Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաջող մեկնարկեց Մալթայում ընթացող ֆեդերացիայի գավաթի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ դիվիզիոնի «Բ» ենթախմբում: Առաջին տուրում մեր թենիսիստուհիները 3-0 հաշվով պարտության մատնեցին Մոլդովայի ընտրանուն: Աննա Մովսիսյանն առավելության հասավ Տերտեացիի նկատմամբ, Լյուդմիլա Նիկոյանը հաղթեց Վասենինային: Իսկ զուգախաղում մրցակիցների նկատմամբ հաղթանակ են տոնել Մովսիսյանն ու Նիկոյանը:
2-րդ տուրում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով առավելության հասան Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ: Մենախաղում Աննա Մովսիսյանն առաջին միավորն է պարգեւել մեր թիմին, իսկ ահա Լյուդմիլա Նիկոյանը պարտվել է: Ընդհանուր հաղթանակն ապահովել է զուգախաղում հասած հաջողությունը:
Երրորդ տուրում հայ թենիսիստուհիների մրցակիցը կլինի Նորվեգիայի հավաքականը: Վերջինս հաղթել է Լիխտենշտեյնի (2-1) եւ Իսլանդիայի (3-0) հավաքականներին: Մյուս հանդիպումների արդյունքներն ենՙ Իսլանդիա-Եգիպտոսՙ 0-3, Մոլդովա-Եգիպտոսՙ 1-2, Լիխտենշտեյն-Եգիպտոսՙ 3-0, Մոլդովա-Իսլանդիաՙ 3-0:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ