Այս տարվա հունվար-մարտին առաջին 300 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում էական փոփոխություններ են կատարվել, ինչը նախ եւ առաջ պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով եւ Հայաստանի վրա նրա ունեցած ազդեցությամբ: Առաջին անգամ այդ ցանկը գլխավորում է «Ալեքս գրիգ» ընկերությունը 3,5 մլրդ դրամ վճարած հարկերով: Սա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է, որն իրականացնում է խոշոր եւ մեծ մասամբ մենաշնորհային ներկրումներ, ինչպես նաեւ նրա մեջ ընդգրկված են «Երեւան սիթի» սուպերմարկետներն ու այլ առեւտրային օբյեկտներ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս եւ նրա փաստացի նախորդ «Սալեքս գրուպը» միասին վերցրած վճարել էին մոտ 2 մլրդ դրամ:
Երկրորդ տեղում «Հայռուսգազարդն է»ՙ 3,3 մլրդ դրամ վճարներով, ինչն ավելի քան կրկնակի նվազ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի վճարումներից: Երրորդը «Արմենտելն» էՙ 2,8 մլրդ դրամ վճարած հարկերով: 2008-ի հունվար-մարտին այս ընկերությունը վճարել էր մոտ 800 մլն դրամով ավելի հարկեր: Չորրորդը վառելիք ներկրող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 2,2 մլրդ դրամ, որի հարկային վճարումները, սպառման ծավալների եւ գների կտրուկ անկման պարագայում նվազել են անհամեմատ փոքր չափովՙ 200 մլն դրամով:
Վերջին մեկ տարվա ընթացքում 300-ի ցանկի անվիճելի առաջատար «Ղ-Տելեկոմը» (ՄՏՍ-«Վիվասելը») հայտնվել է 5-րդ տեղում 2 մլրդ դրամ հարկային վճարումներով: «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերը նախորդ տարվա առաջին եռամսյակում կազմել էին 6,8 մլրդ դրամ: Ճգնաժամի ազդեցությունը այս ընկերության վրա, փաստորեն, ամենանկատելիներից է եղել: Վառելիք ներկրող մյուս խոշոր ընկերությանՙ «Քաղպետրոլսերվիսի» ցուցանիշն է 1,8 մլրդ դրամ կամ շուրջ 500 մլն դրամով պակաս նախորդ տարվա համեմատ: Այս ընկերությունը 6-րդն է ցանկում: 7-րդը «Վիդիս դիստրիբյուշսն» է, որը ծխախոտի ներմուծմամբ է զբաղվում եւ վճարել է 1,2 մլրդ դրամ: Գրեթե այդքան էր նախորդ տարի վճարել նույն ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Պարես-Արմենիա» ընկերությունը:
8-րդ եւ 9-րդ տեղերը զբաղեցնում են «Գրանդ հոլդինգի» երկու ընկերություններըՙ «Գրանդ տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»ՙ 1,2 մլրդ դրամ եւ 1 մլրդ դրամ վճարած հարկերով: Այս ընկերությունների վճարած հարկերը միասին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել են մոտ 300 մլն դրամով: Առաջին տասնյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը վճարել է մոտ 1 մլրդ դրամ հարկեր: 2008-ի հունվար-մարտի համեմատ այս ընկերությունը ավելի քան կրկնակիՙ 1,1 մլրդ դրամով պակաս է հարկեր վճարել:
Ֆինանսատնտեսական ճգնաժամից առավել տուժած հանքարդյունաբերության եւ մետաղամշակման ձեռնարկությունները հարկային վճարումների ամենակտրուկ անկումն են արձանագրել: Այսպեսՙ «Մաքուր երկաթի գործարանը», անցյալ տարվա առաջին եռամսյակում վճարել էր 900 մլն դրամ, այժմՙ մոտ 300 մլն դրամ: Տարիներ շարունակ երկրի թիվ 1 խոշոր հարկատունՙ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս անգամ ցանկում զբաղեցնում է միայն 45-րդ տեղըՙ 279 մլն դրամ վճարումներով: Մինչդեռ անցյալ տարվա նույն ընթացքում կոմբինատը վճարել էր ավելի քան 10 անգամ շատ հարկերՙ 3 մլրդ դրամ: Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնին» (լեռնահարստացուցիչ ֆաբրիկան) այս անգամ վճարել է 407 մլն դրամ եւ 22-րդն է: Նրա հարկային վճարումները եւս որոշ չափով նվազել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 455 մլն դրամի համեմատ: Ագարակի պղնձամոլիբդենայինն ընդհանրապես չկա այս ցանկում, քանի որ այնտեղ արտադրությունն ըստ էության դադարեցված է, իսկ անցյալ տարի նրա վճարումները 655 մլն դրամ էին կազմել: Ցանկից բացակայում է նաեւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը», որի հարկային վճարումները 2008-ի առաջին եռամսյակում 243 մլն դրամ էին կազմում: Ալավերդու «Արմենիան քափր փրոգրամը» այս անգամ 138-րդն էՙ 96 մլն դրամով, իսկ անցյալ տարի 122-րդըՙ 120 մլն դրամով:
Բանկերից այս ցանկում առավել մեծ վճարումներ կատարած հնգյակը հետեւյալն էՙ «ՎՏԲ Հայաստան բանկ»ՙ 17-րդ տեղ եւ 464 մլն դրամ, «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»ՙ 18-րդ տեղ եւ 459 մլն դրամ, «Յունիբանկ»ՙ 21-րդ տեղ եւ 431 մլն դրամ, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկ» 24-րդ տեղ եւ 400 մլն դրամ եւ «Արդշինինվետսբանկ»ՙ 33-րդ տեղ եւ 338 մլն դրամ: Ընդ որում առաջին երեքի հարկային վճարումները նախորդ տարվա համեմատ ավելացել են, իսկ վերջին երկուսինըՙ նվազել: Մնացած բանկերն առաջատար հնգյակից զգալիորեն հետ են մնացել:
Սննդամթերք եւ զանգվածային սպառման ապրանքներ ներմուծող ընկերությունների մի մասիՙ «Սարգիս-Կարոլինա», «Դերժավա-Ս», «Վալետտա», «Քեթրին գրուպ», «Սլավ գրուպ» վճարումները նվազել են: Կան նաեւ հարկերի վճարումն ավելացրած ներմուծող ընկերություններ:
Շինանյութերի արտադրության ոլորտում երկու խոշոր ձեռնարկություններից «Արարատցեմենտն» ընդհանրապես բացակայում է ցանկից, իսկ «Միկացեմենտը» 128-րդն էՙ 104 մլն դրամով: Անցյալ տարվա առաջին եռամսյակում «Արարատցեմենտը» 77-րդն էր 191 մլն դրամով, իսկ «Միկա ցեմենտը» 190-րդըՙ 81 մլն դրամով:
Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ զգալիորենՙ որոշ դեպքերում մինչեւ 2-3 անգամ, նվազել են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների հարկային վճարումները:
Հետաքրքրական են տոնավաճառների վճարած հարկերի ցուցանիշները: «Ռաֆայել Տաթեւ»ՙ 93-րդ տեղ եւ 132 մլն դրամ, «Փեթակ»ՙ 159-րդ տեղ եւ 84 մլն դրամ, «Նարեկ»ՙ 166-րդ տեղ եւ 80 մլն դրամ, «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն»ՙ 216-րդ տեղ եւ 63 մլն դրամ, «Հայաստան առեւտրի կենտրոն-Հայրապետյան եղբայրներ»ՙ 278-րդ տեղ եւ 50 մլն դրամ, «Վաղարշ եւ որդիներ»ՙ 282-րդ տեղ եւ 48 մլն դրամ: Դրանցից գրեթե բոլորի հարկային վճարումները ավելացել են, բացառությամբ «Ռաֆայել Տաթեւի» (Մալաթիայի տոնավաճառ), որտեղ հարկային վճարումների չափը գրեթե նույնն է մնացել:
Փաստորեն, ճգնաժամը ուժեղ հարվածներ է հասցրել մեր տնտեսության մյուս ոլորտներին, ինչն արտացոլվել է արտադրող, ներմուծող, էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական, շինարարական եւ այլ կազմակերպությունների հարկային վճարների վրա, բայց այդ նույն ճգնաժամի պայմաններում տոնավաճառների վճարած հարկերն անգամ ավելացել են: Ինչի՞ մասին է սա խոսում: Այն, ինչ պնդում էինք մեր թերթում վերջին 9-10 տարիների ընթացքումՙ տոնավաճառներում ստվերի ահռելի ծավալներ կան եւ դրանց շրջանառությունը պետք է երեւան հանել հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Տոնավաճառների մի մասում դրանք արդեն մասնակիորեն կիրառվում են եւ անգամ այդ մասնակի կիրառմամբ հարկային վճարներն ավելացել են: Իսկ, օրինակ, Մալաթիայի տոնավաճառում դրանք չկան եւ զարմանալի չէ, որ այստեղ հարկային վճարումները չեն ավելացել, անգամ 2 մլն դրամով նվազել են:
300 խոշոր հարկատուների ցանկում այս անգամ ակնառու էին ոչ միայն նրանում մշտական ընդգրկվածների վճարումների էական փոփոխությունները, այլեւ նախկինում ընդգրկվածներից ոմանց բացակայությունը եւ նորերի առկայությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ