ՀՅԴ-ի` կոալիցիան լքելու որոշմանը երեկ արձագանքեցին կոալիցիայի մնացյալ կուսակցությունները, որոնք, արձանագրելով Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ եւ հավատարիմ մնալով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի սկզբունքներին` երեկ հայտարարությամբ հաստատել են իրենց վճռականությունը դրանց իրականացման հարցում` հայտարարելով.
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվել եւ իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան, այս համատեքստում մենք կարեւորում ենք տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը, զարգացումը, ողջունել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»:
Ապա արդեն եռաթեւ կոալիցիան հարկ է համարել ընդգծել Հայաստանի իշխանությունների համոզմունքը, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի կարեւորությունը եւ սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքըՙ համոզմունք հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Դրական գնահատելով մեր համատեղ աշխատանքը Հայ հեղափոխական դաշնակցության հետ` կարեւորելով բազմակարծությունն իբրեւ արժեք` մենք հարգանքով ենք վերաբերվում Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումներին:
Կարծում ենք, որ հետայսու եւս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ եւ համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում»:
Հայտարարությունը ստորագրել են արդեն եռաթեւ կոալիցիայի մնացած երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
Մ. Խ.