«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


«ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՂՋԱՄԻՏ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ»

Համանախագահները չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, բայց հեռախոսով զրուցել են Բակո Սահակյանի հետ

Միջնորդները մեկնաբանում են նաեւ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»

Մոտ մեկ շաբաթ` ապրիլի 21-27-ը, Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացնելուց եւ երկու երկրների ղեկավարության հետ հանդիպումներից հետո ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Երեւանից հեռացան ղարաբաղյան կարգավորման «առաջընթացի ողջամիտ հույսերով»: Նրանք նաեւ ընդգծեցին, որ առաջընթացը կախված է նախ եւ առաջ երկու նախագահներից` Սերժ Սարգսյանից եւ Իլհամ Ալիեւից:

Համանախագահները մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ եղել են Երեւանում, մեկ անգամ` Բաքվում, սակայն, ինչպես հավաստեց ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասիեն` «բացառապես եղանակային վատ պայմանների պատճառով չեղանք Ղարաբաղում»: Փոխարենը` բոլոր համանախագահներն էլ հեռախոսով առանձին զրուցել են նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ֆասիեն ասաց, որ նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը իրենց համաձայնությունն են տվել մայիսի 7-ին հանդիպելու Պրահայում: Սա լինելու է նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի չորրորդ հանդիպումը: Նախորդները կայացել են 2008-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում, նոյեմբերին` Մոսկվայում եւ 2009-ի հունվարին` Ցյուրիխում:

Ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան կրկնեց իր ղեկավարի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ մեկ շաբաթ առաջ ասված խոսքերը, որ առաջիկա մի քանի ամիսներին հնարավոր է ղարաբաղյան կարգավորում: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը եւս լավատես էր, բայց ավելի զուսպ ու չափավոր` ինչպես միշտ: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ստվերվել էր հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» պատճառով, կարծես կրկին ակտիվանում է: Ապրիլի 16-17-ին Մոսկվա այցելեց Ալիեւը` բանակցելու Ռուսաստանի նախագահի հետ: Հանդիպումից հետո Դմիտրի Մեդվեդեւը ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը շատ բարդ, բայց լուծելի հակամարտություն է: Բայց առավել ուշագրավը Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության առաջնորդի այն հայտարարությունն էր, որ «ղարաբաղյան խնդիրը կարգավորելու հեռանկարներ կան, պետք է նախ եւ առաջ հիմնվել միջազգային իրավունքի նորմերի եւ փաստաթղթերի վրա, որ ընդունվել են ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում»:

Տարիների դադարից հետո Ռուսաստանը վերհիշում է 1993-ին ընդունված բանաձեւերը, որոնք ընդամենը արտահայտում էին ռազմի դաշտում ստեղծված ռազմական իրադրությունը` այն օրվա «ստատուս քվոն»: Այդ չորս բանաձեւերը ընդունվել են 1993-ի ապրիլից նոյեմբեր հատվածում, այն ժամանակ, երբ ղարաբաղյան ուժերը մեկը մյուսի հետեւից լռեցնում էին հակառակորդի կրակակետերը եւ զբաղեցնում Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ղուբաթլուի, Ջեբրայիլի եւ Զանգելանի շրջանները:

Կարեւորը ոչ այնքան այդ չորս բանաձեւերի բովանդակությունն է, որքան Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը: Ադրբեջանը միակողմանիորեն ընդունելի է համարում այդ բանաձեւերի իրականացումը, քանի որ այդ դեպքում ղարաբաղյան ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղը շրջապատող բոլոր շրջաններից, բացի Լաչինից: Այսինքն` Մոսկվան այս հարցում միակողմանիորեն պաշտպանում է Բաքվին: Առնվազն վերջին տասը տարիներին Մոսկվայի դիրքորոշումը այդքան ադրբեջանանպաստ չէր, ինչպես այսօր: Ռուսաստանի նախկին կեցվածքը` «Մեզ համար ընդունելի է կարգավորման այն տարբերակը, որի շուրջը համաձայնության կգան Հայաստանն ու Ադրբեջանը», շատ ավելի անկողմնակալ էր եւ դիվանագիտական տեսանկյունից հավասարակշռված:

Ռուսական «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիեւը ասել էր, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կարող են ցամաքային կապ ունենալ Լաչինի միջանցքով` շեշտելով նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, երբ «իրենց բնակավայրեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ, վերադառնան փախստականները»:

Ռուսական լրատվամիջոցները ուշադրություն դարձրեցին Ալիեւի այն հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են բնական գազի առաքումների հարցում, եւ Ադրբեջանը իր հավելյալ «երկնագույն վառելիքը» պատրաստ է վաճառել Ռուսաստանին: Սա շատ կարեւոր հայտարարություն է եւ առաջին հայացքից թվում է, թե որեւէ կապ չունի ղարաբաղյան կարգավորման եւ այդ հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ: Սակայն եթե իրոք Ադրբեջանը իր հավելյալ գազը վաճառի հենց Ռուսաստանին, ապա դա հարցականի տակ կդնի Ռուսաստանը շրջանցող «Նաբուկկո» գազատարի կառուցման հավանականությունը: Ապագայում կառուցվելիք այդ գազատարը, որը պետք է ադրբեջանական, թուրքմենական, միգուցե նաեւ իրանական գազը Թուրքիայի տարածքով հասցնի Եվրոպա, հովանավորվում է հենց Եվրոպայի կողմից` որպես նաեւ այլընտրանք ռուսական գազին: Բնական է, եթե Ադրբեջանը չմասնակցի այդ գազատարի աշխատանքներին, ինչի մասին Ալիեւը հրապարակավ ակնարկեց Մոսկվայում, ապա Ադրբեջանը իր «լավության դիմաց» պիտի որ ակնկալի «համապատասխան լավություն»: Եվ նույնքան բնական է, որ գազի հարցում Ռուսաստանին կատարած զիջումների դիմաց Ադրբեջանը Մոսկվայից ակնկալում է աջակցություն հենց Ղարաբաղի հարցում:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի մասին թերեւս կարելի է խոսել առաջիկա ամիսներին, երբ կայանան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախատեսված երկու հանդիպումները` մայիսի 7-ին Պրահայում եւ հունիսի առաջին տասնօրյակում Սանկտ Պետերբուրգում:

Ապրիլի 23-ին մեկօրյա աշխատանքային այցով Մոսկվա մեկնեց Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ տարիներ ի վեր ադրբեջանական կողմը շարունակ խոսում էր միայն տարածքային ամբողջականության կամ հարցի ռազմական լուծման մասին: «Եվ ես, անշուշտ, ուրախ եմ, որ Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած աշխատանքային այցի արդյունքում նրա շուրթերից հնչեցին բառեր միջազգային իրավունքի սկզբունքների մասին: Անշուշտ, ես ուրախ եմ, որ Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ հաստատեց իր այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքների բոլոր սկզբունքների հիման վրա: Մենք դրան էինք ձգտում, մենք դրան համաձայն ենք: Նշանակում է` հնարավորություն է ստեղծվել առաջընթաց գրանցելու հարցի լուծման մեջ», ասել է նախագահ Սարգսյանը:

Ապրիլի 12-ին Թեհրանում` տեղի հայության հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Բաքվին: «Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական եւ ո՛չ էլ բարոյական հիմք: Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները», ասել էր նախագահ Սարգսյանը:

Հիշեցնենք նաեւ, որ վերջին տարիներին Երեւանն ու Բաքուն, առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, բանակցում են մի փաստաթղթի հիմքով, որը կրում է մադրիդյան անունը եւ Հայաստանին ու Ադրբեջանին է փոխանցվել 2007-ի նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաքում: Այդ փաստաթղթի հիմնական մեխը հետեւյալն է. Լեռնային Ղարաբաղում անորոշ ապագայում հանրաքվե (կամ ժողովրդական հարցում` պլեբիսցիտ) անցկացնելու խոստման դիմաց հայկական ուժերը հեռանում են այն տարածքներից, որ հայերն անվանում են ազատագրված հողեր կամ անվտանգության գոտի:

«Մադրիդյան սկզբունքները մնում են բանակցային սեղանին: Մենք եւ նախագահները շարունակում ենք դրանք քննարկել: Պրահայի հանդիպումը բնականաբար կկայանա այդ առաջարկությունների մի շարք կետերի շուրջը», ասաց Ֆասիեն:

Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»

Վերջին ամիսներին տպավորություն էր ստեղծվել, թե Անկարան այլեւս հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցը միմյանց հետ չի կապում, սակայն անցած մեկ ամսվա ընթացքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորս անգամ հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման (հասկանալի է, թե թուրքերի համար որն է կարգավորումը) Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն ավելի փափուկ հայտարարություններ է անում (ինչը պետք է համարել թուրքական դիվանագիտության նրբություններից մեկը), ապրիլի 16-ին Երեւանում նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո` վերադառնալով Անկարա, հայտարարեց, որ թուրք-հայկական բանակցությունները պետք է ընթանան ղարաբաղյան կարգավորման գործընթացին զուգահեռ:

Երեւանը նախագահ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շուրթերով պնդում է, որ հայ-թուրքական բանակցություններում չի քննարկվում ո՛չ Ղարաբաղի եւ ո՛չ էլ Հայոց ցեղասպանության հարցը: Բայց Հայաստանի ղեկավարությունը դեռեւս չի ասում, թե ինչ հարցեր են հայ-թուրքական օրակարգում:

Համանախագահների մանդատի մեջ չեն մտնում հայ-թուրքական հարաբերությունները, սակայն երեք դիվանագետներն էլ, տարբեր առումներով, անդրադարձան այդ խնդրին:

«Մենք միշտ կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի համար օգտակար զարգացում կլինի: Մենք կարծում ենք, որ երկու գործընթացները (ղարաբաղյան կարգավորում եւ հայ-թուրքական երկխոսություն) առաջ կընթանան առանձին, միմյանց զուգահեռ, միգուցե արագությունը տարբեր կլինի», ասաց Բրայզան:

Նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները «վաղուց պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցումը առանց նախապայմանների»: «Հարաբերությունների կարգավորման համար մշակվել է շրջանակային փաստաթուղթ` «ճանապարհային քարտեզ»: Շրջանակային փաստաթղթում ներկայացվում են կարգավորման փիլիսոփայությունը եւ այն քայլերը, որ պետք է ձեռնարկվեն: Ես ենթադրում եմ, որ «ճանապարհային քարտեզը» նախանշում է այն հերթականությունը, որով այդ քայլերը պիտի իրականացվեն», ասաց ամերիկյան համանախագահը, որը հայ-թուրքական հարաբերությունների մասին Բաքվում խոսել է Ալիեւի հետ, սակայն խուսափեց մանրամասնել Ադրբեջանի կեցվածքը:

Ֆասիեն, ինչպես եւ Բրայզան, ասաց, որ չի տիրապետում «ճանապարհային քարտեզի» մանրամասներին: Մյուս կողմից, ֆրանսիացի միջնորդը հայտարարեց, որ «այդ հայտարարությունը (ապրիլի 22-ի) նախանշում է մի գործընթացի սկիզբ, որի համար դեռեւս երկար ժամանակ կպահանջվի»:

Ռուս համանախագահին հարց ուղղվեց` հայ-թուրքական սահմանի բացումից հետո մոտավորապես որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ ռուսական սահմանապահները եւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերվեն Հայաստանից: Մերզլյակովը պատասխանեց. «Որքան ինձ է հայտնի, ռազմական ներկայության դուրսբերման մասին մեր կողմից խոսակցություն չի գնում»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Արմենիան ռիփորթերի» մեկնաբան «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4