«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2009-04-24 | #75, 2009-04-25 | #76, 2009-04-28


ՀՅԴ-Ն ԼՔԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՆ... ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՄԵՐ ՕԴԱՆԱՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԵՎԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՅԴ-ն երեկ դուրս եկավ կոալիցիայից, որի հետեւանքները բազմազան են` առայժմ նշենք մի քանիսը. նախՙ առաջացած պաշտոնների շուրջը կոալիցիայում կսկսվի գզվռտոց, բացի այդ` ՀՅԴ-ական միջին պաշտոնյաների մի զգալի շերտ աստիճանաբար դուրս կմնա աշխատանքից` լրացնելով գործազուրկների շարքերը: Ընդդիմության կոնգրեսական հատվածը, որ իր ընդդիմադիր լինելու գերաշնորհը պահպանում էր Տեր-Պետրոսյանի` ժամանակ առ ժամանակ թարմացվող հնարամտությունների շնորհիվ, իր առաջնային տեղը կզիջի Դաշնակցությանը, քանի որ կայուն ընտրազանգված ունեցող Դաշնակցությանը կարող են ազգային նկարագիր ունեցող այն շերտերը աջակցել, ում համար ՀՅԴ-ի իշխանության մաս կազմելը պատճառ էր դարձել, որ նրանք թեքվեն դեպի ՀԱԿ. այսինքն` ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության պատկերը կփոխվի ՀՅԴ-ի այս քայլի պատճառով, իսկ եթե «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ համագործակցեն` ապա ընդհանրապես կոնգրեսն ընդդիմադիր դաշտից կարող է ֆուկ լինել: Ազգային ժողովում էլ, փաստորեն, պատկերը փոխվեց` 7 հոգանոց ընդդիմադիր խմբակցության կողքին նոր գործընկեր հայտնվեց 16 հոգով: Խոստովանեք` ընդդիմադիր 23 պատգամավորները, այն էլ` ՀՅԴ-ի մեծ մասամբ «խոսող» պատգամավորներով, չեն թողնի լսարանին ձանձրանալ, ու Հովիկ Աբրահամյանի` պառլամենտի դերը բարձրացնելու ցանկությունն, այդպիսով, գուցե իսկապես էլ իրականանա: Ուրիշ խնդիր, որ գուցե ցանկալի օրինագծերի անցկացման պարագան դժվարանա: Իսկ թե արդյոք տեսանելի խնդիրներից բացի` նաեւ անտես խնդիրներ ունի՞ լուծելու Դաշնակցությունը, առաջիկայում կերեւա: Համենայն դեպս, ըստ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, որը երեկ հայտարարեց ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու մասին, սա քաղաքական խաղ չէ` քաղաքային ընտրություններից առաջ ընդդիմադիրի իմիջով հանդես գալու համար, թեեւ, իհարկե, շտկումներ կարող է մտցնել քարոզարշավի գործընթացում:

Հայտարարելով քաղաքական կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին` ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրաժարումը բացատրեց արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջն առաջացած անհաղթահարելի սկզբունքային տարաձայնությամբ: ՀՅԴ-ի համար անընդունելի եւ դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը, տարաձայնություններ կան նաեւ Հայաստան- Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման հարցում: Այդ դրույթների վերաբերյալ հետագայում կարտահայտվեն: Մի խոսքով` ՀՅԴ-ն դառնում է ընդդիմություն, Ռուստամյանի խոսքով` իշխանության լիարժեք այլընտրանք եւ ստանձնում է իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու եւ զսպելու դերակատարությունը, ձեռք զարկում քաղաքական դաշտի առողջացմանն ու բյուրեղացմանը, իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորմանը, սոցիալական արդարության հաստատմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը, եւ գլխավորը` հայ-թուրքական հարաբերություններում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներում առաջնորդվելու է բացառապես ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայությամբ:

«Այս հայտարարության հիմքով` մեր բոլոր քաղաքական եւ հայեցողական պաշտոնները ներկայացնում են իրենց հրաժարականի դիմումները եւ այդ գործընթացն արդեն սկսված է, խոսքը վերաբերում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր պաշտոններին` փոխնախարարներ, փոխմարզպետներ, մարզպետ եւ նախարարներ», ավելացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Մանրամասնելով տարաձայնություններն իշխանության հետ` Ռուստամյանը մանրամասնեց. արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի 2 կարեւորագույն հարցերի (հայ-թուրքական հարաբերություններ եւ ղարաբաղյան կարգավորման խնդիր) վերաբերյալ հստակ հայեցակարգված մոտեցումների վրա, ազգային եւ պետական շահի ճշգրիտ համադրումներ կատարել: Դրանք միշտ չէ, որ իրենց ծավալներով համընկնում են, բայց ամեն դեպքում պետական շահը պետք է մեզ հետ չպահի ազգային խնդիրների լուծումից, եւ դրանք իրար հետ համաձայնեցնելը իշխանության առաջին գործն է, մինչդեռ հայ-թուրքական սահմանի բացման, Հայ դատի եւ ցեղասպանության ճանաչման խնդրում տարաձայնությունները շատ էին:

Ա. Ռուստամյանն ասում էր, թե սահմանի բացման հարցը Թուրքիայի միջազգային պարտավորությունը պետք է դիտվի, ոչ թե Թուրքիան դա փորձի դարձնել իր իրավունքը եւ ճնշելու լծակ Հայաստանի վրա` կորզելու համար ինչ-ինչ զիջումներ: Ցեղասպանության ճանաչման խնդիրն էլ պետք է իրականացվի երկու զուգահեռ ուղղություններով` միջազգային ճանաչում, Թուրքիայի կողմից ճանաչում, եւ պետք է թույլ չտալ մի գործընթացի փոխարինումը մյուսով. ավելի շուտ` միջազգային ճանաչման գործընթացը չփոխարինվի միայն Թուրքիային ստիպելով, որ նա ճանաչի ցեղասպանության փաստը: Մեր խնդիրն է` չմտնել այնպիսի գործընթացի մեջ, որը պարզապես կարող է կասեցնել կամ հետ գցել միջազգային ճանաչման գործընթացը: Թուրքիան գործընթացի մեջ մտավ` արդեն զգալով այն ահռելի ճնշումը, որ միջազգային հանրության կողմից բանեցվում էր իր նկատմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. «Մենք էլ պետք է զգոն լինենք, որ չընկնենք այն թակարդի մեջ, որ կարող է թուրքական դիվանագիտությունը լարել եւ այդ դիվանագիտության զոհը չդառնալ` պատմության մեջ այդպիսի բացասական օրինակներ ունեցել ենք: Ուրեմն չպիտի թույլ տանք, որ միջազգային ճանաչման գործընթացը կանգ առնի, սպասելով, որ Թուրքիան ճանաչի», ասաց Ա. Ռուստամյանը` հավատացած, որ Թուրքիան էլ տարբեր պատճառաբանություններով երկար ձգձգելու է ճանաչումը, եւ այդպիսով մենք ավելի բարդացնելու ենք ճանաչման խնդիրները:

Այս բոլորին չհամաձայնելով` ՀՅԴ-ն զիջում թույլ չի տա եւ այդ իմաստով հասարակության, ինչու չէ` նաեւ հայության աջակցության կարիքն ունի, իսկ հասարակության լայն աջակցությունը ստանալու, ժողովրդի հետ համաձայնությամբ գործելու առումով կոալիցիոն ձեւաչափը ՀՅԴ-ի համար նեղ էր, ազգային ուղեգծից իշխանության շեղումն էլ պատճառ դարձավ դուրս գալու կոալիցիոն ձեւաչափից:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Ա. Ռուստամյանն ասաց, թե կոալիցիայից դուրս գալուց ՀՅԴ-ն չի խորհրդակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Չնայած Սերժ Սարգսյանը շարունակում է Ռ. Քոչարյանի քաղաքական գիծը, սակայն վերջինիս օրոք ՀՅԴ-ն նրա հետ անհաղթահարելի տարաձայնություն չի ունեցել, իսկ ահա հիմա` ունի:

  «Ազգի» հարցին, թե փաստորեն խորհրդարանում ուրվագիծ է փոխվում, «Ժառանգության» հետ համագործակցելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու խնդիր կարո՞ղ է լինել. ոչ, հրաժարականների հարց ՀՅԴ-ն չունի, ավելի կարեւոր, համազգային հարց կա` վտանգը չեզոքացնելու, իսկ խորհրդարանում, այո, թիվ 1 ընդդիմադիր ուժ են դառնում, եւ ինչու չէ, նաեւ գործակցելու են «Ժառանգության» հետ, հատկապես վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Իսկ ՀԱԿ-ի հետ գաղափարական տարաձայնությունները շատ են, դրանք անհամատեղելի են, հատկապես հայ-թուրքական հարցերում` ոչ իրենց գաղափարական մոտեցումներն են ընդունում, ոչ էլ ամեն առիթով իշխանափոխության կոչելու քաղաքական պահվածքը. «Հրաժարական կամ իրավիճակի կտրուկ փոփոխություն կամ հեղափոխական հարցերի լուծումն առաջանում է, երբ բոլոր միջոցները սպառվում են... Հիմա մենք ցույց կտանք, թե ինչ է նշանակում իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություններ, ինչը նպաստավոր է լինելու երկրի համար», ասաց` հիշելով ավելի վաղ բերած իր օրինակը, թե մեր օդանավը միթեւանի է, մի թեւով չի կարող թռչել, ՀՅԴ-ն ձեւավորում է երկրորդ թեւը, որ մեր ինքնաթիռը թռչի:

Հայաստանի իշխանությունը (այդ թվում` ՀՅԴ-ն) մեղավո՞ր է, որ Բարաք Օբաման չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Ռուստամյանը նկատեց, որ կոնգրեսականների մի մասը, որ հայկական բանաձեւերը պաշտպանում էր, ընդունել է, որ եթե եռակողմ համաձայնագիրը չլիներ, Օբաման մեծ դժվարություն պետք է ունենար «ցեղասպանություն» բառն ասելուց խուսափելու համար, իսկ այժմ նա կարողացավ «Մեծ եղեռն» հայերեն արտահայտությամբ խուսանավել, սակայն անգամ «Չափազանց Մեծ եղեռն» արտահայտությունը չունի «Ցեղասպանություն» բառի իրավական ուժը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4