«Դաշնակցությունը մեկ դար եւ ավելի պատմություն ունեցող կուսակցություն է, ունի իր մոտեցումները, եւ մենք ուղղակի հասկանալով ու հարգանքով ենք վերաբերվում նրանց` կոալիցիայից դուրս գալու որոշմանը», ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ երեկ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը :
Խ. Հարությունյանի կարծիքով, Դաշնակցության դուրս գալուց հետո կոալիցիան «միգուցե որակական առումով տուժի, բայց քանակական առումով չի տուժելու»: Նա նաեւ նշեց, որ վաղ է քննարկել Դաշնակցության զբաղեցրած պաշտոնները վերաբաշխելու հարցը:
Այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ի համար բավարա՞ր են ՀՅԴ` կոալիցիայից դուրս գալու հիմնավորումները, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ ինքը «ծանոթ չէ հիմնավորումներին եւ չի կարող մեկնաբանություններ անել»:
Այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահը նշեց, որ «Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի տեսնում»:
«Ի սկզբանե որդեգրված է քաղաքականություն, այն է` Թուրքիայի հետ կարգավորել մեր հարաբերությունները առանց նախապայմանների: Այս պահին նախապայմաններ չկան», ընդգծեց Խ. Հարությունյանը:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի ընտրելու իր սեփական սկզբունքները պաշտպանելու ու վերականգնելու ժամկետը, եղանակը եւ հաճախականությունը», ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ` կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու որոշումը որակելով որպես «մի փոքր ուշացած, բայց դրական եւ իրենց սկզբունքներին համապատասխանող քայլ»:
Վաղ համարելով որեւէ մեկնաբանություններ անել ՀՅԴ-ի հայտարարության վերաբերյալ` Ր. Հովհաննիսյանը կարեւորեց այն, թե «ի՞նչ է անելու հայ ժողովուրդն այս ճակատագրական ջրբաժանի ժամանակ»:
«Անհրաժեշտ է դուրս գալ այս կուսակցականացված վիճակից եւ հասկանալ, որ այսօր զոհասեղանի` համազգային նժարի վրա դրված է ոչ միայն մեր պատմական արժանապատվությունը, այլեւ մեր պետական ապագան: Անհրաժեշտ է, որ գործող իշխանությունները գաղտնազերծեն ինչպես մադրիդյան սկզբունքները, այնպես էլ «ճանապարհային քարտեզը»` Թուրքիայի հետ ընդունած համաձայնեցրած հիմքը», ընդգծեց Ր. Հովհաննիսյանը:
Հայտարարության գաղտնազերծումը, ըստ Ր. Հովհաննիսյանի, պետք է իրականացվի «այս շաբաթ, որպեսզի հարցի տերը` հայ ժողովուրդը, հասկանա, որ բանակցությունները վարվում են առանց նախապայմանների՞, թե՞ իրականությանն են համապատասխանում թուրքական մամուլի հրապարակումները»: Նրա կարծիքով, եթե Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, ապա Հայաստանն էլ պետք է ներկայացնի «հայ ժողովրդի նախապայմանները` կապված Ցեղասպանության ճանաչման, հատուցման, չլուծված հարցերի եւ տարածքների հետ»:
Ր. Հովհաննիսյանը հնարավոր համարեց ՀՅԴ-ի հետ համագործակցությունն ընդդիմադիր դաշտում, եթե գտնեն համագործակցության էական բանաձեւեր եւ ասաց` «բարով եկան»:
«Քաղաքական դաշտն այդպիսին է, որ միշտ էլ պետք է տեղատվություններ ունենա, եւ կարծում եմ, որ այս դեպքում երկրում կձեւավորվի կառուցողական մի ընդդիմություն, որի հետ հնարավոր կլինի բանավիճել եւ ավելի հմուտ ու կոնկրետ որոշումների անցնել», հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու որոշման վերաբերյալ:
Լրագրողների այն հարցին, թե այդպիսով կոալիցիան կորուստներ կունենա՞ եւ կթուլանա՞, Գ. Սահակյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ «կորուստներ բառն օգտագործելը սխալ էՙ այլ դաշտերում նույնպես խնդիրներ կլինեն, եւ Դաշնակցության հետ կկարողանան համագործակցել, ինչը չի կարող կորուստներ ենթավերնագիրն ունենալ»:
«Թուլանալու խնդիր չկա: Քաղաքական դաշտն ավելի կհզորանա, եւ քանի որ, վերջին հաշվով, այս համապետական ընտրություններից հետո չձեւավորվեց մեր երկրի համար անհրաժեշտ քաղաքական ընդդիմություն, կարծում եմ, որ ՀՅԴ-ն` որպես դասական կուսակցություն, ավելի կոռեկտ, ավելի նպատակային գործընթաց կունենա», մանրամասնեց Գ. Սահակյանն ու հավելեց, որ «պետության համար շատ անհրաժեշտ է ունենալ ե՛ւ ուժեղ ընդդիմություն, ե՛ւ ուժեղ իշխանություն»:
«Մենք գտնում ենք, որ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է փոխհարաբերություններ ունենա առանց որեւէ նախապայմանի, եւ դա որեւէ կերպ չի առնչվելու ոչ Ղարաբաղի հիմնախնդրին, ոչ էլ Ցեղասպանությանը, մանավանդ որ Ցեղասպանության հարցը ոչ թե ներքաղաքական քննարկում է, այլ ամբողջ աշխարհը մտահոգված է դրանով, եւ մենք որեւէ մտահոգություն չունենք Ղարաբաղի հարցը կապել դրա հետ», պարզաբանեց Գ. Սահակյանն ու խոստացավ «նորից լուսաբանել եւ հասարակությանը ներկայացնել հայտարարությունը»:
«Դեռեւս հայ-թուրքական դիվանագիտություն չի սկսվում, ընդամենը առաջին հիմքերն են դրվում: Մենք պնդում ենք, որ որեւէ նախապայմանի դեպքում, որեւէ փոխհարաբերություն չենք տեսնում Թուրքիայի հետ», բացատրեց Գ. Սահակյանն ու ավելացրեց, որ «ինչ վերաբերում է բարիդրացիական փոխհարաբերություններին, միայն ժամանակը ցույց կտա, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան ընդունի Ցեղասպանությունը»:
Հանրապետական խմբակցության ղեկավարը վաղ համարեց խոսել ՀՅԴ-ի զբաղեցրած պաշտոնները վերաբաշխելու հարցի մասին:
«Կոալիցիան Դաշնակցության դուրս գալուց հետո տուժելու է: Չէ՞ որ ինչքան մեծ ու միասնական լինի, այնքան ավելի ուժեղ է», հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Կոալիցիա չի նշանակում, որ բոլորս միեւնույն հարցերին միանման ենք անդրադառնում եւ միանման ենք որոշումներ կատարում: Եթե այսօր այս խնդիրն է առաջացել, մենք պետք է ազգովին որոշենք, թե ի՞նչն է օգուտ մեր ժողովրդի համար», մանրամասնեց Գ. Ծառուկյանը:
Անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական մամուլում հրապարակված սահմանի բացմանն առնչվող նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություններին, Գ. Ծառուկյանը դրանք «անհեթեթ» անվանեց` հիշեցնելով, որ «երկրի նախագահը բազմաթիվ անգամ ասել է, որ սահմանի բացումը լինելու է առանց նախապայմանների»:
«Ոչ մի նախապայման չկա: Սահմանը բացում են, բայց Ցեղասպանության ճանաչմանն այն չի խանգարում: Եթե որեւիցե նախապայման լինի, նույն քայլին կդիմի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», ընդգծեց Գ. Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահի կարծիքով` եթե «առանց նախապայմանի հնարավոր է, որ ճանապարհը բացվի, մենք պետք է համաձայնենք»: Միեւնույն ժամանակ Գ. Ծառուկյանը համոզված է, որ «սա խաղ է, եւ Թուրքիան առանց նախապայմանի սահմանը չի բացի»: Առանց նախապայմանների սահմանի բացման շուրջը ծավալված խաղը, ըստ Գ. Ծառուկյանի, «հօգուտ Հայաստանի է, քանի որ կօգնի Ցեղասպանության եւ ԼՂ Հանրապետության միջազգային ճանաչմանը»:
«Եթե մենք այդ հարցը լուծում ենք առանց նախապայմանների, մենք ոչինչ չենք կորցնում: Եթե մենք այսօր կարող ենք զբաղվել Ցեղասպանության ճանաչմամբ, եթե Ղարաբաղը կարող է միջազգային ճանաչում ունենա, դա միայն լավ է», բացատրեց Գ. Ծառուկյանն ու հավելեց, որ սահմանի բացմամբ թուրք հասարակությունը, ում «արգելված է արտասանել Ցեղասպանություն բառը, վերջապես հնարավորություն կունենա ճանաչելու ճշմարտությունը` իրենց պապերի կատարածը»:
Որպես ապացույց սահմանն առանց նախապայմանների բացելու իր համոզման` Գ. Ծառուկյանը նշեց, որ նպատակ ունի Ղարաբաղում մարզահամալիր կառուցելու եւ «երբեք ռիսկի չի ենթարկի 2 միլիոն դոլարը»:
ԲՀԿ ղեկավարը նաեւ անդրադարձավ այն կարծիքներին, թե ՀՅԴ-ն նման քայլի է դիմել Երեւանի ավագանու ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքելու համար: Գ. Ծառուկյանն անհիմն համարեց նման մոտեցումը, քանի որ, նրա խոսքերի համաձայն, Դաշնակցությունն ունի իր հիմնական ձայները` «դրանք պապական ձայներ են` 10-15 տոկոս»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ