Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջը կողմերի մտադրությունը, որ կարող է բերել, այսպես ասած, պատմական հաշտեցման, իհարկե, մի օրում չի ձեւավորվել: Ոչ էլ, թվում է, պայմանավորված է միայն Թուրքիայի եւ Հայաստանի ցանկությամբ: Դա հավանաբար ներգրավում է միջազգային քաղաքականության վերջին միտումներին, ինչն ամենամտահոգիչը պիտի լինի, քանզի պատմականորեն մեր ազգային ինքնագիտակցությունը թերահավատ է մեծ տերությունների նկատմամբ: «Ազգի» հետ զրույցում մասնավորապես ասել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ` տեսակետ արտահայտելով «Ճանապարհային քարտեզի» հետագա նշանակության առնչությամբ: Պատգամավորի կարծիքով, վերջին օրերի մեկնաբանություններում հենց այդ զգուշավորությունն է գերիշխում, ինչը զուտ հոգեբանական իմաստով արդարացվում է: Այդուհանդերձ, գտնում է նա, չպետք է անտեսել, որ խոսքը ոչ թե կատարված փաստի, այլ ինչ-որ հանգրվանի հասնելու մտադրության մասին է: «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը շատ հարցերի պատասխանը կտա` ի՞նչ են անելու կողմերը գալիք ամիսներին եւ` ի՞նչ հաջորդականությամբ:
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարն արցախցի խորհրդարանականը ուղղակիորեն չի պայմանավորում ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հաջողությամբ: Թուրքական կողմը, չնայած մի շարք հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղի հարցում իր անմիջական շահագրգռվածությունը տվյալ պահին չի առաջադրել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման: Եթե այդպես չլիներ, ապա թուրքական մամուլը չէր զլանա եւ «տեղեկատվական արտահոսք» կտար: Իր այս կարծիքը Վահրամ Աթանեսյանը հիմնավորում է Թուրքիայի վարչապետի Բաքու կատարելիք այցով, որից հետո նախատեսվում է այց նաեւ Մոսկվա: Հատկապես վերջին հանգամանքը, ըստ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, թերեւս վկայում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ անկեղծորեն շահագրգռված է նաեւ Ռուսաստանը:
Տպավորություն կա, թե Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Ռուսաստանը տվյալ հարցում սկզբունքորեն խոր տարաձայնություններ եւ դիվանագիտական տարընթերցումներ չեն անում գոնե այս պահին: Դրանով, կարծես, ընդգծվում է Հայաստանի համար Հարավային Կովկասում նոր դերակատարություն ստանձնելու հեռանկարը: Ասվածին ի հավելում` Վահրամ Աթանեսյանը միաժամանակ գտնում է, որ եթե նշված բեւեռների միջեւ իրոք ձեւավորվում է կոնսենսուս, ապա հնարավոր է դա տրանսֆորմացվի նաեւ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերում: Իսկ դա կենթադրի, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն արագացնելու փորձեր արվելու են: Եվ, հավանաբար, դա փորձելու են շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մտադրություններին:
«Ազգի» այն հարցին, թե ստեղծված իրավիճակում արդյոք անհրաժե՞շտ է դառնում ղարաբաղյան կողմի մարտավարության թարմացումը, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Ըստ էության, երեւի թե ժամանակն է, որ ԼՂՀ իշխանությունները, քաղաքական ուժերը եւ հանրային շրջանակները մեկ անգամ եւս ճշտորոշեն առաջիկայի մարտավարությունն ու ռազմավարությունը: Ինձ թվում է, որ մեր լավագույն կանխատեսումները, որ ղարաբաղյան խնդիրը շատ բարդ միջազգային հարց է եւ արագացված լուծում այստեղ չի կարող լինել, սրբագրության կարիք ունի: Սա անհատական զգացողություն է, եւ շատ կուզենայի սխալված լինեի, բայց ամեն դեպքում, կարծես թե, իրականությունն ավելի բազմաշերտ է, քան որեւէ վերլուծաբանական կանխատեսում»:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ