«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2009-04-25 | #76, 2009-04-28 | #77, 2009-04-29


ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 11-րդ տուրի հանդիպումներն էլ էական փոփոխություններ չմտցրին առաջատարների շարքերում: Սեւերով ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Ռուստամ Կասիմջանովի հետ, Լեւոն Արոնյանը 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան կես միավորով է զիջում հունգարացի Պետեր Լեկոն, որը Էլյանովի հետ պարտիայում հաշտություն կնքեց: Ի դեպ, Լեկոյի հետ Արոնյանը սպիտակներով խաղալու է ավարտականՙ 13-րդ տուրում: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պարտիան էլ կորոշի հաղթողին: Իսկ մինչ այդ, 12-րդ տուրում Արոնյանը սեւերով խաղալու է Գատա Կամսկու հետ:

Առաջատարներին կրնկակոխ հետապնդում են Վլադիմիր Հակոբյանը, Եվգենի Ալեքսեեւն ու Էթիեն Բաքրոն, որոնք ունեն 6 միավոր: Ավարտական երկու տուրերում հաջող մրցելույթների դեպքում այս եռյակից յուրաքանչյուրը եւս կարող է հավակնել գլխավոր մրցանակին: Բացի այդ, շախմատիստը որքան բարձր տեղ զբաղեցնի, այնքան Գրան պրիի հաշվարկով ավելի շատ միավորներ կստանա: Ուստի յուրաքանչյուր կես միավորը մրցաշարում մեծ նշանակություն ունի: Գուցե դա է պատճառը, որ մասնակիցներից շատերը ռիսկի չեն դիմում եւ պարտիաներն ավարտում են ոչ-ոքի: Հերթական խաղաղ պարտիան ավարտեց նաեւ Հակոբյանըՙ միավորը կիսելով Պյոտր Սվիդլերի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Ալեքսեեւ-Կամսկի պարտիան:

Վերջապես հաղթանակ տարավ Վասիլի Իվանչուկըՙ առավելության հասնելով Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Բաքրոն պարտության մատնեց Կարյակինին, Գելֆանդը հաղթեց Մամեդյարովին:

Վերջին 2 տուրերում Վլադիմիր Հակոբյանը խաղալու է Գելֆանդի եւ Էլյանովի հետ: Երկուսն էլ մրցաշարում այնքան էլ հաջող հանդես չեն գալիս: Նրանք վաստակել են 5-ական միավոր եւ ընդամենը կես միավորով են գերազանցում աղյուսակը եզրափակող Վասիլի Իվանչուկին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4