նոկաուտի ենթարկել իր բոլոր բռնցքամարտիկներին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4